Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ղազարյանների ընտանիքի 30 տարվա երազանքն իրականություն դարձավ
18.08.2020
Երկրաշարժի հետևանքով անօթևան դարձած ընտանիքների՝ բնակարանով ապահովման հարցը կառավարության ու մարզպետարանի օրակարգում է:
Այսօր Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Արմեն Ղուլարյանի, «Ֆուլեր տնաշինական կենտրոն» ԲՀԿ-ի նախագահ Աշոտ Եղիազարյանի անմիջական մասնակցությամբ տրվեց Ղազարյանների տան շինարարության մեկնարկը:
Հիշեցնենք՝ դեռևս 2020թվականի հունիսի 3-ին Լոռու մարզպետի և «Ֆուլեր տնաշինական կենտրոն» բարեգործական հասարակական կազմակերպության նախագահի միջև կնքվել էր ծրագրի շահառու ընտանիքների համար բնակարանների կառուցման պայմանագիր: Թվով 153 շահառու ընտանիքներից 107 ընտանիքի հետ պայմանագրերն արդեն կնքվել են, սկսվել է բնակելի տների կառուցումը, մյուս շահառու ընտանիքների հետ կատարվում է փաստաթղթերի ճշտում և հավաքագրում:
Մարզի ղեկավարն ուրախությամբ թվում է մինչ այժմ հաջողությամբ իրականացված ծրագրերը, որոնք կարողացել են կյանքի կոչել, և շեշտում՝ աննկարագրելի են այն զգացողությունները, որոնք երկրաշարժի հետևանքով անօթևան դարձածների հետ ամեն անգամ վերապրում են յուրաքանչյուր նոր բնակարանի դուռը բացելիս կամ տան շինարարության հիմքը գցելիս:
Այսօր այդ օրերից մեկն էր' Ջրաշեն համայնքի բնակիչ Հրայր Ղազարյանի ընտանիքի համար: Ընտանիքի անդամների հետ միասին մի խումբ պաշտոնատար անձինք ձեռնամուխ եղան շինարարության ընթացքը համատեղ ուժերով ակտիվացնելու գործին:
Հ. Ղազարյանի 11 հոգուց բաղկացած ընտանիքը տարիներ շարունակ ապրել է վթարային տանը: Ասում է՝ այսօրվան սպասել է 32 տարի: Բազմիցս դիմել է տարբեր կառույցների, ի վերջո, հույսերը արդարացել են. հիմա 5 սենյականոց տան շահառու է: Ընտանիքի հայրը նշում է. ամենակարևորը՝ տան հիմքը ամուր լինի, 4 անչափահաս թոռնիկներին էլ կարողանա մեծացնել բարվոք պայմաններում:
-Պետությունն իր որդեգրած քաղաքականությանը հավատարիմ մնալով, շարունակելու է աղետի գոտու բնակապահովման ծրագիրը:Այս ծրագրով լուծվում է աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան դարձած այն ընտանիքների խնդիրը, որոնց նկատմամբ պետությունը պարտավորություն ուներ, բայց երկար ժամանակ այդ պարտավորությունը չէր կատարում,-նշում է մարզպետը: