Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Լոռու մարզպետն այցելեց Սպիտակի «Ագրոհոլդինգ» ՍՊԸ
14.08.2020
Սպիտակի տարածաշրջանում գտնվող «Ագրոհոլդինգն» զբաղվում է տոհմային անասնաբուծությամբ և կաթնամթերքի արտադրությամբ։ Ընկերությունը շուկայում է արդեն շուրջ 30 տարի, և տեսակով դեռևս միակը՝ Լոռու մարզում:
Այսօր մարզի ղեկավարը շրջեց տնտեսության ողջ տարածքում, ծանոթացավ ընկերության գործունեությանն ու զրուցեց աշխատակիցների հետ. Հանդիպման ընթացքում պարզ դարձավ՝ մի շարք խնդիրներ կան, որոնց լուծման հարցում «Ագրոհոլդինգի» տնօրինությունը մարզի ղեկավարի աջակցությունն է ակնկալում:
Ընկերության համահիմնադիր Արմեն Խեչոյանն ասում է՝ ոգևորիչ ու հուսադրող է այն հանգամանքը, որ մարզային իշխանությունը հետաքրքրվում է իրենց հոգսերով:
Անդրեյ Ղուկասյանը խոստացավ՝ ընկերությանը հուզող հարցերը մանրամասն կուսումնասիրվեն, մարզպետարանն էլ միջնորդ կհանդիսանա, որպեսզի կառավարությունը հնարավորության դեպքում աջակցություն ցուցաբերի:
Տնտեսությունն ունի շուրջ 380 գլուխ խոշոր եղջերավոր կենդանի,որոնցից ավելի քան 200-ը կաթնատու են: Այստեղ բուծում են Հոլշթին, Շվից, Սիմենթալ և այլ ցեղատեսակների կենդանիներ: Յուրաքանչյուր կենդանու մեկ օրվա կերաբաժինը կազմում է 40-47 կգ, իսկ կաթնատվությունը տարվա ընթացքում 7.500-10.000 լիտր է: Ստացված բարձրակարգ կաթի 1լիտրի արժեքը տատանվում է 160-ից 240 դրամի սահմանում՝ ավելացված արժեքի հարկը ներառյալ:
«Ագրոհոլդինգն» իրականացնում է նաև սեփական կերարտադրություն. ստանում են համակցված կեր և մեխանիզացված տարբերակով կերակրում կենդանիներին: