Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը և Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը հետևել են մարզի ճանապարհաշինական աշխատանքներին

27.07.2020

 Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը և Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը հետևել են մարզում ընթացող ճանապարհաշինական ծրագրերի ընթացքին:
Վանաձորում նրանք ծանոթացել են Վանաձոր-Բազում 2,5կմ ճանապարհահատվածում կատարված հիմնանորոգման աշխատանքների ընթացքին։ Աշխատանքներն այստեղ ավարտական փուլում են. ճանապարհին կատարվել է եռաշերտ ասֆալտբետոնե ծածկի տեղադրում, կառուցվել են մայթեր, որոնք նախկինում չեն եղել: Նախատեսվում են գծանշման, անվտանգության տարրերի տեղադրման և ջրահեռացման համակարգերի անցկացման աշխատանքներ: Ճանապարհի հետագա պահպանման և շահագործման տեսանկյունից կարևորվել է ջրահեռացման համակարգերի առկայությունը: Վանաձոր-Բազում 2,5կմ ճանապարհահատվածը վերանորոգվում է պետբյուջեի միջոցներով:
Ներկայում Մ6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակում մարզում ընթանում են լայնածավալ ճանապարհաշինական աշխատանքներ:
Մ6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի Քոբայրի հատվածում նրանք շինարարություն իրականացնող կազմակերպության, տեխնիկական հսկողություն կատարող ընկերության թիմի անդամների հետ տեղում քննարկել են կամրջի և հենապատի նախագծի և դրանց կառուցման տարբերակներին վերաբերող հարցեր: Այստեղ որոշակի խնդիրներ էին առաջացել` կապված ենթակառուցվածքների‚ հենապատերի կառուցման‚ որոշ հատվածների նախագծերի փոփոխության հետ:
Լոտ 1-ի Քոբայր-Ալավերդի հատվածում, որտեղ կատարվում են ճանապարհի լայնացման աշխատանքներ, պատասխանատուները ծանոթացրել են կատարվող շինաշխատանքների ընթացքին։ Ճանապարհի լայնացման համար այս հատվածում իրականացվել են ժայռապայթեցման աշխատանքներ:
Այցի շրջանակում պատասխանատուների հետ վերանորոգվող հատվածներում քննարկումներ են տարվել Օձունի խաչմերուկ-Ալավերդի ճանապարհի կառուցման նախագծային լուծումների շուրջ:
Մ6 ճանապարհի Ալավերդի-Հաղպատ հատվածի դիտարկման ընթացքում ևս վերհանվել են շինարարության ընթացքում հիմնականում ճանապարհի լայնացման, ջրահեռացման համակարգի անցկացման պատճառով ի հայտ եկած խնդիրները: Պատասխանատուների հետ քննարկվել են դրանց լուծման տարբերակները, նախարարը հորդորել է նախագծային փոփոխությունները կատարել սեղմ ժամկետներում և նոր թափ հաղորդել կենսական նշանակության մայրուղու հիմնանորոգմանը:
Մ6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի հիմնական նպատակն է հիմնանորոգել և վերակառուցել Հայաստանի Հանրապետությունը Վրաստանի հետ կապող Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման շուրջ 90կմ ընդհանուր երկարությամբ միջպետական ճանապարհը: Այս պահին ընթանում են ծրագրի 2-րդ փուլի (Թումանյան-Բագրատաշենի մաքսային անցակետ, 51,74կմ) աշխատանքները, որը ֆինանսավորվում է ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի կողմից:
Այնուհետև նախարարը և մարզպետը եղել են Լոռի Բերդ-Լեջան ճանապարհահատվածում, որտեղ իրականացվում են ջրահեռացման համակարգի կառուցման աշխատանքներ, 3,5 կմ ճանապարհի վրա կատարվում են ասֆալտապատման աշխատանքներ: Հիմնանորոգման պայմանագրային գումարը կազմում է 271 մլն 945 հազար 860,00 դրամ:
Նրանք հետևել են նաև Ուռուտ-Սվերդլով-Պրիվոլնոյե և Տաշիր-Բլագոդարնոյե 10 կմ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին: Տաշիր-Բլագոդարնոյե ավտոճանապարհի հիմնանորոգման պայմանագրային արժեքը կազմում է 1 մլրդ 6 մլն 800 000 դրամ, աշխատանքներն այստեղ իրականացնում է <<Ճանապարհ>> ՍՊ ընկերությունը:
Ճանապարհի բարեկարգումը հնարավորություն կտա Հյուսիսային մաքսատան աշխատանքի դեպքում բեռնաթափել Սպիտակի ճանապարհի ծանրաբեռնվածությունը:
Կապալառու ընկերությունների հետ քննարկվել են աշխատանքների իրականացման ժամանակացույցի, որակի վերահսկման հետ կապված հարցեր:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-16 13:13:38