Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ա. Ղուկասյան. Ես, որպես մարզպետ, որոշ համայնքներ պաշտպանում եմ համայնքապետերից

24.07.2020

Մարզի ղեկավարի այցի նպատակը Ալավերդի խոշորացված համայնքի Ալավերդի բնակավայր դեռևս նախորդ տարի մեկնարկած և այդպես էլ ավարտին չհասցված միակ ծրագրի ընթացքին հետևելն էր: Այս անգամ ևս տպավորությունները հուսադրող չէին:
2019թ. սուբվենցիոն ծրագրով այստեղ իրականացվում են Թումանյան փողոցի մայթերի վերանորոգման աշխատանքներ: Մարզպետ Անդրեյ Ղուկասյանի դիտարկումները աշխատանքի անորակությանն էին վերաբերում. հատվածներ կան, որտեղ արդեն խոտ է աճել, իսկ դա նշանակում է, որ խոտաբույսերի արմատները հետագայում կարող են վնասել սալաքարերը: Տեղ-տեղ սալաքարերը բարձրացած են կամ իջած, եզրաքարերն ամրացված չեն և այլն: Նախագծում եղած անճշտության պատճառով էլ որոշ հատվածներում առհասարակ սալարկում չի կատարվել:
Մարզի ղեկավարի պահանջն է. շտկել թերությունները, աշխատանքներ իրականացնել նաև նախագծից դուրս մնացած հատվածներում ու աշխատանքներն ավարտել մինչև ՀՀ կառավարության կողմից սահմանված վերջնաժամկետը՝ օգոստոսի 1-ը:
Ա. Ղուկասյանն իր մոտեցումն ունի նաև համայնքի կառավարման հետ կապված. ինչպես նախորդ, այնպես էլ այս տարի խոշորացված համայնքը ներկայացրել է դարձյալ ընդամենը մեկ սուբվենցիոն ծրագիր(65.55 մլն դրամ ընդհանուր արժեքով, որից 26 մլն դրամը համայնքային ներդումն է), իսկ համայնքի ղեկավար Սասուն Խեչումյանի պատճառաբանությունը ֆոնդային բյուջեում գումարի բացակայությունն է:
Նման փաստարկները մարզպետի համար անընդունելի են.
-Յուրաքանչյուր տարի 25-26 մլն դրամ ներդրմամբ մեկակական փոքր ծրագիր իրականացնելը խոշորացված համայնքի համար շատ քիչ է, և համայնքի զարգացումն այդ տեմպերով հնարավոր չէ ապահովել:
ՀՀ կառավարության պահանջով 500 մլն դրամից ավելի բյուջե ունեցող համայնքները պետք է ներկայացնեն առնվազն 50 մլն դրամ ընդհանուր արժեքով սուբվենցիոն ծրագրեր, որտեղ համայնքի ներդումը պետք է կազմի շուրջ 25 մլն դրամ: Խոշոր համայնքներում բնականաբար շատ են նաև խնդիրները և հետևաբար փոքր ծրագրեր իրականացնելով՝ դրանք հնարավոր չի լինի լուծել: Բացի այդ՝ 25 մլն դրամով, օրինակ 5 տարբեր բնակավայրերում կարելի է իրականացնել 5-ական միլիոն դրամ արժողությամբ ծրագրեր և, միավորելով մեկ ծրագրի մեջ, իրականացնել: Իմ համոզմամբ՝ 700 և ավելի մլն դրամ բյուջե ունեցող համայնքն առնվազն 100 մլն դրամ պետք է կարողանա տրամադրել սուբվենցիոն ծրագրեր իրականացնելու համար,-ասում է Ա. Ղուկասյանը` որպես օրինակ ներկայացնելով հարևան Ախթալա խոշորացված համայնքը, որտեղ միայն այս տարի մոտ 130 մլն դրամի ծրագրեր են իրականացվում:
Ինչ վերաբերում է Ալավերդի խոշորացված համայնքի ֆոնդային բյուջեում միջոցների բացակայությանը, ապա այս հարցում Ա. Ղուկասյանը նույնպես ունի իր դիրքորոշումը.նման իրավիճակը անարդյունավետ կառավարման արդյունք է.
-Ֆոնդային բյուջեն հիմնականում ձևավորվում է շենք-շինությունների, հողերի, տարածքների օտարումներից: Մինչ օրս համայնքների ղեկավարներից շատերը փորձում են հողատարածքները, համայնքային գույքը վաճառել կադաստրային արժեքով, երբեմն՝ ավելի էժան: Ձևական աճուրդների շարքը շարունակվում է և այն մարդիկ, ովքեր կոչված են համայնքի շահերը պաշտպանելուն, իրենք են ոտնահարում այդ շահերը: Ես այսօր, որպես մարզպետ, որոշ համայնքներ պաշտպանում եմ համայնքապետերից:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:22:59