Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վանաձոր համայնքի համար արդեն ավանդական դարձած գործելաոճը շարունակվում է

23.07.2020

 Նախորդ շաբաթ Վանաձորում մեկնարկած սուբվենցիոն ծրագրերին հետևելու նպատակով իրականացված շրջայցի ընթացքում մարզի ղեկավարը բարձրաձայնեց մի շարք խնդիրների մասին՝ քաղաքային իշխանություններից պահանջելով հետևողականություն ցուցաբերել և գործել՝ բացառապես ելնելով համայնքային շահից:
Մարզպետ Անդրեյ Ղուկասյանը Վանաձոր համայնքի ղեկավարի տեղակալ Արկադի Փելեշյանին և Վանաձորի համայնքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության բաժնի պետ Սուրեն Աբովյանին հրավիրել էր քննարկման՝ տեղեկանալու՝ ձեռնարկվու՞մ են արդյոք քայլեր այդ խնդիրների լուծման ուղղությամբ:
Դիտարկումներից առաջինն արվել էր Շառլ Ազնավուրի անվան զբոսայգում. այգու 5265 քառ.մ տարածքը դեռևս 2007թ.-ին, քաղաքապետի որոշմամբ, 50 տարի ժամկետով վարձակալությամբ հանձնվել է «Կառավար Դան» ՍՊԸ-ին, որից էլ ենթավարձակալությամբ 2010թ.-ին տարածքից 200 քառ. մետր, ապա 2019թ.-ին՝ ևս 1074 քառ. մետր հատվածը, նույնքան ժամանակով, տրվել է հենց իրեն՝ Արկադի Փելեշյանին: Ընդ որում, Ա. Փելեշյանը վարձակալված տարածքների համար համայնքային բյուջե վճարում է ընդամենը 46 հազար 800 դրամ: Վերջինս նշված տարածքում կառուցել է սրճարան և համայնքի նկատմամբ պարտավորություն ստանձնել բարեկարգելու սրճարանին հարակից տարածքը, ինչը, սակայն, մինչ օրս լիարժեք կերպով չի իրականացվել:
Ունենք տարօրինակ մի իրավիճակ. համայնքային շահը պաշտպանելուն լծված պաշտոնյա, ով այս հարցում ունի անձնական շահ: Հուսով ենք՝ այս դեպքում կհաղթի համընդհանուր շահը:
Տրամաբանական չէ նաև, որ Ա. Փելեշյանին վարձակալությամբ հանձնված տարածքին հարակից՝ համայնքային սեփականություն հանդիսացող հատվածը, որի բարեկարգման պարտավորությունը բարերարի օգնությամբ ստանձնել, սակայն մինչ օրս չի իրականացրել համայնքի ղեկավարի տեղակալը, համայնքապետարանի կողմից չի ներառվել սուբվենցիոն ծրագրում:
Այսուհանդերձ, Ա. Փելեշյանը խոստանում է մինչև սուբվենցիոն միջոցներով Շառլ Ազնավուրի անվան զբոսայգու բարեկարգման աշխատանքների ավարտը, ստանձնած պարտավորությունը լիարժեքորեն իրականացնել:
Խնդիր էր արձանագրվել նաև Տարոն-2 թաղամասում՝ զբոսայգու կառուցման սուբվենցիոն ծրագրի հետ կապված: Նախապես տեղանքը լիարժեքորեն ուսումնասիրված չլինելու պատճառով՝ նախագիծը կազմվել է թերացումներով և հիմա շինարարության ընթացքում խնդիրներ են առաջացել. սա Վանաձոր համայնքի համար արդեն ավանդական դարձած գործելաոճ է: Տարածքում երկու ավտոտնակ կա, հենապատի կառուցման համար անհրաժեշտ կլինի քանդել ասֆալտապատ տարածքը և այլն:
Մարզի ղեկավարի պահանջն է՝ ասֆալտը քանդել հնարավորինս քիչ, իսկ ավտոտնակների սեփականատերերի հետ բանակցությունների արդյունքում առաջարկել ավտոտնակների տեղափոխման համար նրանց կողմից նախընտրելի այլ տարբերակներ.
-Իրականացվող ծրագրերի նպատակը համայնքի բարեկարգումն է, որը միաժամանակ պետք է բխի բնակիչների շահից,-նշեց Ա. Ղուկասյանը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2020-09-22 09:39:18