Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ա. Ղուկասյան. Նման իրավիճակը փնթի կառավարման արդյունք է
17.07.2020
Այս տարի Վանաձորի սուբվենցիոն ծրագրերը թե՛ ծավալային և թե՛ ֆինանսական առումով աննախադեպ են. կիրականացվի 4 ծրագիր՝ ընդհանուր առմամբ 1 մլրդ 360.6 մլն դրամ ներդրմամբ (754.6 մլն դրամ՝ պետբյուջեի միջոցներից, 438.8 մլն դրամ համայնքային ներդրում, մնացածը՝ այլ): Աշխատանքների մեկնարկը, բացառությամբ մի քանի օբյեկտների, հիմնականում տրված է. այսօր իրականացված շրջայցի ընթացքում մարզպետ Անդրեյ Ղուկասյանի դիտարկումներն այս փուլում՝ գոհացուցիչ էին.
-Յուրաքանչյուր տարի պետք է փորձենք կրկնապատկել և եռապատկել ծավալները, որպեսզի կարողանանք կարճ ժամանակում լուծում տալ առկա բոլոր խնդիրներին: Կարծում եմ՝ համայնքապետարանը գոնե այս անգամ պետք է խիստ վերահսկողություն սահմանի, որպեսզի չունենանք նախորդ տարվա տխուր պատկերը՝ ժամկետների և աշխատանքների որակի հետ կապված: Մենք ինքներս պետք է շարունակենք հետևողական լինել ցանկացած թերության վերացման ուղղությամբ:Կարծում եմ՝ շինարարներն արդեն հասկացել են մեր հստակ դիրքորոշումը այս հարցի նկատմամբ. կրկնում եմ՝ պետական միջոցների փոշիացում թույլ չենք տալու,-ասում է մարզի ղեկավարը:
Մարզպետը շրջայցի ընթացքում եղավ Հրանտ Մաթևոսյանի անվան գրադարանում, Հ. Կլեկչյանի անվան մշակույթի տանը, Տարոն 2 և Տարոն 4 թաղամասերում կառուցվելիք այգիների տարածքներում:
Վերջին կանգառը Շառլ Ազնավուրի զբոսայգին էր, որտեղ ներկայում հողային աշխատանքներ են ընթանում:
Թեև յուրաքանչյուր վանաձորցու համար այսքան երկար սպասված ծրագիրն ի վերջո կյանքի է կոչվում, սակայն խնդիրների պակաս այստեղ ևս չի զգացվում. զբոսայգու 5265 քառ.մ տարածքը դեռևս 2007թ.-ին վարձակալությամբ հանձնվել է «Կառավար Դան» ՍՊԸ-ին, որից էլ 2010թ.-ին ենթավարձակալությամբ տարածքը վերցրել է քաղաքացի Արկադի Փելեշյանը: Մինչ օրս, սակայն, բացառությամբ բիզնես նպատակների համար օգտագործվող սրճարանի կառուցման, բարեկարգման որևէ այլ աշխատանք չի կատարվել: Այս հարցի վերաբերյալ Անդրեյ Ղուկասյանը իր հստակ դիրքորոշումն ունի. քաղաքային նախկին իշխանությունների որդեգրած վարքագիծը շարունակում են ներկայիս իշխանությունները.
- Քաղաքի համար պատմական նշանակություն ունեցող այս զբոսայգում նման երևույթն անթույլատրելի է, վարձակալության գումարի չափը ևս անընդունելի է: Նմանատիպ պատկեր ունենք նաև Երկաթուղայինների զբոսայգում: Ակնկալում եմ, որ քաղաքային իշխանությունները, ավագանին տեր կանգնեն համայնքային շահերին և աշխատանքները կազմակերպեն՝ բացառապես այս սկզբունքից ելնելով: Այս երևույթը կարող եմ որակել մեկ բառով՝ փնթի կառավարում,-ասում է մարզի ղեկավարը և նշում, որ յուրաքանչյուր վանաձորցի պետք է անհանդուրժող լինի նմանատիպ երևույթների նկատմամբ՝ քաղաքային իշխանություններին պարտադրելով գործել ի շահ համայնքի: