Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզպետն աշխատանքային խմբով Դսեղում էր. օրակարգային հարցը հողատարածքների մշակմանը խոչընդոտող խնդիրների լուծումն է

06.07.2020

 Դսեղ համայնքում գյուղատնտեսության զարգացման հետ կապված լուրջ խնդիրներ կան. համայնքում առկա է 667 հա վարելահող, սակայն, ըստ նշանակության օգտագործվում է ընդամենը շուրջ 10 հա-ն: Սա, մարզպետի խոսքով, Հայաստանի նման սակավ վարելահողեր ունեցող երկրի համար, բացարձակապես անընդունելի իրողություն է: Խնդիրները տեղում ուսումնասիրելու նպատակով Անդրեյ Ղուկասյանը , մարզպետարանի մի խումբ պատասխանատու պաշտոնյաների ուղեկցությամբ Դսեղ համայնքնում էր: Նա նախ հանդիպեց համայնքի ղեկավարի, ավագանու և հողագործությամբ զբաղվող մի քանի բնակիչների հետ՝ պարզելու ՝ ո՞րն է նման իրավիճակի պատճառը.
-Մեր համայնքներից շատերը կերազեն այսքան վարելահողեր ունենալ, իսկ Դսեղը չի օգտվում այս հարստությունից: Սա ես բացարձակ անընդունելի եմ համարում,-ասաց մարզի ղեկավարը:
Ինչպես պարզ դարձավ քննարկման արդյունքում, գյուղում զարգացած է անասնապահությունը և ձիաբուծությունը: Բնակիչները դժգոհեցին, որ խոշոր եղջերավոր կենդանիները և ձիերը անարգել մտնում և վնասում են ցանքատարածությունները, բացի այդ համայնքում պատշաճ ոռոգում չի իրականացվում, թեև նախորդ տարիներին համայնքում ոռոգման համակարգերի կառուցման մի քանի ծրագրեր են իրականացվել: Ա. Ղուկասյանը հորդորեց պահպանել համակեցության կանոնները, չխոչընդոտել հողագործությամբ զբաղվել ցանկացող գյուղատնտեսների աշխատանքին, այլապես համապատասխան միջոցներ կձեռնարկվեն: Համայնքի ղեկավարին մարզպետն առաջարկեց, հաջորդ տարվանից ներկայացնել բացառապես գյուղատնտեսության զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրեր՝ հակակարկտային կայանների տեղադրում, գյուղտեխնիկայի ձեռքբերում և այլն(համայնքն այս տարի սուբվենցիոն միջոցներով կիրականացնի արևային ֆոտովոլտային կայանների տեղադրման ծրագիր): Ինչ վերաբերում է ոռոգման համակարգերին, ապա դրանց ներկայիս վիճակին մարզի ղեկավարը ծանոթացավ շրջայցի միջոցով՝ փաստելով, որ համայնքը փոքր խնդիրների կարգավորումից հետո լիարժեքորեն պատրաստ կլինի ոռոգելու հարյուրավոր հեկտար հողատարածքներ: Այցի ընթացքում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները հանգամանորեն վերլուծության կենթարկեն Լոռու մարզպետարանում, իսկ մինչ այդ Անդրեյ Ղուկասյանը համայնքի ղեկավարին հորդորեց' անել ամեն ինչ, որպեսզի մշակվող հողատարածքները տարեցտարի ավելանան և հողագործությամբ զբաղվելը կրի մասսայական բնույթ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 12:11:17