Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Դեբեդը երկու նոր հյուրատուն ունի

06.07.2020

 Մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, փոխմարզպետ Գայանե Մարկոսյանը, մարզպետարանի մի խումբ պաշտոնյաներ հյուրընկալվեցին Լոռու մարզի Դեբեդ համայնքում հիմնված «Չամիչ» հյուրատանը, որն ընդամենը օրեր անց կբացի իր հյուրընկալ դռները հանգստացողների առջև՝ իհարկե պահպանելով անվտանգության բոլոր կանոնները:
Հյուրատան սեփականատեր, երևանաբնակ Լիլիթ Չիտչյանը ամուսնու հետ միասին համայնքում ձեռք են բերել տուն և ներդրումների արդյունքում ստացել գեղեցիկ, հարմարավետ և որ ամենակարևորն է՝ առօրյա հոգսերից կտրվելու հարմար, չքնաղ բնության գրկում ծվարած հյուրատուն: Վերջինիս առավելությունների թվում է նաև համեղ, էկոլոգիապես մաքուր սննդի մատուցումը՝ պատրաստված հմուտ խոհարարի ձեռքով, իսկ մթերքը ձեռք է բերվելու հենց համայնքից: Բացի այդ հյուրերին կառաջարկվեն զբոսաշրջային փաթեթներ՝ քայլարշավներ, էքսկուրսիաներ և այլն: Կարևոր է նաև, որ հյուրատունն աշխատանքով է ապահովել գյուղի 5 բնակիչների, ակտիվ շրջանում նրանց թիվը կհասնի 10-ի:
Մարզի ղեկավարն իր ջերմ ցանկությունները հղեց հյուրատան սեփականատերերին՝ մաղթելով որ հաջողեն իրենց գործում, և հույս հայտնեց, որ նախաձեռնությունը օրինակելի կլինի նաև ուրիշների համար:
Գայանե Մարկոսյանն իր հերթին նշեց, որ մարզում աստիճանաբար ավելանում է հյուրատների թիվը, ինչը շատ կարևոր է մարզում զբոսաշրջության զարգացման առումով:
-«Չամիչ» հյուրատունն իր յուրահատուկ կոլորիտով կհամալրի մեր մարզի գյուղական հյուրատների թիվը՝ հանգստի և լոռվա չքնաղ բնությունը վայելելու հնարավորություն տալով զբոսաշրջիկներին: Այս պատերի մեջ ջերմություն ու անմիջականություն կա, և յուրաքանչյուր այցելուի մոտ, վստահ եմ, մեծ ցանկություն կառաջանա առաջիկա հանգստյան օրերն անցկացնել հենց այստեղ,-ասաց Գ. Մարկոսյանը:
Փոխմարզպետը այցի շրջանակներում եղավ Դեբեդում հիմնված մեկ այլ հյուրատանը՝ «Դեբեդ» ստեղծագործական համակացարանում, որի սեփականատերն է Տաթև Աղաբաբյանը: Տաթևը ևս, շուրջ 2 տարի առաջ այցելելով Դեբեդ, սիրահարվել է տեղի բնությանը և որոշել տուն կառուցել ու այն վերածել հյուրատան: Տարածքի ձեռքբերման հարցում նրան աջակցել է համայնքապետարանը: Շինաշխատանքներն արդեն ավարտված են, փոքրիկ շտկումներ են մնացել: Տաթևը նախատեսում է հյուրեր ընդունել արդեն օգոստոս ամսից: Հյուրատունն առանձնանում է իր յուրահատուկ ոճով և դիզայներական հետաքրքիր լուծումներով: Առայժմ միայն պասիվ հանգիստ, իսկ հետագայի համար այն այլ ծառայություններ կմատուցի:
Գ. Մարկոսյանը մարզի ղեկավարի և իր անունից պատրաստակամություն հայտնեց անհրաժեշտության դեպքում աջակցել Տ. Աղաբաբյանին՝ բիզնեսի լիարժեք կայացմանը նպաստելու նպատակով:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 12:43:14