Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Անդրեյ Ղուկասյան. «Պատրաստ ենք անելու ամեն հնարավորը, որպեսզի վերականգնվեն «Լոռի» թիմի անվան հետ կապված բարի ավանդույթները»

02.07.2020

 Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, փոխմարզպետ Գայանե Մարկոսյանի, մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Ռաֆայել Հարությունյանի, մշակույթի և սպորտի բաժնի պետ Արամ Ռևազյանի ուղեկցությամբ այսօր եղավ Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայում: Այցի նպատակը, ակադեմիայի գործունեությանը, ինչպես նաև «Լոռի» ֆուտբոլային ակումբի մարզչական կազմի, թիմի խաղացողների հետ ծանոթանալն էր:
Թիմն այս տարի մասնակցում է Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությանը. առջևում 3 վճռական խաղ է մնացել: Մարզի ղեկավարը հաջողություն մաղթեց թիմին՝ ցանկություն հայտնելով հուլիսի 2-ին կայանալիք խաղին իր ներկայությամբ ոգևորել տղաներին:
-Պատրաստ ենք անելու ամեն հնարավորը, որպեսզի վերականգնվեն «Լոռի» թիմի անվան հետ կապված բարի ավանդույթները և մեր մարզի պատանիների մոտ մեծ սեր ու հետաքրքրություն առաջանա այս մարզաձևի նկատմամբ,-ասաց Ա. Ղուկասյանը:
Նա տեղեկացրեց, որ Վանաձորի ֆուտբոլի մարզադաշտի կառուցումը, թեև այս ընթացքում հայտնի պատճառներով դանդաղել է, սակայն շուտով շահագործման կհանձնվի՝ մարզվելու լավագույն պայմաններ ապահովելով թիմի համար: Մարզի ղեկավարը նաև կարճ զրույցներ ունեցավ թիմի խաղացողների, մարզչի հետ՝ մաղթելով նրանց հաջողություն առաջիկա և հետագա բոլոր խաղերում:
Ակումբի տնօրեն Վահան Դանիելյանի տեղեկացմամբ, թիմը համալրված է ինչպես հայ, այնպես էլ՝ Իսպանիայի, Պորտուգալիայի, Աֆրիկյան տարբեր պետությունների, Հայիթիի քաղաքացիներ հանդիսացող ֆուտբոլիստներով: Սակայն առաջիկա տարիներին, նրա վստահեցմամբ, թիմը աստիճանաբար կհամալրվի Վանաձորի ֆուտբոլային ակումբում մարզվող սաներով:
Գայանե Մարկոսյանն իր հերթին նույնպես հաջողություն մաղթեց թիմին առաջիկա խաղերում և նշեց, որ այցի նպատակը նաև թե՛ ակադեմիային և թե՛ ակումբին մշտապես աջակցելու պատրաստակամության վերահաստատումն էր և հետագա համատեղ ծրագրերի նախանշումը:
Մարզի ղեկավարի կողմից ակադեմիային և թիմին նաև մարզակոշիկներ հանձնվեցին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 14:24:21