Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Համաձայնագիր՝ Լոռու մարզպետարանի, «ԱՌՔ» բարեգործական հիմանդրամի և «Ֆուլեր տնաշինական կենտրոն» ԲՀԿ-ի միջև. Սանկտ Պետերբուրգի տնակային ավանում բնակվող 16 ընտանիքի համար բնակարաններ կկառուցվեն

29.06.2020

Հունիսի 26-ին Լոռու մարզպետարանի` ի դեմս մարզպետ Անդրեյ Ղուկասյանի, «ԱՌՔ» բարեգործական հիմանդրամի` ի դեմս տնօրեն Հրահատ Ստեփանյանի, և «Ֆուլեր տնաշինական կենտրոն» ԲՀԿ-ի` ի դեմս նախագահ Աշոտ Եղիազարյանի, միջև կնքվեց համաձայնագիր Վանաձոր համայնքի տնակային ավաններում բնակվող ընտանիքների համար բնակարաններ կառուցելու նպատակով:
Ըստ համաձայնագրի, առաջին փուլով շահառուները կընտրվեն Սանկտ Պետերբուրգի տնակային ավանում բնակվող ընտանիքներից, որոնց համար Վանաձորի Տարոն-4 թաղամասում՝ Վանաձոր համայնքի կողմից անհատույց հատկացված հողատարածքի վրա, կկառուցվեն բնակարաններ՝ նախատեսված առայժմ 16 ընտանիքի համար:
Լոռու մարզպետարանը համաձայնագրի շրջանակներում պարտավորվում է իրականացնել ինժեներական ցանցերի կառուցումը (գազ, էլեկտրաէներգիա, ջուր, ճանապարհներ), ըստ նախահաշվի մոտ 50 միլիոն դրամի չափով, «ԱՌՔ» բարեգործական հիմնադրամը կհատկացնի 144 միլիոն դրամ՝ քարե տների շինարարության իրականացման համար և «Ֆուլեր տնաշինական կենտրոն» ԲՀԿ-ն, որը պատասխանատվություն կկրի ծրագրի իրականացման ողջ ընթացքի համար՝ 16 միլիոն դրամ:
Պայմանն այն է, որ բնակարանների արժեքից 5 մլն դրամը շահառուների համար լինելու է անհատույց նվիրատվություն, մնացած փոխհատուցվող մասը ընտանիքները վերադարձնելու են անտոկոս փոխառության կարգով՝ բնակարանամուտից հետո, 10-15 տարվա ընթացքում, թեև շահառուների նկատմամբ այս հարցում կցուցաբերվի անհատական մոտեցում, որպեսզի նրանց համար ֆինանսական բեռ չառաջանա: Այս փուլում նախապատվությունը կտրվի 4 և ավելի անդամ ունեցող ընտանիքներին:
-Այս ծրագրի շնորհիվ նպատակ ունենք լուծելու մարզում տնակային ավաններում բնակվող ընտանիքների բնակարանային խնդիրը ու նաև վերջնականապես ազատվելու տնակային ավաններից: Առաջին փուլի համար ընտրել ենք Սանկտ Պետերբուրգի տնակային ավանը, քանի որ այն ամենամեծն է Վանաձորում և բացի այդ, լուրջ կարևորություն ունի քաղաքաշինական առումով,-ասաց մարզի ղեկավարը՝ նաև շեշտելով, որ ծրագիրը շարունակական բնույթ է կրելու:
Անդրադառնելով խնդրի լուծման կարևորությանը՝ մարզպետը նաև նշեց, որ ՀՀ վարչապետի հանձնարարությամբ այս ուղղությամբ աշխատանքները մեկնարկել են նախորդ տարվանից: Հսկայածավալ աշխատանք է իրականացվել. գույքագրվել են բոլոր տնակները, հանգամանորեն պարզվել է տնակներում բնակվող ընտանիքների կարգավիճակը:
-Մեր կարգախոսն է՝ Լոռու մարզն առանց տնակային ավանների: Այս նպատակի իրականացման համար մենք պետք է անենք ամեն հնարավորն ու անհնարինը,-ասաց Ա. Ղուկասյանը:
«ԱՌՔ» բարեգործական հիմանդրամի տնօրեն Հրահատ Ստեփանյանը և «Ֆուլեր տնաշինական կենտրոն» ԲՀԿ-ի նախագահ Աշոտ Եղիազարյանն իրենց հերթին շնորհակալություն հայտնեցին Լոռու մարզպետարանին՝ ի դեմս մարզի ղեկավարի, գործընթացի արագ կազմակերպման և ակտիվ համագործակցության համար:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2020-07-02 16:30:25