Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կրթության բնագավառում մարզպետի դիրքորոշումը բխում է պետության շահերից՝ իր լիազորությունների սահմանում իրականացնել մարզային ենթակայության դպրոցների արդյունավետ կառավարում

26.06.2020

Նոր Հայաստանում, երբ յուրաքանչյուր բնագավառում, այդ թվում և կրթության ոլորտում, ցանկացած գործընթաց իրականացվում է բացառապես օրինականության սահմաններում և բխում է հանրության շահերից, երբ այլևս մերժված է կլորիկ գումարներով աշխատանքի անցնող դպրոցների տնօրենների և ուսուցիչների արատավոր պրակտիկան, երբ այլևս չի գործում խնամի-բարեկամ-ծանոթ կապերով կամ սերնդե սերունդ տնօրենի <<գահի փոխանցման>> երիցս մերժված և բացարձակապես անընդունելի երևույթը, չգիտես ինչու՝ թափուր աշխատատեղերի մրցույթները(առավելապես դպրոցի տնօրենի) չհաղթահարած կամ բավարար ձայներ հավաքած, սակայն պաշտոնի նշանակաման պարագայում հիմնավոր պատճառներով նախընտրության չարժանացած թեկնածուները (իրենց բնականաբար համարելով թեկնածուներից ամենաարժանավորը) սկսում են տարբեր հարթակներում(լրատվամիջոցներ, սոցցանցեր) բուռն էմոցիաներով անդրադառնալ մարզպետի լիազորություններին և դպրոցի կառավարման խորհրդում առաջադրված անդամների ոչ արդարացի դիրքորոշմանը: Որպեսզի հետագայում ևս հասարակության շրջանում դպրոցների կառավարման գործում մարզպետի դերակատարության վերաբերյալ թյուր տեղեկատվություն չշրջանառվի, ստորև անդրադառնում ենք մարզային ենթակայության դպրոցների կառավարման գործընթացում մարզպետի գործառույթներին՝ միաժամանակ շեշտելով, որ կրթության բնագավառում մարզպետի դիրքորոշումը բխում է բացառապես պետության շահերից, այն է՝ իրականացնել մարզային ենթակայության դպրոցների արդյունավետ կառավարում նաև իր կողմից առաջադրված խորհրդի անդամների մասնակցությամբ:
Առաջ անցնելով՝ նաև նշենք, որ, հաշվի առնելով տնօրենների թեկնածուների անձնային որակները, փորձը և մասնագիտական կարողությունները, մարզպետի կողմից խորհրդում առաջադրված անդամները քվեարկում են ա՛յն թեկնածուի օգտին, ով կնպաստի դպրոցում կրթության արդյունավետության բարձրացմանը և իր գործունեությունը կկազմակերպի ի նպաստ երեխաների:
Եվ այսպես՝
մարզպետի մասնակցությունը մարզային ենթակայության պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների կառավարման գործընթացներին սահմանված է ստորև նշված իրավական ակտերով:
 Տարածքային կառավարման մարմինը՝ մարզպետը, դպրոցի կառավարման մարմին է: /«ՀՀ կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N 1392-Ն որոշման 4-րդ գլուխ,27.2 կետ/
 Լիազորված մարմինը՝ մասնավորապես Լոռու մարզպետարանը, իրականացնում է մարզային ենթակայության դպրոցների ընդհանուր կառավարումը, դպրոցների գործունեության վերահսկողությունը, ապահովում է նրանց բնականոն գործունեությունը և պատասխանատվություն է կրում դրանց չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար: /«ՀՀ կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N 1392-Ն որոշման 4-րդ գլուխ,30 կետ/
 Ելնելով իր լիազորություններից՝ մարզպետն ունի դիրքորոշում կրթության կառավարման գործընթացների վերաբերյալ, որն արտահայտում է նաև իր կողմից առաջադրած խորհրդի անդամների միջոցով:
 Դպրոցների կառավարումն իրականացնում է նաև կոլեգիալ կառավարման մարմինը՝ խորհուրդը. /«ՀՀ կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N 1392-Ն որոշման 4-րդ գլուխ,27.3 կետ/
 Կրթության և գիտության նախարարի 2010 թ. թիվ 113 հրամանով սահմանվում է, որ պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների խորհուրդները կազմված են 8 անդամից:
Խորհրդի անդամներին, երեք տարի ժամկետով, առաջադրում են.
1) Հայաստանի Հանրապետության ԿԳՄՍ նախարարը՝ 1 անդամ,
2) լիազորված մարմինը՝ 3 անդամ,
3) մանկավարժական խորհուրդը՝ 2 անդամ,
4) ծնողական խորհուրդը՝ 2 անդամ:/ ԿԳ նախարարի 2010 թ. թիվ 113 հրաման,4-րդ կետ/:
 Հայաստանի Հանրապետության մարզային ենթակայության հաստա-տություններում մարզպետն առաջադրում է խորհրդի 3 անդամ, որից մեկին ներկայացնում է տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարը: /ՀՀ Կրթության և գիտության նախարարի 2010 թ.թիվ 113 հրաման,7-րդ կետ/:
 Խորհրդի որոշումներն ընդունվում են նիստին ներկա անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Տնօրենի ընտրության ժամանակ տնօրեն ընտրվում է փակ քվեարկությամբ՝ խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:/ՀՀ Կրթության և գիտության նախարարի 2010 թ.թիվ 113 հրաման,42-րդ կետ/:
Տնօրենի հավակնորդների թիվը 2 լինելու և տնօրեն չընտրվելու, ինչպես նաև հավակնորդների թիվը 3 և ավելի լինելու և տնօրեն չընտրվելու, կրկնակի քվեարկության ժամանակ ևս տնօրեն չընտրվելու դեպքում, ներկայացված փաստաթղթերի հիման վրա, 5 աշխատանքային օրվա ընթացքում, հաստատության` մարզային ենթակայության լինելու դեպքում, Հայաստանի Հանրապետության փոխվարչապետը լիազոր մարմնի ղեկավարին գրությամբ առաջարկում է հավակնորդներից որևէ մեկի թեկնածությունը` օրենքով սահմանված կարգով աշխատանքային պայմանագիր կնքելու համար:
 Խորհրդի անդամը պարտավոր է`
կանոնադրությամբ սահմանված կարգով մասնակցել խորհրդի նիստերին, գործել բարեխղճորեն` ի նպաստ երեխայի շահերի և կրթության արդյունավետության. /«ՀՀ կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N 1392-Ն որոշման 4-րդ գլուխ,35.1 կետ/:
Եվ այսպես, ամփոփելով վերը շարադրվածը, հարկ ենք համարում ընդգծել, որ եթե կառավարման խորհրդում առաջադրված ծնողական և մանկավարժական խորհուրդների անդամները արտահայտում են իրենց ընտրած հանրույթի կարծիքը, որը, որպես հիմնավոր փաստարկ է ներկայացվում տնօրեն չընտրվելու ժամանակ, ապա լիազոր մարմնի կողմից առաջադրված թեկնածունները տրամաբանորեն կարող են առաջնային համարել լիազոր մարմնի դիրքորոշումը:
Այն մարմնի, որի ղեկավարը պատասխանատվություն է կրում դպրոցի համար իրեն վերապահված լիազորությունների շրջանակում:
Մարզպետը երբևէ իր դիրքորոշումը չի տարածել և չի տարածի ծնողական և մանկավարժական խորհուրդների անդամների վրա, քանի որ նրանք չեն ներկայացնում լիազոր մարմինը:
Եվ վերջապես՝ պնդումը, թե մանկավարժական խորհրդի և ծնողական խորհրդի կողմից դպրոցի խորհրդում առաջադրված անդամների ձայները պետք է որոշիչ լինեն տնօրենի ընտրության ժամանակ ոչ մի իրավական հիմնավորում չունի:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:22:59