Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ա. Ղուկասյան. «Համայնքների ղեկավարների մեծ մասը հարկերի հավաքագրման ուղղությամբ որևէ ջանք չի գործադրում. այս երևույթը բացարձակապես անընդունելի եմ համարում»

22.06.2020

 Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը փոխմարզպետ Գայանե Մարկոսյանի, գլխավոր քարտուղար Արթուր Մխիթարյանի, մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների և պատասխանատու այլ պաշտոնյաների մասնակցությամբ:
Փոխմարզպետ Գայանե Մարկոսյանը և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրեցին նախորդ շաբաթվա ընթացքում տրված հանձնարարականների կատարման արդյունքները, ինչպես նաև ընթացիկ այլ հարցեր:
Գ. Մարկոսյանը մասնավորապես անդրադարձավ իր համակարգման ոլորտում գործող կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության ոլորտում առկա մի շարք հարցերի: Նա տեղեկացրեց, որ հարկերի հավաքագրման ցուցանիշների առումով, նախորդ շաբաթվա համեմատությամբ թեև առաջընթաց կա, բայց տեմպերը շարունակում են չգոհացնել: Մասնավորապես՝ սեփական եկամուտների կատարողականը պլանի դիմաց 67.8 տոկոս է:
-Հարկերի հավաքագրման նման արդյունքների պարագայում մենք իհարկե համավարակով պայմանավորված օբյեկտիվ պատճառները հաշվի ենք առնում, սակայն, իմ խորին համոզմամբ, առկա է հոգեբանական գործոն ևս: Քաղաքացիները կարծում են, որ կառավարության կողմից իրականացվող նման ծավալի աջակցության ծրագրերի համատեքստում կարող են զիջումներ լինել նաև հարկերի վճարման հարցում, ինչն իհարկե իրականությանը չի համապատասխանում: Մարզի համայնքների ղեկավարների մեծ մասն էլ այս ուղղությամբ որևէ ջանք չի գործադրում, թեև քաջ գիտակցում են, թե նման արդյունքները ինչի կարող են հանգեցնել իրենց համայնքների համար: Այս երևույթը բացարձակապես անընդունելի եմ համարում,-ասաց Ա. Ղուկասյանը:
Մարզի ղեկավարը խստորեն հանձնարարեց խնդիրը պահել ամենօրյա ուշադրության կենտրոնում և հետևողական աշխատանքներ տանել համայնքների հետ՝ ցուցանիշները բոլոր հարկատեսակների գծով բարելավելու ուղղությամբ:
Մարզի ղեկավարին ներկայացվեցին նաև համավարակով պայմանավորված ստեղծված իրավիճակում իրականացվող աշխատանքները: Մասնավորապես տեղեկացվեց, որ պատշաճ վերահսկողություն է իրականացվում Պարետի ցուցումների կատարման ուղղությամբ:
Նշվեց նաև, որ Լոռու մարզում այսօրվա դրությամբ կորոնավիրուսով վարակվածության ընդհանուր դեպքերի թիվը 503 է, որոնցից առողջացել են 236-ը: Արձանագրված մահվան դեպքերի ընդհանուր թիվը՝ 7: Ներկա պահին բուժման մեջ է գտնվում 260 քաղաքացի, որոնցից 52-ը հոսպիտալացված են, իսկ 208-ը գտնվում են տանը՝ թաղամասային բժիշկների հսկողության տակ: Ինքնամեկուսացման մեջ է գտնվում 2683 քաղաքացի:
Խորհրդակցության ընթացքում անդրադարձ կատարվեց մարզի համար օրախնդիր ոլորտային մի շարք այլ հարցերի ևս:
Տրվեցին հանձնարարականներ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 17:45:13