Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեսակապի միջոցով հանդիպում-քննարկում անցկացվեց Լոռու մարզի և Ռումինիայի Հարգիտա նահանգի միջև

22.06.2020

 Լոռու մարզի և վերջինիս քույր մարզ հանդիսացող Ռումինիայի Հարգիտա նահանգի միջև տեղի ունեցավ տեսակապի միջոցով հանդիպում-քննարկում, որին հայկական կողմից մասնակցեցին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը, մարզպետարանի այլ պաշտոնյաներ, իսկ ռումինական կողմից Հարգիտայի նահանգապետ Չաբա Բորբոլին, տեղակալ Բարտի Տիհամերը, Հայ կաթողիկե համայնքի ղեկավար Կուլչար Լասլոն, Միջազգային կապերի բաժնի աշխատակիցներ, հայ համայնքի այլ ներկայացուցիչներ:
Ողջունելով բարեկամ մարզը ներկայացնող պաշտոնյաներին՝ մարզի ղեկավարը շնորհակալություն հայտնեց նման հանդիպում անցկացնելու հրավերն ընդունելու համար և հույս հայտնեց, որ այս հանդիպումը հերթական առաջանցիկ քայլը կլինի երկկողմ հարաբերությունների ամրապնդման առումով:
-Համավարակով պայմանավորված այս իրավիճակը կարող ենք դիտարկել՝ որպես հնարավորություն՝ նոր նախաձեռնություններով ու առաջարկություններով հանդես գալու, որպեսզի արդեն համավարակի նահանջելուց հետո կարողանանք դրանք կյանքի կոչել,-ասաց մարզի ղեկավարը՝ ընդգծելով նաև հայ համայնքի դերակատարությունը երկկողմ հարաբերությունների ամրապնդման առումով:
Հիմք ընդունելով Լոռու մարզի և Հարգիտա նահանգի միջև կնքված համագործակցության համաձայնագիրը՝ Ա. Ղուկասյանը կարևորեց գործակցության ամրապնդումը հատկապես կրթության(փոխանակման ծրագրերի իրականացում, երկու երկրների լեզուների ուսուցանում և այլն), մշակույթի(մշակութային միջոցառումների իրականացում՝ երկու երկրների մշակութային ժառանգությանը հաղորդակից դառնալու նպատակով, տեղական հեռուստաալիքներով մարզերի մասին պատմող ֆիլմերի ցուցադրություն), զբոսաշրջության, տնտեսական ոլորտներում(տնտեսվարողների տվյալների փոխանակում, բիզնես ֆորումների կազմակերպում՝ փոխգործակցություն ապահովելու, գործարար կապեր ստեղծելու նպատակով):
-Մյուս քույր մարզերի հետ ևս համագործակցությունն ակտիվացնելու նպատակով ձևավորել ենք հանձնաժողով, որը գլխավորում է փոխմարզպետ Գայանե Մարկոսյանը և ակնկալում ենք որ դուք ևս նմանատիպ նախաձեռնությամբ հանդես կգաք, որպեսզի կարողանանք առավել գործնական հարթակում քննարկելու ներկայացվող առաջարկությունները և դրանք կյանքի կոչել,-ասաց Ա. Ղուկասյանը:
Ռումինական կողմի ներկայացուցիչները պատրաստակամություն հայտնեցին սերտորեն համագործակցելու Ա. Ղուկասյանի կողմից նշված ուղղություններով՝ տեղեկացնելով, որ մեծ սիրով մարզի պատվիրակությանը՝ մարզի ղեկավարի գլխավորությամբ, հրավիրում են համավարակի ավարտից հետո այցելելու Հարգիտա և մասնակից դառնալու սեպտեմբերին և հոկտեմբերին կայնալիք մշակութային կարևոր միջոցառումների: Ինչ վերաբերում է լեզվի ուսուցմանը, ապա նշվեց, որ հատկապես հայ համայնքի համար շատ կարևոր է հայերեն լեզվի դասավանդումը, և նման նախաձեռնությունը մեծ աջակցություն կլինի հայկական համայնքի ներկայացուցիչների համար:
Հարգիտայի քաղաքային խորհրդի պաշտոնյաները ողջունելի համարեցին երկու մարզերի տնտեսվարողների միջև համագործակցային կապեր ստեղծելու նախաձեռնությունը ևս՝ նշելով, որ առայժմ կարելի է առցանց հանդիպումներ կազմակերպել՝ հետագայում առավել գործնական հարթակ տեղափոխելու հեռանկարով:
Իր ողջույնի խոսքը հղեց նաև Գայանե Մարկոսյանը: Նա առաջարկվող ոլորտներին հավելեց նաև թեթև արդյունաբերությունը և սննդի արտադրությունը՝ նշելով, որ Լոռու մարզ այցի ժամանակ հյուրերը հասցրել են լինել և՛ հագուստի, և՛ պահածոների արտադրությամբ զբաղվող ընկերություններում՝ հայտնելով իրենց հիացմունքը.
-Առավել թիրախային գործակցության համար մենք արդեն կազմել ենք մարզի արտադրողների ցանկը, ովքեր արտադրանքի արտահանման պոտենցիալ ունեն: Վստահ ենք՝ այդ տեղեկատվությունը ևս օգտակար կլինի,-ասաց Գ.Մարկոսյանը:
Պարոն Չաբա Բորբոլին վստահեցրեց, որ կարճ ժամկետներում կզբաղվեն հանձնաժողովի ձևավորմամբ և առաջիկա հանդիպումների ընթացքում հանդես կգան առավել գործնական առաջարկություներով:

Կողմերը պայմանավորվածություն ձեռքբերեցին առաջիկայում կրկին հանդիպել տեսակապի միջոցով՝ հույս հատնելով, որ կարճ ժամական անց, համավարակի նահանջելուց հետո, փոխադարձ այցերի միջոցով կկարողանան էլ առավել ամրապնդել երկկողմ հարաբերությունները:

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:54:09