Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

<<Կարևոր է ծագած խնդիրները տեղում ուսումնասիրելը և դրանց հընթացս իրավիճակային լուծումներ տալը>>․Անդրեյ Ղուկասյանը ծանոթացել է մարզում ընթացող մեծածավալ ճանապարհաշինական աշխատանքներին

19.06.2020

Այսօր Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը մարզպետարանի մի խումբ պատասխանատու պաշտոնյաների ուղեկցությամբ հետևել է մարզում ընթացող մեծածավալ ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին։
Դրանց մեկնարկը տրվել է ավելի քան մեկ ամիս առաջ․ աշխատանքներն ընթանում են մեծ թափով։ Մարզի ղեկավարի առաջին կանգառը Վանաձորի Տարոն 2 թաղամասում էր, որտեղից էլ սկսվել է Մ-3, Թուրքիայի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման ճանապարհի(127կմ 900-130կմ 400մ) շուրջ 2,5 կմ հատվածի հիմնանորոգումը: Կապալառու կազմակերպությունն է «ԱԱԲ ՊՐՈԵԿՏ» ՍՊԸ: Պայմանագրային արժեքը՝ 371.9 մլն դրամ է: Ինչպես ներկայացվել է մարզի ղեկավարին, աշխատանքները մեկնարկել են մայիսի 15-ից, և ներկայում իրականացվում են ճանապարհի ծածկույթի ֆռեզավորման, բետոնե վաքերի և եզրաքարերի տեղադրման, որոշ հատվածներում նաև՝ ասֆալտապատման աշխատանքներ։ Շինարարության պատասխանատուները խոստացել են աշխատանքներն ավարտել արդեն հուլիսի սկզբին։ Բացի այն, որ տարածքի բնակիչների ներկայացմամբ՝ նշված ճանապարհահատվածը ավելի քան 30 տարի բարձիթողի վիճակում է եղել, ուրախալի է նաև, որ շինկազմակերպությունը աշխատանքներում ներգրավել է մարզի բնակչությանը, ովքեր համավարակի պատճառով չեն կարողացել մեկնել արտագնա աշխատանքի։
Անդրեյ Ղուկասյանի աշխատանքային այցի հաջորդ կանգառը Տաշիր համայնքում էր։ Այստեղ նա ծանոթացել է Վարդաղբյուր - Տաշիր/Մ-3/ ավտոճանապարհի (35կմ 300-45կմ 300մ) Տաշիր-Բլագոդարնոյե 10կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքներին: Կապալառու կազմակերպությունն է «Ճանապարհ» ՍՊԸ-ն: Ծրագրի պայմանագրային արժեքը 1 մլրդ դրամ է: Այստեղ ծրագրի իրականացումը սկզբնական փուլում է․ ընթանում են հողային և եզրաքարերի տեղադրման աշխատանքներ:
-Այցի նպատակը ոչ միայն ճանապահաշինական աշխատանքներին հետևելն է, այլև ընթացքում ծագած խնդիրները տեղում ուսումնասիրելը և դրանց իրավիճակային լուծումներ տալը,-ասում է մարզի ղեկավարը և ավելացնում, որ այսպիսի շրջայցերը դրական ազդեցություն են ունենում ոչ միայն աշխատանքների որակի ապահովման, այլև ժամանակի տնտեսման առումով։ Այս ճանապարհը կարևոր ռազմավարական նշանակություն ևս ունի, քանի որ հանդիսանում է Լոռու մարզը Շիրակի մարզին կապող շրջանցիկ ճանապարհ։
-Նախորդ տարի համայնք այցի ժամանակ ականատես էի եղել, որ ճանապարհը վատթարագույն վիճակում է և ՏԿԶ նախարար Սուրեն Պապիկյանի հետ քննարկումների արդյունքում, ստանալով վերջինիս աջակցությունը, հնարավոր եղավ ծրագիրը իրականություն դարձնել, -ասում է մարզի ղեկավարը։ Ճանապարհը միմյանց է կապում նաև տարածաշրջանի 4 համայնքներ և կարևոր է նաև անասնապահության զարգացման առումով, քանի որ տեղացիներից շատերը ճանապարհի անբարեկարգ լինելու պատճատով խուսափում էին խոշոր եղջերավոր կենդանիներին տանել հեռագնա արոտներ։
Մեծ թափով է ընթանում նաև Մ6 ճանապարհի դեպի Հաղպատի վանք տանող 5կմ հատվածի հիմնանորոգումը: Կապալառու կազմակերպությունը դարձյալ «Ճանապարհ» ՍՊԸ-ն է: Ծրագրի պայմանագրային արժեքը՝ 51.6 մլն դրամ է: Այցելության պահին ընթանում էին հողային և եզրաքարերի տեղադրման աշխատանքներ: Կատարված է աշխատանքների շուրջ 10 տոկոսը: Այստեղ, ինչպես ներկայացվել է մարզի ղեկավարին, աշխատանքների ընթացքում, մասնավորապես Հաղպատ բնակավայրում, ծագել են մի շարք խնդիրներ, որոնց, ինչպես հավաստել է Անդրեյ Ղուկասյանը, խելամիտ լուծումներ կտրվեն Լոռու մարզպետարանի, Ալավերդու համայնքապետարանի և ՀՀ ՏԿԶ նախարարության հետ համագործակցությամբ։
-Շատ կարևոր է, որ շինարարը դրական է տրամադրված հընթացս ծագող խնդիրների լուծման հարցում և անգամ պատրաստ է սեփական միջոցները ներդնելու, թեև նախագծով դրանք հաշվի առնված չեն եղել,-ասում է Ա․ Ղուկասյանը։
Ճանապարհի կառուցումը ամբողջությամբ ավարտված կլինի արդեն սեպտեմբերին՝ լիարժեքորեն պատրաստ համավարկի ավարտին ընդունելու մեծ քանակությամբ զբոսաշրջիկների։
Շուտով կմեկնարկի նաև Լոռի Բերդ- Լեջան 3.8 կմ հատվածի շինարարությունը ևս, որի կապալառուն նույնպես «Ճանապարհ» ՍՊԸ-ն է (պայմանագրային արժեքը՝ 271.9 մլն դրամ):
Հարկ է նշել, որ նշված ճանապարհաշինական աշխատանքների պատվիրատուն հանդիսանում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը:
Այցելության վերջին կանգառը Մ6- Վանաձոր–Ալավերդի- Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհն էր։ Այստեղ ընթանում է հիմնանորոգման աշխատանքների երկրորդ փուլը։ Ծրագրի արժեքը՝ 8.742 մլրդ դրամ է: Կապալառու կազմակերպություններն են «Հորիզոն-95» ՍՊԸ, «ԱԱԲ ՊՐՈՅԵԿՏ» ՍՊԸ և «Սուարդի» ԲԸ հայաստանյան մասնաճյուղ իտալական կազմակերպությունը: Ինչպես հայտնի է, ծրագիրն իրականացվում է Եվրոպական ներդրումային և Ասիական զարգացման բանկերի ֆինանսավորմամբ և ՀՀ պետ. բյուջեի համաֆինանսավորմամբ:
Աշխատանքներն ընթանում են մեծ թափով։ Ինչպես ներկայացվել է մարզի ղեկավարին, ներկայումս իրականացվում են ճանապարհի լայնացման, ճանապարհային ծածկույթի մասնակի քանդման, հիմնատակի կառուցման և ներքին շերտի ասֆալտապատման աշխատանքներ:
Երկրորդ փուլով նախատեսվող ճանապարհահատվածի երկարությունը կազմում է 51.74 կմ, որից 38.41 կմ` Լոռու մարզում:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 17:39:23