Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Մեր երազանքն է, որ Լոռու մարզի բոլոր դպրոցները նման պայմաններ ունենան». մարզի ղեկավարը շրջայց իրականացրեց Վանաձորի թիվ 7 հիմնական դպրոցի նորակառուց մասնաշենքում

17.06.2020

 Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը մարզպետարանի կրթության,մշակույթի և սպորտի վարչության պետ Ռաֆայել Հարությունյանի ուղեկցությամբ այսօր եղավ Վանաձորի թիվ 7 հիմնական դպրոցում՝ ծանոթանալով նորակառույց կրթօջախում ստեղծված հնարավորություններին: Դպրոցի տնօրեն Լուսիկ Սարգսյանի ուղեկցությամբ նրանք շրջեցին մասնաշենքում՝ հիանալով այստեղ ստեղծված պայմաններով:
Դպրոցը կառուցվել է «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի» շրջանակում, որն իրականացվում է ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի համագործակցությամբ(ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է ավելի քան մեկ միլիարդ դրամ):
Ժամանակակից մոտեցումներով կառուցված սեյսմակայուն այս դպրոցը համապատասխանում է միջազգային չափանիշներին, բնական աղետների դեպքում` որպես ապաստարան, կծառայի բնակչությանը: Ուսումնական հաստատությունը համալրվել է նաև ժամանակակից գույքով և տեխնիկական միջոցներով: Այն նախատեսված է երկու զուգահեռ հոսքերով` 430 աշակերտի համար: Թեև ներկայում աշակերտների թիվը 285 է, բայց տնօրենը վստահ է, որ նորամուտից հետո նրանց թիվը անհամեմատ կաճի: Կոլեկտիվը երազանքների դպրոց է անվանում կրթօջախը և երազում, թե երեխաները երբ են ոտք դնելու այստեղ:
Երկհարկանի այս կառույցը` 3857 քմ ընդհանուր մակերեսով, բաղկացած է երեք մասնաշենքից, որոնք միացված են սեյսմիկ կոնստրուկտիվ կարերով:
Դպրոցի նախկին շենքը 88-ի երկրաշարժից ստացած բազմաթիվ վնասվածքների հետևանքով ճանաչվել էր վթարային և ապամոնտաժվել է: Այնուհետ մինչ օրս ուսուցումն իրականացվել է «Տեխնոսարք» գործարանի եռահարկ ադմինիստրատիվ շենքում: Նոր դպրոցը կառուցվել է ապամոնտաժված դպրոցի տարածքում:
Ինչպես ականատես եղան մարզի ղեկավարը և վարչության պետը, ուսուցումն այստեղ իրականացվելու է կաբինետային տարբերակով, յուրաքանչյուր առարկայի համար նախատեսված դասասենյակ ունենալու է բոլոր հնարավորությունները առարկայի դասավանդումն ամենաբարձր մակարդակով իրականացնելու համար.
-Նման կոնցեպտով կառուցված սա մեր մարզի միակ դպրոցն է առայժմ: Այն մեզ համար ապագա դպրոցի տեսլականն է: Մեր երազանքն է, որ Լոռու մարզի բոլոր դպրոցները նման պայմաններ ունենան: Այս ծրագրի շրջանակներում մեր մարզից ընդգրկված է ևս 3 դպրոց և շատ շուտով կսկսվի դրանց շինարարությունը նույնպես: Նախատեսված է, որ յուրաքանչյուր տարի հենց այս մոտեցմամբ մարզում երեքական դպրոց կկառուցվի, դպրոցաշինություն կիրականացվի նաև այլ ծրագրերի շրջանակներում,-նշում է մարզի ղեկավարը և հավելում, որ դպրոցը դեռևս որոշակի տեխնիկական հագեցվածության խնդիր ունի, ինչը ևս առաջիկայում լուծում կստանա:
-Հուսով ենք, որ համավարակը կնահանջի շուտով, և կկարողանանք նոր ուսումնական տարվա սկզբին՝ հանդիսավոր բացում կազմակերպել, սկսել բնականոն դասապրոցեսը,- ասում է Ա. Ղուկասյանը:
Մարզի ղեկավարը նաև հայտնեց, որ շուտով նաև վերգետնյա անցում կկառուցվի փողոցի վրա՝ ապահովելով դպրոց հաճախող երեխաների անվտանգությունը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2020-07-02 16:30:25