Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տեսակապի միջոցով հանդիպում-քննարկում՝ Լոռու մարզի և Իրանի Իսլամական Հանրապետության Մազանդարան նահանգի միջև
09.06.2020
Լոռու մարզի և վերջինիս քույր մարզ հանդիսացող Իրանի Իսլամական Հանրապետության Մազանդարան նահանգի միջև տեղի է ունեցել տեսակապի միջոցով հանդիպում-քննարկում, որին հայկական կողմից մասնակցել են Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը, Իրանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը մարզպետարանի այլ պաշտոնյաներ, իսկ իրանական կողմից՝ Մազանդարանի նահանգապետ Ահմադ Հոսեյն Զադեգան և մի շարք գործարարներ:
Մարզի ղեկավարը և Մազանդարանի նահանգապետը կարևորել են համավարակով պայմանավորված իրավիճակում նոր մեխանիզմների մշակումը, ինչը հնարավորություն կտա ակտիվացնելու համագործակցությունը և առավել արդյունավետ քայլեր ձեռնարկելու:
Ահմադ Հոսեյն Զադեգան վերահաստատել է պատրաստակամությունը հայկական կողմի հետ 4 հիմնական ուղղություններով համագործակցելու վերաբերյալ, այն է՝ զբոսաշրջություն, գյուղատնտեսություն, արդյունաբերություն և առևտուր: Նա նշված ոլորտների ակտիվացման նպատակով հանդես եկել նաև մի շարք առաջարկություններով: Անդրեյ Ղուկասյանը մասնավորապես կարևորել է փոխշահավետ համագործակցությանն ուղղված հետևողական քայլերի իրականացումը: Համավարակի հաղթահարումից և արտակարգ դրության ավարտից հետո առաջարկվել է նաև կազմակերպել հայ-իրանական համատեղ ֆորում՝ հնարավորություն ստեղծելով երկու կողմերի ընկերությունների համար ծանոթանալու միմյանց գործունեությանը և գործնական կապեր հաստատելու, կազմակերպելու հայ-իրանական մշակույթի օրեր, ցուցադրություններ, գործընկեր մարզերում ունենալ առևտրի սրահներ, որտեղ ներկայացված կլինեն երկու երկրների արտադրանքը և այլն:
Կողմերը համաձայնություն են ձեռքբերել ստեղծել ոլորտային աշխատանքային խումբ, որը գործնականում կզբաղվի պայմանավորվածությունների կյանքի կոչմամբ:
Պայմանավորվածություն է ձեռքբերվել նաև նմանատիպ քննարկումներ կազմակերպել պարբերաբար: