Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՄԱՐԶԻ ՂԵԿԱՎԱՐԸ ՍՊԻՏԱԿԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԾԱՆՈԹԱՑԱՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՇԻՆԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ
08.06.2020
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը եղավ Սպիտակի տարածաշրջանի Ջրաշեն, Մեծ Պարնի, Ծաղկաբեր համայնքներում՝ ծանոթանալով պետական միջոցներով և պետություն –համայնք համատեղ ներդրմամբ 2019թ. իրականացված շինարարական աշխատանքներին:
Առաջին կանգառը Ծաղկաբեր համայնքում էր: Այստեղ ավարտական փուլում է Մ7 - Մեծ Պարնի - Ծաղկաբեր 6.24 կմ երկարությամբ ճանապարհահատվածի հիմնանորոգումը: Ծրագրի պայմանագրային արժեքը 656 մլն դրամ է: Կապալառու կազմակերպությունն է «Ճանապարհ» ՍՊԸ-ն: Ծրագիրն իրականացվում է Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ և պետբյուջեի համաֆինանսավորմամբ:
Մարզի ղեկավարն ընդհանուր առմամբ իր գոհունակությունը հայտնեց կատարված աշխատանքներից՝ նշելով, սակայն, որ վերջնական եզրակացությունը կտրվի լաբորատոր հետազոտության արդյունքում: Նա որոշակի դիտարկումներ արեց մայթեզրերի հետ կապված՝ հորդորելով շտկել թերությունները:
-Պետական քաղաքականությունը միտված է նրան, որ առաջնահերթ կերպով կապիտալ հիմնանորոգված լինեն միջպետական նշանակության բոլոր ճանապարհները: Այս առումով նախորդ տարի իրականացվել և այս տարի նախատեսվում են մեծածավալ ճանապարհաշինական աշխատանքներ: Վստահ եմ, մեկ տարի անց այլևս չհիմնանորոգված միջպետական ճանապարհներ չենք ունենա: Այսուհանդերձ, հանրապետական և համայնքային նշանակության ճանապարհների հիմնանորոգման մեծածավալ աշխատանքներ ևս ընթանում են,-ասաց մարզպետը:
Ծաղկաբեր համայնքում մեկ կարևոր հարց ևս լուծվում է. Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ(ՀՏԶՀ)՝ 7.3 մլն դրամ պայմանագրային արժեքով համայնքի խմելու ջրագծի հիմնանորոգում է իրականացվում: Այս տարի սուբվենցիոն միջոցներով նույնպես նախատեսվում է խմելու և ոռոգման ջրագծերի հիմնանորոգում կատարել, ինչը կնպաստի ի վերջո կարգավորելու համայնքում ջրամատակարարման հետ կապված խնդիրները:
Մեծ Պարնի համայնքում մարզի ղեկավարը եղավ միջնակարգ դպրոցում: Այստեղ ՀՏԶՀ պատվիրատվությամբ(պայմանագրային արժեքը՝ 9.7 մլն դրամ) դպրոցի 1-ին և 2-րդ մասնաշենքերում տեղադրվել է ջեռուցման համակարգ, փոխվել են մի քանի պատուհաններ, սակայն դպրոցում առկա է նաև հիմնանորոգման և գույքով ապահովման խնդիր: Մարզպետը եղավ նաև տեղի ամբուլատորիայում՝ հետևելով համավարակով պայմանավորված իրավիճակում այստեղ տարվող աշխատանքներին:
Մարզի ղեկավարը ողջունելի համարեց նաև այն, որ այս տարի համայնքը երկու սուբվենցիոն ծրագիր է ներկայացրել՝ արևային էլեկտրակայանով սնվող գիշերային լուսավորության համակարգի կառուցում և համայնքի մշակույթի տան ամրացման և մարզադահլիճի հիմնանորոգման աշխատանքներ՝ ընդհանուր առմամբ՝ ավելի քան 60 մլն դրամ ներդրմամբ:
Ջրաշեն համայնքում մարզպետը հետևեց 2019թ. մեկնարկած, սուբվենցիոն միջոցներով իրականացվող ներհամայնքային ճանապարհների հիմնանորոգման աշխատանքներին (պայմանագրային արժեքը՝ 51.6 մլն դրամ, որից համայնքի ներդրում՝ 25.7 մլն դրամ), որն իրականացվում է տուֆ քարով: Այցելության պահին կատարված էր աշխատանքների 75 տոկոսը:
-Հատկապես գյուղական ճանապարհների համար, տուֆով սալարկումը շատ արդյունավետ տարբերակ է՝ և՛ մատչելի, և՛ դիմացկուն: Կարող է ծառայել տասնյակ տարիներ,-ասաց Ա. Ղուկասյանը՝ նշելով նաև, որ արդեն այս տարի սուբվենցիոն ծրագրերով շուրջ մեկ տասնյակ համայնքներում այս եղանակով կբարեկարգվեն գյուղամիջյան ճանապարհներ: