Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ծրագրերից 2-ն ավարտված են, մեկը՝ դադարեցված

05.06.2020

Լոռու մարզի զբաղվածության աջակցության մարզային հանձնաժողովը մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանի նախագահությամբ անցկացրեց այս տարվա թվով 4-րդ նիստը:
Օրակարգի առաջին հարցով հանձնաժողովի քարտուղար, առողջապահության և սոցիալական ապահովության վարչության սոցիալական ապահովության բաժնի պետ Վալերի Ջաղինյանը հիմնականում անդրադարձավ 2021թ. համար «Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով` գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովում» ծրագրային աշխատանքների կազմակերպմանը: Այնուհետև ծրագրեր իրականացնող համայնքների և գործընթացը համակարգող զբաղվածության տարածքային կենտրոնների ներկայացուցիչները, մշտադիտարկում իրականացնող մարզպետարանի աշխատակիցներն անդրադարձան «Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով` գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովում» ծրագրի շրջանակներում այս տարի մարզում իրականացվող բոլոր 11 ծրագրերին՝ Գուգարքի (Անտառամուտ, Դարպաս, Եղեգնուտ և Ձորագետ), Սպիտակի (Ծաղկաբեր, Սարալանջ, Հարթագյուղ), Թումանյանի (Ախթալայի Փոքր Այրում և Ճոճկան բնակավայրեր, Չկալով) և Ստեփանավանի (Լոռի Բերդի Բովաձոր և Հովնանաձոր բնակավայրեր, Գյուլագարակի Վարդաբլուր բնակավայր) տարածաշրջաններում:
Դրանցից երկուսը՝ «Եղեգնուտ համայնքի գյուղամիջյան հուշաղբյուրի վերանորոգման, խաղահրապարակի վերակառուցման, տաղավարի կառուցման և տարածքի բարեկարգման աշխատանքներ» և «Անտառամուտ համայնքի ակումբի շենքի վերանորոգման աշխատանքներ», որոնք մեկնարկել են այս տարվա ապրիլի 1-ին, արդեն իսկ ավարտված են: Վերջիններիս վերաբերյալ տեսանյութի միջոցով բավականին ընդգրկուն տեղեկատվություն ներկայացրեց հանձնաժողովի նախագահի տեղակալ, Վանաձորի զբաղվածության տարածքային կենտրոնի տնօրեն Արա Առաքելյանը: Նա նշեց, որ տեղեկատվական տարբեր հարթակներում ավարտված ծրագրերի վերաբերյալ ապահովվել է լայն հրապարակայնություն՝ ներկայացնելով նաև ծրագրերը վերահսկող իրավասու մարմնի՝ Զբաղվածության պետական գործակալության կողմից տրված դրական գնահատականը:
Փոխմարզպետը նույնպես իր գոհունակությունը հայտնեց նշված երկու համայնքներում իրականացված աշխատանքների վերաբերյալ:
Պատկերը ճիշտ հակառակն էր, սակայն, Սպիտակի տարածաշրջանի Հարթագյուղ համայնքում. այստեղ այս տարվա մայիսի 4-ից մեկնարկած «Հարթագյուղ համայնքի Սուրբ Հովհաննես տանող ճանապարհի խճալցում և բարեկարգում» ծրագրի իրականացումը մշտադիտարկման ընթացքում չի գոհացրել հանձնաժողովի քարտուղար Վալերի Ջաղինյանին, Սպիտակի տարածաշրջանում ծրագրերի խորհրդատու Գայանե Բոջուկյանին և Սպիտակի զբաղվածության կենտրոնի տնօրեն Գագիկ Ստեփանյանին, որոնց կողմից տրված բացասական եզրակացության և համայնքի կողմից աշխատանքների կատարողական չներկայացնելու հիմքով առաջարկվեց ծրագիրը դադարեցնել և այդ մասին տեղեկացնել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը(խնդրին անդրադարձ էր կատարվել նաև հունիսի 3-ին Գ. Մարկոսյանի գլխավորությամբ անցկացված խորհրդակցության ընթացքում):
Հարցի վերաբերյալ Գ. Մարկոսյանը նշեց, որ համայնքի ղեկավարը քանիցս անհարգալից վերաբերմունք է դրսևորել հանձնաժողովի նկատմամբ՝ նախ չներկայանալով նիստերին և ապա նաև՝ չտեսակցելով մշտադիտարկման նպատակով համայնք մեկնած հանձնաժողովի անդամների հետ:
- Համայնքի ղեկավարի պատճառով, թեև տուժում է ամբողջ համայնքը, սակայն մենք չենք կարող թույլ տալ, որ այսկերպ փոշիացվեն պետբյուջեից հատկացված միջոցները,-ասաց Գ. Մարկոսյանը:
Հանձնաժողովի նիստի ընթացքում ներկայացվեց նաև «Էյ-Թի-Փի» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչներ Նավասարդ Դադյանի և Արթուր Հարությունյանի առաջարկը՝ Տաշիրի տարածաշրջանի թվով երեք անտառային տարածքներում անտառվերականգնման աշխատանքներ իրականացնելու մասին:
Մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը հանձնարարեց գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Արուս Թումանյանին՝ «Էյ-Թի-Փի» բարեգործական հիմնադրամի և Տաշիրի և Մեծավանի համայնքապետարանների հետ համատեղ քննարկել ներկայացված առաջարկությունը, կազմել ծրագիր և ներկայացնել հանձնաժողովին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-25 09:47:02