Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հարցի լուծման ուղղությամբ քննարկումները մարզպետարանում կլինեն շարունակական
03.06.2020
Դեռևս այս տարվա փետրվար-մարտ ամիսներին մարզպետ Անդրեյ Ղուկասյանի կողմից բարձրացվել է Վանաձորի Բուլղարական տնակային ավանի շուրջ 240 տնակների զբաղեցրած հողատարածքներն այդ տնակների բնակիչներին համայնքի կողմից անհատույց տրամադրելու հարցը: Այս առաջարկությունը ներկայացվել է Վանաձոր համայնքի ղեկավարին:
Առաջարկվել է նաև բնակչության շրջանում իրազեկման աշխատանքներ իրականացնել՝ պարզելու, թե բնակչության քանի տոկոսը ցանկություն և հնարավորություն ունի սկսելու այդ գործընթացը (անհատույց տրամադրելու դեպքում փաստաթղթային ձևակերպումներ իրականացնելու համար անհրաժեշտ վճարումների չափը 130-150 հազար դրամ է):
Իրավիճակին տեղում ծանոթանալու նպատակով մարզի ղեկավարի հանձնարարությամբ մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը և մարզպետարանի մի խումբ պատասխանատու պաշտոնյաներ Բուլղարական տնակային ավանում հանդիպեցին բնակիչների հետ: Նրանց էին միացել նաև Վանաձորի համայնքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության բաժնի պետ Սուրեն Աբովյանը, «Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ ներկայացուցիչները:
Ինչպես պարզ դարձավ բնակչության հետ զրույցից, այս ձևաչափով և նման հստակ ձևակերպումներով սա առաջին հանդիպումն էր տնակային ավանի բնակիչների հետ:
Բնակիչներից Անահիտ Աղաբաբյանն անգամ նշեց, որ տարիներ առաջ սեփականաշնորհման գործընթաց են սկսել, սակայն գումարների մեծ լինելու պատճառով դադար են տվել: Այս առաջարկը նրանց մոտ նոր հուսեր է առաջացրել: Անուշ Մելոյանն էլ նշեց, որ հավանաբար կօգտվեն ընձեռվող հնարավորությունից և շնորհակալություն հայտնեց առաջարկությունը հանգամանորեն ներկայացնելու համար: Բնակիչների մի մասը, սակայն, վստահեցնում էր, որ հատկապես ներկա իրավիճակում դժվարություններ կունենան անգամ այդչափով վճարումներ կատարելու հարցում:
Լսելով բոլոր բնակիչների տեսակետները՝ մարզպետի տեղակալը նշեց, որ հարցի լուծման ուղղությամբ քննարկումները մարզպետարանում կլինեն շարունակական, բնակիչների հետ հանդիպումները և առաջարկությունների վերհանումը՝ նույնպես:
-Մենք ակնկալում ենք, որ Վանաձորի համայնքապետարանը պետք է այս ուղղությամբ առավել ինտենսիվ և արդյունավետ աշխատի, որպեսզի կարողանանք օր առաջ լուծել այս հարցը,-ասաց Գ. Մարկոսյանը: