Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Պետություն-համայնք համատեղ ներդրմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրերն այս տարի աննախադեպ կլինեն
02.06.2020
Լոռու մարզը ներկայացրել է ավելի քան 4 մլրդ 722 մլն դրամի տարաբնույթ ծրագրեր: Ծրագրերի քանակի առումով նախորդ տարվա ցուցանիշը գրեթե կրկնապատկվել է, իսկ ներդրվող գումարները 2019թ.-ի ցուցանիշը կգերազանցեն մինչև 3 անգամ:
Իրականացված հետևողական աշխատանքի շնորհիվ 2020թ.-ին թվով 40 համայնք ներկայացրել է 98 սուբվենցիոն հայտ, մինչդեռ 2019թ.-ին թվով 24 համայնք իրականացրեց ընդհանուր թվով 55 ծրագիր՝ 1 մլրդ 818 մլն դրամ ընդհանուր արժողությամբ:
Ներկա պահին հավանության է արժանացել 31 սուբվենցիոն ծրագիր:
Եվ այսպես՝ Լեռնապատ համայնքում կիրականացվի՝ «Համայնքի կարիքների համար գյուղտեխնիկայի և գյուղատնտեսական սարքավորումների ձեռքբերում» ծրագիրը:
Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 10 մլն դրամ, որից մոտ 5 մլն դրամը` համայնքային ներդրում: Ծրագրի իրականացման արդյունքում նախատեսվում է գյուղատնտեսական սարքավորումների ձեռքբերում, այդ թվում` խոտհնձիչ, եռախոփ գութան, կուլտիվատոր, հողաֆրեզ, կարտոֆիլացան, կարտոֆիլահան և խոտամամլիչ:
Ծրագրի իրականացման արդյունքում համայնքում յուրաքանչյուր տարի 20-25 տոկոսով կավելանա մշակվող վարելահողերի և հնձված խոտհարքների քանակը, կխթանվի կարտոֆիլագործությունը և անասնապահությունը, ավելի դյուրին կիրականացվեն հողամշակման աշխատանքները, ինչպես նաև կավելանան համայնքի բյուջեի մուտքերը` ի հաշիվ սարքավորումներով մատուցվող ծառայությունների: