Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տեսախորհրդակցություն՝ փորձի փոխանակման նպատակով
01.06.2020
Լոռու մարզի աշխատանքային խումբը քույր մարզ` Չինաստանի Շանսի նահանգի հրավերով մասնակցեց պանդեմիայով պայմանավորված հակահամաճարակային փորձի փոխանակման տեսախորհրդակցության՝<< COVID-19 վերահսկման և կանխարգելման>> թեմայի շուրջ: Տեսախորհրդակցությանը մասնակցում էին նաև Ճապոնիայի, Չեխիայի, Թայլանդի, Քենիայի, Ուկրայինայի պատվիրակությունները: Լոռու մարզը ներկայացնում էին մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը, մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի պարտականությունները կատարող Լուսինե Վարդանյանը, մարզպետարանի,Վանաձորի բժշկական կենտրոնի, թիվ 1 համաբուժարանի, ՀՎԿԱԿ Վանաձորի մասնաճյուղի պատասխանատու պաշտոնյաներ:
Կողմերը ներկայացրեցին իրենց երկրներում առկա համաճարակային իրավիճակը, համավարակի դեմ պայքարի միջոցառումները, ձեռնարկվող քայլերը:
Փոխմարզպետը, ողջունելով տեսախորհրդակցությանը մասնակցող բոլոր կողմերին, մարզպետ Անդրեյ Ղուկասյանի և իր անունից շնորհակալություն հայտնեց քույր մարզին նման նախաձեռնություն ցուցաբերելու համար՝ նշելով, որ սա փորձի փոխանակման շատ լավ հնարավորություն է: Նա ներկայացրեց ընդհանուր համաճարակային իրավիճակը հանրապետությունում և մասնավորապես՝ Լոռու մարզում, ինչպես նաև պետության կողմից իրականացվող սոցիալական և տնտեսական աջակցության ծրագրերը: Օգտվելով առիթից՝ փոխմարզպետը չինական կողմին նաև շնորհակալություն հայտնեց Հայաստանին այս ընթացքում ցուցաբերած աջակցության համար:
Ոլորտի պատասխանատուները տեղեկատվություն ներկայացրեցին հիվանդների բուժման, կոնտակտավոր անձանց մեկուսացման հետ կապված, ինչպես նաև մասնագիտական մի շարք հարցերի վերաբերյալ: Չինական կողմին փորձի փոխանակման նպատակով նախապես ուղարկված հարցեր ևս ստացան իրենց սպառիչ պատասխանները: