Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Պարգևատրվեցին «Իմ գունեղ Լոռի» խորագրով գունանկարի առցանց մրցույթի մրցանակակիրները

01.06.2020

 Այսօր Վանաձորի Ստեփան Զորյանի տուն-թանգարանի հյուրընկալ հարկի ներքո պարգևատրվեցին Լոռու մարզպետարանի և «Ազգային արժեք» մշակույթի համահայկական հիմնադրամի կողմից հայտարարված, Հայրենական մեծ պատերազմում տարած Հաղթանակի 75-րդ տարեդարձին և Շուշիի ազատագրման 28- ամյակին նվիրված «Իմ գունեղ Լոռի» խորագրով գունանկարի առցանց մրցույթի մրցանակակիրները: Փոքրիկ նկարիչներին շնորհավորելու էին գնացել Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, փոխմարզպետ Գայանե Մարկոսյանը, մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Ռաֆայել Հարությունյանը, մշակույթի և սպորտի բաժնի պետ Արամ Ռևազյանը:
Մրցանակակիրներին իր շնորհավորանքներն ու բարեմաղթանքի ջերմ խոսքերը հղեց մարզի ղեկավարը: Մարզպետն, ի դեմս զորյանական այգում հավաքված երեխաների, Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա առթիվ շնորհավորեց բոլոր մանուկներին՝ մաղթելով անհոգ մանկություն ու խաղաղ երկինք.
- Մեր հասարակության ու մեզնից յուրաքանչյուրի պարտքն ու առաքելությունն է՝ սատար կանգնելու ձեր երազանքների ու նպատակների իրականացմանը,-ասաց նա:
Բարեմաղթանքի խոսքեր հղեցին նաև Գայանե Մարկոսյանը և Ռաֆայել Հարությունյանը:
-Մասնակցության ակտիվությունն աննախադեպ էր: Ձեզնից յուրաքանչյուրը փորձել է պատկերել իր բաժին Լոռին, իր պատկերացումները սիրելի ծննդավայրի մասին, ինչը, անկեղծ, շատ է հուզել մեզ: Մաղթում եմ, որ ձեր ու մեր բոլոր փոքրիկների ուղին անխոչընդոտ լինի, քանզի ձեզնով է մեր կյանքն իմաստավորվում,-նշեց Գ. Մարկոսյանը:
Ռ. Հարությունյանն իր ողջույնի խոսքում մասնավորապես ասաց, որ մրցույթին մասնակցել է Լոռու մարզի դպրոցների 1- 5-րդ դասարանների ընդհանուր առմամբ 530 դպրոցական և շատ դժվար է եղել ընտրություն կատարելը, որովհետև բոլոր նկարները եղել են շատ հետաքրքիր և տպավորիչ: Նա նշեց, որ հիմնադրամի հետ մարզպետարանը կշարունակի համագործակցել նաև այլ ծրագրերի շրջանակներում և, օգտվելով առիթից, նշեց, որ մարզի ղեկավարի շնորհակալագրով կպարգևատրվի նաև հիմնադրամի տնօրենը:
Ստեփան Զորյանի տուն- թանգարանի տնօրեն Լենա Անթառանյանն էլ, շնորհակալություն հայտնելով հիշարժան օրվա առթիվ նման գեղեցիկ միջոցառում նախաձեռնելու համար, խոստացավ համավարակային իրավիճակի ավարտից հետո երեխաների աշխատանքները ցուցադրել զորյանական հարկի տակ:
Ա. Ղուկասյանը, Գ. Մարկոսյանը, Ռ. Հարությունյանը շնորհակալագրեր և նվերներ հանձնեցին 1-ից 3-րդ մրցանակային տեղերը զբաղեցրած 6 դպրոցականի (1-ին տեղ՝ Շահնազարյան Էֆի,2-րդ՝ Գերյան Լիլիթ, Փիլոսյան Մանե, 3-րդ՝ Պառավյան Ռազմիկ,Թամարյան Մարտուն,Աղաջանյան Դավիթ), ովքեր արժանացան հատուկ մրցանակների, ևս 4 մրցանակ տրամադրվեց ժյուրիի կողմից:
Լավագույն ևս 28 աշխատանքի հեղինակները Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի կողմից կպարգևատրվեն շնորհակալագրերով, նրանց պարգևները կհանձնվեն դպրոցների միջոցով:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:54:09