Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Սոցիալական ձեռներեցության էկոհամակարգի զարգացում՝ սահմանային գյուղերում կանաչ առաջընթացի համար» ծրագրում ընդգրկված է նաև Լոռու մարզը

26.05.2020

«Սոցիալական ձեռներեցության էկոհամակարգի զարգացում՝ սահմանային գյուղերում կանաչ առաջընթացի համար» ծրագիրը, որն իրականացվում է Եվրամիության ֆինանսական աջակցությամբ՝ CENN, «Կանաչ արահետ» (Հայաստան ) և KRDF(Վրաստան) կազմակերպությունների կողմից, Հայաստանում ընդգրկում է Լոռու, Տավուշի և Շիրակի մարզերը: Ծրագրի մեկնարկը տրվել է նախորդ տարեվերջին և ավարտը նախատեսվում է 2022թ. հոկտեմբերին:
Այսօր ծրագրի և ակնկալվող արդյունքների ներկայացման նպատակով շահագրգիռ կառույցների մասնակցությամբ հանդիպում էր կազմակերպվել Լոռու մարզպետարանում: Ներկաներին և ծրագրի պատասխանատուներին իր ողջույնի խոսքը հղեց մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը և նշեց, որ ծրագրի շրջանակներում ստեղծվող տեղական խորհրդատվական խորհուրդների կազմում անպայման կներգրավվեն նաև մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաներ՝ իրենց մասնակցությունն ունենալով ծրագրի հաջող ընթացքի գործում: Նա նաև շնորհակալություն հայտնեց Լոռու մարզը ծրագրում ընդգրկելու համար:
Իր հերթին շնորհակալություն հայտնելով հյուրընկալության համար՝ «Կանաչ արահետ» կազմակերության նախագահ Նունե Սարուխանյանը համառոտ ներկայացրեց կազմակերպության գործունեությունը և մասնավորապես իրականացված ծրագրերը Լոռու մարզում՝ ընդգծելով, որ Լոռին մասնակցության առումով ամենաակտիվ մարզերից է :
«Սոցիալական ձեռներեցության էկոհամակարգի զարգացում՝ սահմանային գյուղերում կանաչ առաջընթացի համար» ծրագրի համակարգող Լուսինե Վերդյանը ներկայացրեց առաջարկվող ծրագիրը և ակնկալվող արդյունքները: Նա մասնավորապես նշեց, որ ծրագիրը նախատեսված է 15-29 տարեկան ակտիվ և նախաձեռնող երիտասարդների համար և նպատակ ունի թիրախային տարածաշրջանների երիտասարդների ձեռնարկատիրական ներուժի զարգացում ապահովել սոցիալական ձեռներեցության ոլորտում՝ նպատակ ունենալով նպաստել սոցիալական համախմբմանը, զբաղվածությանը, ներառմանը և անհավասարությունների նվազեցմանը:
Առաջարկվող նախագիծը բարենպաստ պայմաններ կստեղծի Վրաստանում և Հայաստանում սոցիալական ձեռներեցության և կանաչ նորարարության համար, կխթանի այս ոլորտների՝ սահմանամերձ գյուղական համայնքների անապահով երիտասարդների ներուժը: Ընդ որում, սոցիալական ձեռներեցությունը դիտվում է որպես միջոց ապահովելու ավելի մեծ սոցիալական և բնապահպանական օգուտ երկու երկրների թիրախային շրջանների տեղական համայնքների համար և սոցիալական ձեռներեցությունը օգտագործում է որպես գյուղական երիտասարդների աշխատանքի հաջողակ անցում կատարելու տարբերակ:
Ակնկալվող արդյունքները հետևյալն են.
1.Սոցիալական ձեռներեցության և կանաչ նորարարության վերաբերյալ ստեղծվել են շահագրգիռ պլատֆորմեր, որոնք արդյունավետորեն նպաստում են Հարավային Կովկասի տարածաշրջանում երիտասարդության համար սոցիալական ձեռներեցության և կանաչ նորարարության միջավայրի ստեղծմանը:
2.Երկու երկրների անբարենապաստ պայմաններում գտնվող երկտասարդությունը խրախուսվում է անցնելու արդյունավետ աշխատանքի(կիրականացվեն դասընթացներ, կկազմակերպվեն ճամբարներ, գործողությունների և պլանների մշակում և այլն):
3.Սոցիալական ձեռներեցության նորարարական լուծումների առավելությունները ցուցադրվում են Վրաստանում և Հայաստանում փորձնական սոցիալական նախաձեռնությունների իրականացման միջոցով(այդ թվում՝ «գաղափարների բանկի» ստեղծում):
4.Բարձրացվում է իրազեկվածությունը և բացահայտվում են սոցիալական ձեռներեցության առավելությունները երիտասարդության աշխատանքի անցման համար, որը ևս իր հեթին ենթադրում է մի շարք կարևոր գործողություններ, այդ թվում է գյուղական նորարարությունների գիտելիքների 6 կենտրոնների ստեղծում թիրախային տարածաշրջաններում, աշխատանքի տոնավաճառների կազմակերպում և այլն:
Հանդիպման ընթացքում ծրագրի Լոռու մարզի համակարգող Քրիստինե Հովսեփյանը ներկայացրեց ծրագրի ակնկալվող դերակատարությունը երիտասարդների ձեռներեցության ակտիվացման գործում և Լոռու մարզի երիտասարդության հիմնահարցերը:
Հանդիպման ավարտին ծավալվեց ակտիվ հարցուպատասխան:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 17:45:13