Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Աշխատանքային խորհրդակցություն Լոռու մարզպետարանում
25.05.2020
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն այսօր ընդլայնված խորհրդակցություն անցկացրեց փոխմարզպետ Գայանե Մարկոսյանի, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների և մարզպետարանի պատասխանատու այլ պաշտոնյաների մասնակցությամբ:
Մինչ օրակարգային հարցերին անցնելը, մարզպետ Անդրեյ Ղուկասյանը ներկայացրեց մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի նորանշանակ պետ Հերմինե Գասպարյանին՝ մաղթելով աշխատանքային հաջողություններ:
Տեղեկատվություն ներկայացվեց նախորդ շաբաթ մարզի ղեկավարի կողմից տրված հանձնարարականների կատարման վերաբերյալ: Մասնավորապես զեկուցվեց, որ Վանաձորի Բուլղարական տնակային ավանի հետ կապված խնդրի վերաբերյալ որևէ առաջընթաց չի գրանցվում, թեև հարցը կրկին տեղում ուսումնասիրվել է: Մասնավորապես խնդիրն այն է, որ այստեղ տեղակայված ժամանակավոր կացարանները պատկանում են բնակիչներին, մինչդեռ հողատարածքները՝ համայնքային սեփականության են: Մարզի ղեկավարի առաջարկությանը, հողատարածքները տրամադրել բնակիչներին, շուրջ մեկ տարի է, ինչ-ինչ պատճառներով լուծում չի ստանում.
-Հարկ է արձանագրել, որ համայնքապետարանը այս առումով որևէ քայլ չի ձեռնարկում,-ասաց մարզի ղեկավարը՝ հանձնարարելով ամեն շաբաթ զեկուցել իրականացված աշխատանքների վերաբերյալ:
Ներկաները հանդես եկան նաև կատարված աշխատանքների մասին հաշվետվությամբ:
Փոխմարզպետ Գայանե Մարկոսյանը տեղեկացրեց, որ նախորդ շաբաթվա ընթացքում մարզպետարանի աջակցող խմբերի և կամավորների օգնությամբ շարունակվել է սննդօգնության բաշխումը մարզի կարիքավոր ընտանիքներին:
Տեղեկացվեց նաև, որ մարզում այս տարի իրականացվելիք մեծածավալ շինարարական աշխատանքներին մասնակցելու համար մարզպետարանի կողմից տարածված հայտարարությանն արձագանքել է շուրջ 1400 քաղաքացի:
Գ. Մարկոսյանը տեղեկատվություն ներկայացրեց նաև արդեն իսկ հաստատված 19 սուբվենցիոն ծրագրերի ընթացքի վերաբերյալ:
Փոխմարզպետն անդրադարձավ համայնքների կողմից հարկերի հավաքագրման գործընթացին՝ նշելով, որ թեև առաջընթաց գրանցվել է, սակայն աշխատանքները հետևողական կերպով շարունակվում են՝ նպատակ ունենալով ցուցանիշը հասցել 100 տոկոսի:
Քննարկվեցին ստորաբաժանումների կողմից նախորդ շաբաթվա ընթացքում կատարված աշխատանքների և ընթացիկ խնդիրների վերաբերյալ մի շարք այլ հարցեր ևս:
Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետի պարտականությունները կատարող Արտյոմ Շահվերդյանը մասնավորապես ներկայացրեց, որ մեկնարկել են անտառատնկման աշխատանքները և ադեն իսկ տնկվել է 330 հազար տնկի: Մարզում նախատեսվում է տնկել 829 հազար տնկի: Աշխատանքներում ներգրավված է 415 շահառու:
Մարզում շարունակվում է գարնանացանը և այս պահի դրությամբ այն կազմում է 6756 հա, շուրջ 600 հա-ով ավելի, քան նախորդ տարի:
Քաղաքաշինության վարչության պետ Արմեն Ջանազյանը, զեկուցելով տրված հանձնարարականների կատարման և մարզում ընթացող շինաշխատանքների ընթացքի վերաբերյալ, մասնավորապես նշեց, որ 2019թ.-ից 2020թ. տեղափոխված սուբվենցիոն միջոցներով իրականացվող 6 ծրագրից 2-ն արդեն ավարտական փուլում են:
Մարզի ղեկավարը խորհրդակցության ընթացքում անդրադարձավ մարզի համայնքներում տարիներ շարունակ տեղ գտած արատավոր երևույթներից հերթականին. ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել, որ շուրջ 55 համայնքում կապի ապահովման աշտարակները մեծ մասամբ տեղադրված են եղել համայնքների ղեկավարներին, կամ նրանց հարազատներին պատկանող հողատարածքներում, հետևաբար վարձակալության գումարները վճարվել են նրանց: Արդյունքում՝ համայնքները զգալի ֆինանսական վնասներ են կրել: Այդ հիմքով մարզի 2 համայնքի ղեկավարի նկատմամբ արդեն գործ է հարուցված:
Անդրեյ Ղուկասյանն, ամփոփելով խորհրդակցությունը, նաև իր նկատառումները հայտնեց ստորաբաժանումների կողմից կատարված աշխատանքների վերաբերյալ՝ պահանջելով հանձնարարականները կատարել հստակ ժամկետների մեջ:
Քննարկվեցին մի շարք այլ օրախնդիր հարցեր ևս, տրվեցին հանձնարարականներ: