Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի շնորհավորական ուղերձը Վերջին դասի կապակցությամբ
22.05.2020
Սիրելի շրջանավարտնե՛ր,
Այս տարի Վերջին դասը, ձեզ հայտնի պատճառներով, մեր մարզում, երկրում, ինչպես նաև ողջ աշխարհում նշվում է անսովոր պայմաններում: Շա՜տ ափսոս, որ նախորդ տարիների նման, հնարավորություն չունենք այս գեղեցիկ և հիշարժան օրվա առթիվ այցելելու ուսումնական հաստատություններ ու հնչեցնելու մեր բարեմաղթանքները, դիտելու ձեր գեղեցիկ կատարումները և հուզմունքով համեմված հրաժեշտի խոսքերը: Այսուհանդերձ, մենք բոլորս լցված ենք լավատեսությամբ և վստահ ենք, որ դժվարությունները շատ շուտով անցյալում կմնան:
Սիրելի՛ երիտասարդներ
Ուսումնառության առաջին լուրջ շեմը հաղթահարելով՝ դուք մուտք եք գործում գիտելիքների, մարդկային նոր հարաբերությունների մի անծանոթ աշխարհ, որը վստահ եմ, պատվով կկատարեք՝ բարձրանալով մեկ աստիճան ևս՝ դեպի ձեր նվիրական երազանքների իրականացումը:
Մենք վստահ ենք, որ ձեզնից յուրաքանչյուրն, ինչ ճանապարհ էլ ընտրի, նախ և առաջ լինելու է մեր երկրի պատվախնդիր քաղաքացին, ապրելու և գործելու է այն գիտակցությամբ, որ Հայաստանն է մեր տունը, մեր հարազատ օրրանը, և իր գիտելիքներն ու ավյունը նվիրաբերելու է հայրենիքի բարօրության ու հզորացման համար:
Ողջունում և իմ երախտագիտությունն եմ հայտնում նաև բոլոր ուսուցիչներին, քանզի համավարակի պայմաններում հեռավար դասերի անխոչընդոտ կազմակերպումն առավելապես ընկած էր հենց նրանց ուսերին:
Սիրելի՛ շրջանավարտներ
Կրկին անգամ շնորհավորելով ՝ մաղթում եմ ձեզ, որ գեղեցիկ հիշողություններ տանեք այն կրթօջախներից, որտեղ անցել են ձեր կյանքի ամենաանհոգ տարիները, մաղթում եմ, որ մարդկային հարաբերությունների պարզությունն ու ազնվությունը, որ ունեցել եք մանկության ու պատանեկության տարիներին, ուղեկից լինեն կյանքի դժվարին շրջափուլերում:
Բարի երթ :