Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
«Անասնապահության զարգացում Հայաստանում հարավ-հյուսիս» ծրագրի շրջանակներում այս տարի ևս մարզում շուրջ 100 մլն դրամի ներդրում կիրականացվի
22.05.2020
«Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ն Լոռու մարզում ակտիվ գործունեություն է ծավալում՝ մարզպետարանի հետ համագործակցությամբ իրականացնելով գյուղատնտեսության զարգացմանն ուղղված բազմաթիվ ծրագրեր:
Նախորդ տարի ՀՀ պետական աջակցության ծրագրի, ինչպես նաև Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության և Ավստրիական զարգացման գործակալության կողմից ֆինանասավորվող «Անասնապահության զարգացում Հայաստանում հարավ-հյուսիս» ծրագրի շրջանակներում և թվով 4 ֆերմերների համաֆինանսավորմամբ մարզի Մարգահովիտ, Տաշիր համայնքներում և Բովաձոր բնակավայրում կառուցվեցին թվով 4 առաջատար, «խելացի» անասնաշենքեր՝ նախատեսված շուրջ 300 գլուխ տոհմային խոշոր եղջերավոր կենդանիների համար: Ներդրման գումարը ընդհանուր առմամբ կազմեց 226.5 մլն դրամ:
Նույն ծրագրի շրջանակներում 2019թ. իրականացվեցին նաև հետևյալ ծրագրերը .
Աջակցություն է ցուցաբերվել մարզում գործող «Դուստր Մելանյա», «Գագիկ Մանուկյան», «Տարոն Մաթևոսյան» կաթի վերամշակման արտադրամասերին՝ արտադրությունները ժամանակակից սարքավորումներով վերազինելու գործում՝ իրականացնելով շուրջ 66.5 մլն դրամի ներդրում:
Թվով 19 անասնաբուժական կետ է հիմնվել Տաշիր, Ստեփանավան, Սարչապետ Մեծավան, Լոռի Բերդ, Գյուլագարակ, Մարգահովիտ, Ջրաշեն համայնքներում (ներդում՝ 11.8մլն դրամ):
Թվով 36 ֆերմերի սուբսիդավորման եղանակով հնարավորություն է տրվել ձեռքբերելու 148 գլուխ բարձր մթերատու խոշոր եղջերավոր կենդանի: Կատարվել է 40 մլն դրամի ներդրում:
Ծրագրի շահառու 7 համայնքի(Մարգահովիտ, Գյուլագարակ, Լոռի բերդ Ստեփանավան, Տաշիր, Սարչապետ, Մեծավան)35 բնակավայրում ընթացքի մեջ է 91 միավոր արոտային ենթակառուցվածքների շինարարության գործընթացը(ներդրումը կազմել է 92.95 մլն դրամ):
Այս տարվա ծրագրերը, կապված Լոռու մարզի հետ, ևս բավականին շատ են ու չնայած ստեղծված իրավիճակով պայմանվորված գործընթացը շուրջ 2 ամսով հետաձգվեց, բայց աշխատանքներն արդեն իսկ մեկնարկել են:
2020թ. համար նախատեսված ծրագրերը «Անասնապահության զարգացում Հայաստանում հարավ-հյուսիս» ծրագրի ղեկավար Վահե Հովհաննիսյանը և կազմակերպության Լոռու մարզի կառավարիչ Արթուր Քոչարյանը ներկայացրել են մարզպետ Անդրեյ Ղուկասյանին՝ կրկին անգամ արժանանալով մարզի ղեկավարի անվերապահ աջակցությանը:
Այս տարի «Անասնապահության զարգացում Հայաստանում հարավ-հյուսիս» ծրագրի շրջանակներում նախատեսվում է Տաշիր, Սարչապետ, Լերմոնտովո, Ջրաշեն, Մարգահովիտ համայնքներում իրականացնել արոտային ենթակառուցվածքների(ջրախմոց, արոտ տանող ճանապարհ, կացարան, մակատեղ, կթի սրահ և այլն) կառուցում՝ իրականացնելով շուրջ 100 մլն դրամի ներդրում:
Շնորհակալություն հայտնելով մարզում իրականացվող ծրագրերի համար՝ Անդրեյ Ղուկասյանը նշել է, որ մարզպետարանը պատրաստ է համագործակցության՝ կարևորելով նաև այն, որ հավարակով պայմանավորված իրավիճակը չի խոչընդոտել ծրագրերի արդյունավետ իրականացմանը: