Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ներքին զբոսաշրջության համար Լոռու մարզը պատրաստվում է լինել առաջատարի դիրքերում

21.05.2020

 Թեև համավարակի տարածման արդյունքում, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ՝ Հայաստանում, ամենատուժած ոլորտներից է զբոսաշրջությունը, այնուամենայնիվ, Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի համոզմամբ, միևնույն ժամանակ լավ հնարավորություն ներքին տուրիզմը զարգացնելու համար, և այս նպատակով Լոռու մարզը պատրաստվում է լինել առաջատարի դիրքերում:
Դրա համար Լոռին ունի բոլոր հնարավորությունները՝ չքնաղ բնություն, հարուստ պատմամշակութային արժեքներ, հյուրընկալ բնակիչներ և որ ամենակարևորն է՝ մարզային իշխանությունների ու ՀՀ կառավարության կողմից խրախուսվում և աջակցություն է ցուցաբերվում նաև զբոսաշրջության ոլորտում արվող ներդրումներին:
Այսօր Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը և փոխմարզպետ Գայանե Մարկոսյանը հյուրընկալվեցին վանաձորցի գործարար Զոհրապ Քեշիշյանին պատկանող տարածքում, որը շատ շուտով կվերածվի հանգստի գոտու՝ քոթեջներով, ռեստորանով, ժամանցի համար նախատեսված տարբեր կառույցներով: Տարածքը գտնվում է Վանաձորի մարզադաշտից վերև ընկած հատվածում: Այստեղ հողատարածք ձեռքբերելու հարցում Զոհրապին աջակցել է մարզի ղեկավարը՝ հենց սկզբից պատրաստակամություն հայտնելով օգնել գործարարին՝ ներդրումների իրականացման և տարածքը հանգստի գոտու վերածելու նախաձեռնության իրականացման հարցում: Այժմ էլ բանակցություններ են տարվում Շրջակա միջավայրի նախարարության հետ՝ անտառային գոտում շուրջ 7 հա տարածք վարձակալելու ուղղությամբ:
Պաշտոնյաները շրջեցին տարածքում՝ ծանոթանալով տարվող աշխատանքներին և վայելելով Վանաձորի հրաշք բնությունը: Շինարարական աշխատանքներին մասնակցող վարպետներից մի քանիսը նաև նշեցին, որ այս տարի ստեղծված իրավիճակով պայմանավորված, արտերկիր չեն մեկնել և ներգրավվել են հանգստի գոտու կառուցման աշխատանքներում:
Ծրագրի լիարժեք իրականացման համար երկրորդ փուլ ևս նախատեսվում է: Այժմ մարզի ղեկավարը բանակցություններ է վարում ՀՀ կառավարության հետ պետություն-համայնք-մասնավոր ներդրում եռակողմ համագործակցությամբ կյանքի կոչելու այս տարածքում ճոպանուղու կառուցման ծրագիրը:
-Եռակողմ համագործակցության այս մոդելն իրագործելու դեպքում այն ընդօրինակելի կարող է դառնալ նաև այլ բիզնես նախագծեր իրականացնելու համար,-ասում է մարզի ղեկավարը և նշում, որ զուգահեռ կարող են զարգանալ ձմեռային սպորտաձևերը՝ վերականգնելով Վանաձորում առկա գեղեցիկ ավանդույթները, հեծանվարշավը, քայլքային տուրիզմը և այլն:
Իսկ փոխմարզպետ Գայանե Մարկոսյանը վստահ է, որ այս ծրագրերի իրականացումն իր հետ կբերի շղթայական զարգացում՝ ընդօրինակելի դառնալով նաև մյուս ներդրողների համար:
Այցի շրջանակներում մարզի ղեկավարը և փոխմարզպետը եղան նաև «Կիրովական» հյուրանոցում. այստեղ ևս մեծածավալ ներդրումներ են իրականացվում: Շրջայցի ընթացքում տնօրեն Դավիթ Գրիգորյանը տեղեկացրեց, որ հյուրանոցում ներկա պահին շահագործվում է 40 հյուրանոցային սենյակ: Շինարարական աշխատանքների թույլտվությունից հետո մեծ թափով վերսկսվել են ևս 20 հյուրանոցային սենյակի հիմնանորոգման աշխատանքները՝ 4-րդ հարկում և շատ շուտով դրանք ավարտին կմոտենան:
Մարզի ղեկավարն իր խոսքում կարևորեց, որ չնայած ստեղծված իրավիճակին, ներդումային ծրագրերը մարզում չեն նահանջում.
-Հավասարության սկզբունքով փորձում ենք աշխատել բոլոր ներդրողների հետ՝ նպաստելով հնարավորինս շատ ծրագրերի իրականացմանը մեր մարզում և ուրախալի է, որ համավարակով պայմանավորված իրավիճակը որևէ կերպ չի խոչընդոտում մեր գործարարներին ծրագրերի և ներդրումների իրականացման հարցում,-ասում է Անդրեյ Ղուկասյանը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-25 11:32:06