Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Քննարկվեցին մի շարք օրախնդիր հարցեր, տրվեցին հանձնարարականներ
18.05.2020
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն այսօր ընդլայնված խորհրդակցություն անցկացրեց փոխմարզպետ Գայանե Մարկոսյանի, մարզպետարանի գլխավոր քարտուղար Արթուր Մխիթարյանի, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների և մարզպետարանի պատասխանատու այլ պաշտոնյաների մասնակցությամբ:
Մինչ օրակարգային հարցերին անցնելը, տեղեկատվություն ներկայացվեց նախորդ շաբաթ մարզի ղեկավարի կողմից տրված հանձնարարականների կատարման վերաբերյալ: Այնուհետ ներկաները հանդես եկան կատարված աշխատանքների մասին հաշվետվությամբ:
Փոխմարզպետ Գայանե Մարկոսյանը տեղեկացրեց, որ նախորդ շաբաթվա ընթացքում մարզպետարանի աջակցող խմբերի և կամավորների օգնությամբ շարունակվել է սննդօգնության բաշխումը մարզի կարիքավոր ընտանիքներին, որոնց վերաբերյալ յուրաքանչյուր շաբաթ տեղեկանք է հրապարակվում:
Մարզպետարանում գործող թեժ գծով, որով խորհրդատվություն է տրամադրվում ՀՀ կառավարության Կորոնավիրուսի սոցիալական և տնտեսական հետևանքների չեզոքացման ծրագրերի վերաբերյալ, մինչ օրս ստացվել է 1036 հեռախոսազանգ, անհրաժետության դեպքում մարզպետարանի աշխատակիցն օգնել է քաղաքացիներին լրացնելու հայտերը: Տեղեկացվեց նաև, որ մարզում այս տարի իրականացվելիք մեծածավալ շինարարական աշխատանքներին մասնակցելու համար մարզպետարանի կողմից տարածված հայտարարությանն արձագանքել է ավելի քան 1200 քաղաքացի:
Փոխմարզպետը տեղեկացրեց, որ «Վարձատրվող հասարակա¬կան աշխատանքների կազմակերպման միջոցով` գործազուրկների ժամանա¬կավոր զբաղվա¬ծության ապահովման» ծրագրի շրջանակներում իրականացվող բոլոր 11 ծրագրերը մեկնարկել են և ընթանում են բնականոն հունով:
Անդրադարձ կատարվեց մարզպետարանի հետ համատեղ առաջիկայում իրականացվելիք ծրագրերին: Նշվեց, որ դրանք կյանքի կկոչվեն արդեն այս շաբաթվա ընթացքում. «ԵՄ կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում» (EU-GAIA) ծրագրի շրջանակներում կորոնավիրուսի հետևանքների մեղմման նպատակով մարզին կհատկացվի 8650կգ հատիկաընդեղենի սերմացուներ՝ սոյա, ոլոռ, սիսեռ և ոսպ, ինչպես նաև 10 հատ մոտորաբլոկ, որոնք կբաշխվեն գյուղատնտեսներին: «Կանաչ արահետ» գյուղատնտեսության աջակցության հասարակական կազմակերպությունը, որը մարզպետարանի հետ համագործակցելու ցանկություն է հայտնել, կլինի մարզում և սննդի փաթեթներ ու տնկիներ կհատկացնի մարզի բազմազավակ ընտանիքներին:
Գ. Մարկոսյանը տեղեկատվություն ներկայացրեց նաև արդեն իսկ հաստատված 9 սուբվենցիոն ծրագրերի ընթացքի վերաբերյալ: Քանի որ հայտերի ներկայացման վերջնաժամկետը երկարացվել է մինչև մայիսի 26-ը, ներկայում աշխատանքներ են տարվում լրացուցիչ ծրագրային փաթեթների ամբողջացման և ներկայացման ուղղությամբ:
Փոխմարզպետը տեղեկացրեց նաև մարզի ղեկավարի հանձնարարությամբ ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության կողմից մարզի ՀՈԱԿ-ներում կատարված ուսումնասիրությունների արդյունքների մասին՝ նշելով, որ հիմնականում տնօրենների կրթության անհամապատասխանության, ինչպես նաև սահմանված տարիքը լրանալու հետ կապված մի շարք խախտումներ են հայտնաբերվել:
Ուսումնասիրություններ են կատարվել նաև համայնքների ավագանիների՝ նիստերից պարբերաբար բացակայելու ուղղությամբ ևս. այստեղ ևս խնդիրներ են արձանագրվել: Անդրեյ Ղուկասյանի հանձնարարությամբ համապատասխան գրություններ կուղարկվեն համայնքների ղեկավարներին՝ խախտումները հստակ ժամկետներում վերացնելու նպատակով:
Քննարկվեցին ստորաբաժանումների կողմից նախորդ շաբաթվա ընթացքում կատարված աշխատանքների և ընթացիկ խնդիրների վերաբերյալ մի շարք այլ հարցեր ևս:
Քաղաքաշինության վարչության պետ Արմեն Ջանազյանը մասնավորապես զեկուցեց, որ Շուշիի ազատագրման ժամանակ զոհված ազատամարտիկ Զոհրապ Հովհաննիսյանի մոր՝ Օլյա Օգանեզովայի բնակարանի գազաֆիկացման խնդրին օրերս լուծում կտրվի, արդեն իսկ համապատասխան աշխատանքներ են իրականացվել: Հիշեցնենք, որ մայիսի 8-ին տիկնոջ բնակարան այցի ժամանակ մարզի ղեկավարը խոստացել էր ընդառաջել այդ հարցում:
Անդրեյ Ղուկասյան, ամփոփելով խորհրդակցությունն, իր նկատառումները հայտնեց ստորաբաժանումների կողմից կատարված աշխատանքների վերաբերյալ՝ պահանջելով հանձնարարականները կատարել հստակ ժամկետների մեջ:
Քննարկվեցին մի շարք այլ օրախնդիր հարցեր ևս, տրվեցին հանձնարարականներ: