Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել

11.05.2020

Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-րդ հոբելյանական տարեդարձի և Շուշիի ազատագրման 28-ամյակի առթիվ մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, փոխմարզպետ Գայանե Մարկոսյանը, մարզպետարանի մի խումբ պաշտոնյաներ անձամբ այցելեցին Հայրենական մեծ պատերազմի մասնակից 21 վետերանների և Շուշիի ազատագրմանը մասնակցած 34 ազատամարտիկների բնակարաններ՝ իրենց հարգանքն ու խոնարհումը հայտնելով նրանց:
Մարզպետ Անդրեյ Ղուկասյանն այսօր հյուընկալվեց 97-ամյա Հովհաննես Ուլիխանյանի օջախում: Երեք երեխաների հայրը, թոռների, ծոռների ու ծուռների պապիկը շրջապատված էր ջերմ հոգատարությամբ: Ասում է՝ հազվադեպ է խոսում պատերազմի մասին, չի սիրում հիշել այդ օրերը, միայն պատմում է, որ վիրավորվել է 4 անգամ և հրաշքով փրկվել: Փոխարենը հպարտանում է, որ 60 տարի հաշվապահ է աշխատել ու դեռ կաշխատեր, եթե առողջությունը ներեր.
-Թող պատերազմ երբեք չլինի,- հուզվում է պապիկը,-բոլորիդ առողջություն եմ մաղթում:
Մարզպետ Անդրեյ Ղուկասյանն էլ իր ջերմ շնորհավորանքներն է հղում Հովհաննես Ուլիխանյանին.
-Մենք խոնարհվում ենք ձեր սխրանքի առջև: Իմ պապիկը նույնպես Մեծ Հայրենականի մասնակից է եղել ու մանկությունից նրանից լսած պատմություններն են դաստիարակել իմ մեջ անսահման հայրենասիրություն,-ասում է Ա. Ղուկասյանը՝ պապիկին մաղթելով երկար տարիների կյանք.
-Հաղթանակի 80-ամյակին նույնպես գալու ենք, այնպես որ առողջ եղեք: Դուք մեր ուշադրության կենտրոնում եք տարվա բոլոր օրերին՝ անկախ տոնակատարություններից, այնպես որ՝ կարող եք դիմել ցանկացած հարցով,-հավելում է մարզպետը:
Նա վետերանին նաև շնորհավորագիր և դրամական պարգև հանձնեց:
Մարզի ղեկավարն այցելեց նաև Շուշիի ազատագրման ժամանակ զոհված ազատամարտիկ Զոհրապ Հովհաննիսյանի մորը՝ Օլյա Օգանեզովային՝ հանձնելով դրամական աջակցություն և հայտնելով իր ու մարզպետարանի ողջ աշխատակազմի պատրաստակամությունը անհրաժեշտության դեպքում աջակցելու կնոջը:
-Ձեր որդին հայրենիքի համար տվել է ամենաթանկը՝ իր կյանքը: Մենք պարտական ենք մեր հերոսներին հաղթանակի ու խաղաղության համար,-ասաց մարզպետը:
Տիկին Օլյայի կողմից բարձրացված բնակարանի գազաֆիկացման խնդրին՝ մարզի ղեկավարն անմիջապես արձագանքեց. մարզպետարանի մասնագետները կուսումնասիրեն խնդիրը և աջակցություն կցուցաբերեն:
Փոխմարզպետ Գայանե Մարկոսյանն այսօր հյուրընկալվեց Հայրենական Մեծ պատերազմի մասնակցի, վաստակաշատ շինարար 95-ամյա Վազգեն Ավետիկյանին՝ նույնպես իր շնորհավորանքի ու երախտիքի խոսքը հայտնելով նրան: Փոխմարզպետը հետաքրքրվեց վետերանի հերոսական անցյալով՝ շնորհակալություն հայտնելով սխրանքների համար ու մաղթելով առողջություն, երկար տարիների կյանք:
Վազգեն Ավետիկյանը պատմեց, որ կռվել է Կովկասյան ճակատում, 18 տարին լրացած չի եղել և ինքնակամ է պատերազմ գնացել.
-Ամենահիշարժան պահն այն էր, երբ ասացին, որ հարձակվելու ենք Թուրքիայի վրա: Չնայած գիտեինք, որ արյուն է հեղվելու և շատերս զոհվելու ենք, բայց մեր ուրախությանը չափ ու սահման չկար, ափսոս՝ հետո չեղարկեցին հրամանը,-պատմում է վետերանն ու հուզմունքով ավելացնում,-մի բուռ հայ ենք մնացել, մեր ազգը շատ է տառապել, թող էլ կռիվ չտեսնի:
Փոխմարզպետը պապիկին խոստացավ այցելել նաև առանց առիթի, պարզապես զրուցելու և հաղորդակից դառնալու նրա ուսանելի կյանքին ու գործունեությանը:
• Մարզպետարանի աշխատակիցները մարզի ղեկավարի շնորհավորանքներն ու դրամական պարգևներ փոխանցեցին նաև Մեծ հայրենականի մյուս վետերաններին: Աջակցություն է ցուցաբերվել Շուշիի ազատագրմանը մասնակցած ազատամարտիկներին և նրանց ընտանքներին ևս:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 12:44:34