Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային խորհրդակցություն Լոռու մարզպետարանում

11.05.2020

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն այսօր ընդլայնված խորհրդակցություն անցկացրեց փոխմարզպետ Գայանե Մարկոսյանի, մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների և մարզպետարանի պատասխանատու այլ պաշտոնյաների մասնակցությամբ:
Ներկաները հանդես եկան նախորդ շաբաթվա ընթացքում կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվությամբ:
Փոխմարզպետ Գայանե Մարկոսյանը տեղեկացրեց, որ նախորդ շաբաթվա ընթացքում մարզպետարանի աջակցող խմբերի և կամավորների օգնությամբ շարունակվել է սննդօգնության բաշխումը մարզի կարիքավոր ընտանիքներին, որոնց վերաբերյալ յուրաքանչյուր շաբաթ տեղեկանք է հրապարակվում:
Մարզպետարանում գործող թեժ գծով, որով խորհրդատվություն է տրամադրվում ՀՀ կառավարության Կորոնավիրուսի սոցիալական և տնտեսական հետևանքների չեզոքացման ծրագրերի վերաբերյալ, մինչ օրս ստացվել է 892 հեռախոսազանգ, որոշ դեպքերում մարզպետարանի աշխատակիցը օգնել է քաղաքացիներին լրացնելու հայտերը: Մարզպետի տեղակալն անդրադարձավ նաև ընթացքի մեջ գտնվող և առաջիկայում իրականացվելիք 3 ծրագրի, որոնցից 2-ն առնչվում է գյուղատնտեսության ոլորտին. «ԵՄ կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում» (EU-GAIA) ծրագրի շրջանակներում կորոնավիրուսի հետևանքների մեղմման նպատակով մարզին կհատկացվի 8650կգ հատիկաընդեղենի սերմացուներ՝ սոյա, ոլոռ, սիսեռ և ոսպ, ինչպես նաև 10 հատ մոտորաբլոկ, որոնք կբաշխվեն գյուղատնտեսներին: «Կանաչ արահետ» գյուղատնտեսության աջակցության հասարակական կազմակերպությունը, որը մարզպետարանի հետ համագործակցելու ցանկություն է հայտնել, հաջորդ շաբաթ կլինի մարզում և սննդի փաթեթներ ու տնկիներ կհատկացնի մարզի 50 բազմազավակ ընտանիքի:
Գ. Մարկոսյանն, անդրադառնալով նաև մարզում 2020թ. իրականացվելիք սուբվենցիոն ծրագրերին, նշեց, որ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն է ներկայացվել 93 ծրագիր, որոնցից 9-ը արդեն հաստատվել է: Քանի որ հայտերի ներկայացման վերջնաժամկետը երկարացվել է մինչև մայիսի 26-ը, ներկայում աշխատանքներ են տարվում լրացուցիչ ծրագրային փաթեթների ամբողջացման և ներկայացման ուղղությամբ:
Մարզի ղեկավարն իր նկատառումները հայտնեց առանձին ստորաբաժանումների կողմից կատարված աշխատանքների վերաբերյալ՝ պահանջելով հանձնարարականները կատարել հստակ ժամկետների մեջ և ներկայացնել գրավոր հաշվետվություններ:
Քաղաքաշինության վարչության պետ Արմեն Ջանազյանը նշեց, որ հետևողական աշխատանք է իրականացվում սուբվենիցոն ծրագրերի ամբողջացման, ճանապարհների ամառային սպասարկման աշխատանքների պատշաճ կազմակերպման, մարզում հընթացս ծագող տարաբնույթ քաղաքաշինական խնդիրների կարգավորման ուղղությամբ: Տեղեկացվեց նաև, որ մարզում այս տարի իրականացվելիք մեծածավալ շինարարական աշխատանքներին մասնակցելու համար մարզպետարանի կողմից տարածված հայտարարությանն արձագանքել է շուրջ 1000 քաղաքացի:
Ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Հրայր Պապոյանը նշեց, որ ստեղծված իրավիճակով պայմանավորված, եկամուտների հավաքագրման կատարողականը ներկայում բավականին ցածր է: Մարզի ղեկավարը հանձնարարեց ամենօրյա ռեժիմով աշխատանքներ իրականացնել խնդիրը կարգավորելու նպատակով:
Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի պարտականությունները կատարող Լուսինե Վարդանյանը նշեց, որ մարզի ղեկավարի գլխավորությամբ մարզում համաճարակային իրավիճակը վերահսկելի է, պատշաճ վերահսկողություն է իրականացվում մեկուսացված և ինքնամեկուսացված անձանց նկատմամբ:
Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Ռաֆայել Հարությունյանի տեղեկացմամբ՝ նախորդ շաբաթվա ընթացքում մարզի դպրոցներին է բաշխվել Յունիսեֆի կողմից տրամադրված՝ 30 և Հայ առաքելական եկեղեցու՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից տրամադրված՝ 90 պլանշետ, որոնք հատկացվել են 3 դպրոցահասակ երեխաներ ունեցող սոցիալապես անապահով ընտանիքներին:
Մարզում իրականացված գյուղատնտեսական աշխատանքների ընթացքը ներկայացրեց Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետի պարտականությունները կատարող Արտյոմ Շահվերդյանը: Նա հայտնեց, որ մինչ օրս իրականացվել է շուրջ 5550 հա գարնանացան, որը 520 հա-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ:
Քննարկվեցին մի շարք այլ օրախնդիր հարցեր, տրվեցին հանձնարարականներ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:20:53