Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Պարգևատրվեցին «Լոռին այսօր» խորագրով լուսանկարների մրցույթի հաղթողները

11.05.2020

Շուրջ մեկ ամիս առաջ Լոռու մարզպետարանն իր «Լոռի տուրիզմ» (https://www.facebook.com/lori.tourism) էջի միջոցով հայտարարել էր լուսանկարների մրցույթ՝ «Լոռին այսօր» խորագրով՝ նպատակ ունենալով հանրությանը ներկայացնելու մարզի յուրօրինակ ու գրավիչ առանձնահատկությունները, մինչ այժմ հայտնի ու անհայտ անկյունները, հնարավորություն ընձեռելով՝ որպեսզի մարզի բնակիչներն ի լուր բոլորի, լուսանկարների լեզվով խոսեն մարզի սիրելի ու նախընտրելի վայրերի, մարզի նկատմամբ մեծագույն ու անկեղծ սիրո մասին: Մրցույթին մասնակցելու հնարավորություն էր տրվել բոլոր ցանկացողներին: Քաղաքացիների ուղարկված լուսանկարներն այս օրերին տեղադրվեցին նշված հարթակում՝ պայմանով, որ դրանք լինեն հեղինակային:
Առավել շատ թվով հավանումներ ստացած առաջին երեք մասնակիցներն էլ ճանաչվեցին հաղթողներ:
Այսօր Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը և մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը հրավիրել էին մրցույթի մրցանակակիրներին և մասնակիցներին՝ շնորհավորելու հաղթանակի կապակցությամբ և շնորհակալություն հայտնելու մասնակցության համար:
Հանդիպմանը ներկա էր նաև մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մշակույթի և սպորտի բաժնի պետ Արամ Ռևազյանը:
-Դուք մեզ համար նորովի բացահայտեցիք մեր անզուգական Լոռին՝ այն մեզ ու ամբողջ աշխարհին ներկայացնելով՝ որպես աշխարհի ամենագողտրիկ ու չքնաղ անկյուններից մեկը: Իրականում դա հենց այդպես է, ու այդ մասին ես ասում եմ ոչ թե որպես լոռեցի կամ մարզի ղեկավար, այլ որպես քիչ թե շատ ճանապարհորդած ու բնությանը սիրահարված քաղաքացի,-ասաց Ա. Ղուկասյանը:
Նա ներկա փուլում կարևորեց մրցույթի անցկացումը հատկապես ներգնա տուրիզմի զարգացման առումով՝ հույս հայտնելով նաև, որ կորոնավիրուսի տարածման վտանգի հաղթահարումից հետո մարզ կայցելեն մեծ թվով զբոսաշրջիկներ նաև աշխարհի տարբեր անկյուններից:
-Մենք ունենք մեկ երազանք՝ զարգացնելու մեր մարզը: Ես բոլորիդ առաջարկում եմ համախմբվել այդ երազանքի շուրջ,-ասաց Ա. Ղուկասյանը:
Շնորհավորելով բոլոր մասնակիցներին և մրցանակակիրներին՝ Գ. Մարկոսյանը մասնավորապես նշեց, որ նախաձեռնության սկզբնական փուլում չէին ակնկալում նման ակտիվություն, սակայն արդյունքները մի քանի անգամ գերազանցել են սպասելիքները: Նա մրցույթի մասնակիցներին առաջարկեց համագործակցել նաև հետագայում՝ ներգրավվելով «Լոռի տուրիզմ» ֆեյսբուքյան էջի առաջխաղացման գործում, նախաձեռնություն ցուցաբերել մարզպետարանի կողմից իրականացվող մշակութային ծրագրերում ընդգրկվելու հարցում և այլն:
Փոխմազպետը նշեց, որ լավագույն աշխատանքները կցուցադրվեն մարզպետարանի առաջին հարկում, դրանցից շատերը տեղ կգտնեն նաև մարզի զբոսաշրջային գրավչությունների մասին պատմող կատալոգում, որը նախատեսվում է լույս ընծայել առաջիկայում:
Մարզի ղեկավարը և փոխմարզպետը շնորհավորագրեր, դրամական պարգևներ և նվերներ հանձնեցին առաջին պատվավոր տեղը գրաված Աիդա Ջանջուղազյանին(3000 հավանում), երկրորդ՝ Նարեկ Դավիթավյանին(2434 հավանում),երրորդ՝ Էմմա Նոնինյանին(1543 հավանում):
Անկախ հավանումների քանակից՝ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի կողմից հատուկ մրցանակի արժանացավ մրցույթի մասնակից Վահան Աբրահամյանը, իսկ մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանի կողմից՝ Ռոզա Մատինյանը:
Մասնակցիներն իրենց հերթին շնորհակալություն հայտնեցին աննախադեպ միջոցառում նախաձեռնելու կապակցությամբ՝ վստահաբար նշելով, որ այն լուրջ ազդեցություն կունենա մարզում զբոսաշրջության զարգացման առումով:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:22:59