Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Սուբվենցիոն ծրագրերի փաթեթները վերջնականապես կամփոփվեն ապրիլի 27-ին
23.04.2020
Ապրիլի 23-ին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը խորհրդակցություն անցկացրեց մարզի այն համայնքների ղեկավարների մասնակցությամբ, ովքեր սուբվենցիոն ծրագրերի ամբողջական փաթեթները դեռևս չեն ներկայացրել Լոռու մարզպետարան կամ ներկայացրել են թերություններով, մինչդեռ հայտերի ընդունման համար վերջնաժամկետ է սահմանվել ապրիլի 27-ը:
Խորհրդակցությանը ներկա էին նաև մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը, մարզպետարանի պատասխանատու այլ պաշտոնյաներ:
Մարզի ղեկավարն առանձին-առանձին անդրադարձավ Լոռի բերդ, Ստեփանավան, Գուգարք, Դեբեդ, Արջուտ, Շնող, Օձուն, Թումանյան, Ախթալա, Ալավերդի, Տաշիր, Սպիտակ, Ջրաշեն համայնքների ղեկավարների կողմից ներկայացված սուբվենցիոն ծրագրերի փաթեթների հետ կապված խնդիրներին՝ հայտնելով իր նկատառումները: Նա հատկապես խնդրահարույց համարեց Ալավերդի և Գյուլագարակ խոշորացված համայնքների կողմից ներկայացվելիք ծրագրերը՝ իր դժգոհությունը հայտնելով համայնքների ղեկավարների պասսիվ գործելաոճից:
Այսուհանդերձ հրավիրված համայնքների ղեկավարները վստահեցրեցին, որ ամբողջական փաթեթները կներկայացնեն մինչև ապրիլի 27-ը: Մարզպետարանի մասնագետները մարզի ղեկավարի հանձնարարությամբ համայնքների հետ աշխատանքներ կիրականացնեն նաև հանգստյան օրերին:
Ամփոփելով խորհրդակցությունը մարզի ղեկավարը նշեց, որ, ըստ նախնական տվյալների, այս տարի մարզում կիրականացվի 97 ծրագիր՝ ավելի քան 5 մլրդ դրամ ընդհանուր արժեքով (2019թ.-ին 1.8 մլրդ դրամ ընհանուր արժողության՝ 55 ծրագրի դիմաց):
- Այս տարի ևս առանձնահատուկ ուշադրութուն պետք է դարձնենք աշխատանքների որակին և դրանք ժամկետների մեջ իրականացնելու խնդրին,-ասաց մարզպետը: