Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քննարկվեցին օրախնդիր մի շարք հարցեր. Լոռու մարզպետն անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն

23.04.2020

Այսօր Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց փոխմարզպետ Գայանե Մարկոսյանի, մարզպետարանի գլխավոր քարտուղար Արթուր Մխիթարյանի, մազպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների և պատասխանատու այլ պաշտոնյաների մասնակցությամբ:
Օրակարգային առաջին հարցով Գ. Մարկոսյանը տեղեկատվություն ներկայացրեց մարտ և ապրիլ ամիսներին, ստեղծված իրավիճակով պայմանավորված, մարզի սոցիալապես անապահով ընտանիքներին բաշխված սոցիալական օգնությունների վերաբերյալ: Նա ասաց, որ սննդի փաթեթներ և հիգիենիկ պարագաներ են բաշխվել՝ գնված պետբյուջի միջոցներով(բաշխումն իրականացրել են «Հայկական կարմիր խաչի ընկերության» և Լոռու մարզպետարանի կողմից հավաքագրված կամավորները), «Աստղիկ» բարեգործական հիմնադրամի, Մայր Աթոռի, տարբեր անհատների, մասնավոր և հասարակական կազմակերպությունների կողմից: Ընդհանուր առմամբ աջակցություն է տրամադրվել 1700 ընտանիքի(տրամադրված բոլոր օգնությունների վերաբերյալ ամենշաբաթյա կտրվածքով տեղեկատվություն է հրապարակվել մարզպետարանի ֆեյսբուքյան էջում, պաշտոնական կայքէջում և «Լոռու մարզ» թերթում): Առաջիկայում «Աստղիկ» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ հնարավոր կլինի բաշխել ևս 500 սննդի փաթեթ՝ Վանաձոր և Ալավերդի համայնքների սոցիալապես անապահով ընտանիքներին: Աջակցություն է սպասվում նաև ՄԱԿ-ի՝ սպորտային կոշիկներ և մանկական սնունդ, ինչպես նաև «Դիակոնիա» հիմնադրամի կողմից:
-Կարևոր ենք համարում այն, որ «Աստղիկ» և «Դիակոնիա» հիմնադրամներին մեր կողմից առաջարկվել է օգնության համար նախատեսված սնունդը ձեռք բերել տեղի արտադրողներից, ինչը և հիմնականում հնարավոր է եղել իրականացնել: Այս կերպ փորձել ենք աջակցել նաև տնտեսվարողներին,-ասաց փոխմարզպետը:
Արթուր Մխիթարյանը տեղեկացրեց նաև, որ այս օրերին Լոռու մարզպետարանի կողմից ինքնամեկուսացման մեջ գտնվող 100 ընտանիքի տրամադրվել է սննդի մեկամսյա պաշար և առաջին անհրաժեշտության պարագաներ:
2020 թվականի սուբվենցիոն ծրագրերի նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ զեկուցեց մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Ջանազյանը:
Նա նշեց, որ նախապես համայնքներից ստացվել է 102 սուբվենցիոն հայտ, որոնցից 4-ը, համայնքների ֆինանսական հնարավորությունները հաշվի առնելով, ետ է վերադարձվել՝ առաջարկելով գումարը համալրել և այդ ծրագրերը ներկայացնել արդեն հաջորդ տարի: Մնացյալ 98 ծրագրերից 53-ի ամբողջական փաթեթները ներկայացվել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը, 12 ծրագիր ներկա պահին գրեթե պատրաստ է և մնացյալ փաթեթների համալրման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են:
-Սրանց թվում կան նաև խնդրահարույց համայնքներ, որոնց հետ աշխատում ենք ամենօրյա ռեժիմով, հաճախ նույնիսկ ամբողջական աշխատանքներն իրականացվում է մեր մասնագետների կողմից,-ասաց Ա. Ջանազյանը:
Չնայած նրան, որ այս տարի հայտերի ընդունման գործընթացը մեկնակել է շուրջ 20 օր ավելի վաղ, քան նախորդ տարի, սակայն մտավախություն կա, որ որոշ համայնքներ չեն կարողանա տեղավորվել ժամկետներում: Այս առումով մարզի ղեկավարը առանձնացրեց խնդիրների երեք փունջ. առաջինը, որ ծրագրերը շատ են և նախագծողները չեն տեղավորվում ժամկետներում, երկրորդ՝ համայնքների աշխատակազմերը անկարող են իրականացնելու անհարժեշտ գործընթացը և երրորդ՝ համայնքների ղեկավարներն ուզում են աշխատել կոնկրետ նախագծողների հետ, որոնք ծանրաբեռնված են:
-Որոշակի եզրակացություններ պետք է արվեն, որպեսզի արդեն հաջորդ տարի կարողանանք խուսափել նմանատիպ խնդիրներից-ասաց Ա. Ղուկասյանը:
Հեռահար ուսուցման կազմակերպմանն անդրադարձավ մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Ռաֆայել Հարությունյանը:
Նա նշեց, որ մարզում, գործընթացով պայմանավորված, առկա խնդիրները բաժանվում են երկու մասի՝ կապված տեխնիկական միջոցների սակավության և ինտերներտ կապի վատ լինելու կամ իսպառ բացակայության:
Պետական աջակցության ծրագրերով փորձ է արվել լուծումներ տալ խնդիրներին՝ կարիքավոր ընտանիքներին առաջարկվել են մատչելի կապի միջոցներ, ժամանակավոր օգտագործման նպատակով տրամադրվել է համակարգչային տեխնիկա: ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ դպրոցներին հատկացվել է 56 պլանշետ, որոնք ժամանակավոր օգտագործման նպատակով տրամադրվել են 4 և ավելի դպրոցահասակ երեխաներ ունեցող ընտանիքներին, մոտ օրերս կստացվի ևս 50 պլանշետ, որոնք նույն սկզբունքով կբաշխվեն արդեն 3 դպրոցահասակ երեխա ունեցող ընտանիքներին: Աջակցության ծրագրեր են իրականացվել տարբեր անհատների և կազմակերպությունների կողմից ևս: Բացի այդ դպրոցներում առկա տեխնիկական միջոցները ժամանակավորապես տրամադրվել են դրանց կարիքն ունեցող ուսուցիչներին:
-Հեռավար դասապրոցեսի պատշաճ կազմակերպմանն ուղղված խնդիրները փորձում ենք լուծել տարբեր կերպ, որպեսզի երեխաները մեծ մասամբ կարողանան յուրացնել դպրոցական ծրագիրը: Հեռավար դասապրոցեսում ներգրավված են բոլոր դպրոցները: Գործընթացից սակայն, ամբողջությամբ դուրս են մնացել ներառական կրթական ծրագրերում ներգրավված երեխաները,-ասաց Ռ. Հարությունյանը:
Մարզում համաճարակաբանական իրավիճակի մասին զեկուցեց մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի պաշտոնակատար Լուսինե Վարդանյանը: Նա նշեց, որ մարզում հանրապետության մյուս մարզերի և Երևանի հետ համեմատած իրավիճակը բարվոք է: Մարզում ներկա պահին դեպքերի ընդհանուր թիվը 12 է: Հիվանդներից 8-ը առողջացել և դուրս է գրվել: Կան նաև ինքնամեկուսացման մեջ գտնվող 99 և մեկուսացման մեջ գտնվող 123 քաղաքացիներ:
Մարզում իրականացվող գյուղատնտեսական աշխատանքները ներկայացրեց գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արտյոմ Շահվերդյանը: Նա տեղեկացրեց, որ ներկա պահին մարզում իրականացվել է 4415 հա գարնանացան, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ավելի է 500 հա-ով:
-Մշակվող հողատարածքների ավելացման միտում է նկատվում: Առաջիկայում հնարավոր կլինի առավել ամբողջական տվյալներ ներկայացնել,-նշեց Ա. Շահվերդյանը:
Նրա տեղեկացմամբ, այս տարվա առաջին եռամսյակում գյուղատնտեսության ոլորտի զարգացման նպատակով տրամադրվող վարկերի սուբսիդավորման ծրագրից մարզում օգտվել է 57 շահառու, ընդհանուր առմամբ տրամադրվել է ավելի քան 242 մլն դրամի վարկ: «Խելացի» անասնագոմերի կառուցման, վերակառուցման, դրանց տեխնոլոգիական պահպանման պետական աջակցության ծրագրից մարզում օգտվել է մեկ շահառու Բովաձոր բնակավայրից, ևս մեկ քաղաքացի օգտվել է գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագրից՝ ձեռք բերելով 1 տրակոտր:
Անդրադառնալով պարարտանյութի բաշխման գործընթացին՝ Ա. Շահվերդյանը նշեց, որ մատակարարի կողմից ներկա պահին 35 բնակավայրի բաշխվել է 488 տ պարարտանյութ, մատակարարը պարտք է մնացել ևս 172 տոննա: Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ օբյեկտիվ պատճառներով այս քանակությունը չապահովելու դեպքում գումարները ետ կվերադարձվեն:
Բաժնի պետի պաշտոնակատարը տեղեկացրեց նաև, որոշ համայնքներում ոչ բարենպաստ եղանակային պայմանների պատճառով աշնանացան ցորենը վնասվել է: Առաջիկայում վարչության մասնագետները ուսումնասիրություններ կիրականացնեն՝ պարզելու վնասի չափերը:
Քննարկվեցին նաև այլ հարցեր, տրվեցին հանձնարարականներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-25 11:32:06