Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մասնագիտական աջակցություն՝ Մեծավան համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարին՝ առկա խնդիրների հաղթահարման նպատակով
23.04.2020
Մարզպետ Անդրեյ Ղուկասյանի կողմից հրավիրված խորհրդակցության նպատակը՝ Մեծավան խոշորացված համայնքի ղեկավար Արման Վարդանյանի մասնակցությամբ, համայնքում առկա խնդիրների և դրանց լուծման վերաբերյալ առաջարկությունների քննարկումն էր:
Խորհրդակցությանը մասնակցում էին նաև մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը, մարզպետարանի ոլորտային պատասխանատու պաշտոնյաներ:
Ինչպես նշվեց, համայնքը սուբվենցիոն միջոցներով նախատեսում է իրականացնել 6 ծրագիր՝ շուրջ 167 մլն ընդհանուր արժեքով, որից համայնքային ներդրումը կկազմի ավելի քան 83 մլն դրամ: Մարզի ղեկավարի հորդորն է. անհրաժեշտ աշխատանքներն իրականացնել շատ արագ, քանի որ ծրագրերի ներկայացման վերջնաժամկետն ապրիլի 27-ն է: Մարզպետարանի մասնագետները պատրաստ են աջակցել ծրագրային փաթեթների կազմման հարցում:
Համայնքին առնչվող խնդրահարույց հարցերի թվում է համայնքապատկան հողերի վարձակալության խնդիրը: Համայնքի նախկին ղեկավարից վատ ժառանգություն է ստացվել այս առումով. վարձակալության տրված մի քանի հողակտորների հետ կապված վիճահարույց հարցեր կան, որոշ հողատարածքների համար համայնքային բյուջե վարձակալական գումարներ մուտք չեն արվել և այժմ, մարզպետ Անդրեյ Ղուկասյանի հանձնարարությամբ, մարզպետարանի պաշտոնյաներն օգնում են կարգավորել առկա խնդիրները:
-Պետք է առաջնորդվենք բացառապես օրենքով սահմանված կարգով, և մեզ համար շատ կարևոր է, որ հողերի վարձակալության դիմաց գանձվող միջոցները համալրեն համայնքային բյուջեն,-նշեց մարզի ղեկավարը:
Ա. Վարդանյանը տեղեկացրեց նաև, որ անհամաձայնություն ունի վերջին տարիներին Մեծավան բնակավայրում կառուցված ջրագծերի և այդ նպատակով համայնքային բյուջեից ծախսված միջոցների վերաբերյալ. մարզի ղեկավարը հավաստմամբ՝ այս հարցը ևս կուսումնասիրվի:
Անդրեյ Ղուկասյանը խորհրդակցությունն ամփոփեց ուրախ լուրով. Մեծավանում ինտենսիվ այգիներ հիմնելու առաջարկությամբ իրեն է դիմել մեկ տնտեսվարող.
- Ցանկացած ներդրում մարզի համայնքներում արժանանում է մեր անվերապահ աջակցությանը,-ասաց Ա. Ղուկասյանը՝ հանձնարարելով Հողաշինության և հողօգտագործման բաժնի աշխատակիցների հետ տեղում ուսումնասիրություններ իրականացնել և արագ լուծում տալ հարցին: