Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Նյու իդա» ընկերությունը մայիսին կսկսի Կաթնաղբյուրի ջրի հորատանցքի վերակառուցումը. ներդրում կկատարի նաև ճանապարհի կառուցման ծրագրում

15.04.2020

Այսօր մարզպետ Անդրեյ Ղուկասյանն ընդունեց չինական «Նյու իդա» ընկերության տնօրեն Լուո Գանգին:
Հանդիպմանը ներկա էր նաև մարզպետի տեղակալ Գայանե Սարգսյանը:
Ինչպես հայտնի է, ավելի քան մեկ տարի առաջ ընկերության կողմից մարզի ղեկավարին առաջարկվել էր Ստեփանավան խոշորացված համայնքի կազմում ընդգրկված Կաթնաղբյուրի վարչական տարածքում, որտեղ ջրի հորատանցք կա, իրականացնել հանքային ջրերի արդյունահանման ներդրումային ծրագիր: Մարզպետ Ա. Ղուկասյանի և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության՝ ի դեմս նախարար Սուրեն Պապիկյանի, անմիջական աջակցության և հետևողականության շնորհիվ ծրագրին անմիջապես ընթացք էր տրվել: Նախորդ տարի մայիսին ՀՀ կառավարությունը համաձայնություն էր տվել Կաթնաղբյուրի վարչական տարածքում, համայնքային սեփականություն հանդիսացող 1,8348 հեկտար մակերեսով և 0,8822 հեկտար մակերեսով հողամասերը ուղղակի վաճառքի միջոցով ընկերությանն օտարելուն:
Մարզի ղեկավարին ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնելով հետևողական վերաբերմունքի և աջակցության համար՝ Լուո Գանգին տեղեկացրեց, որ արդեն մայիս ամսին Կաթնաղբյուրում կսկսեն հորատանցքի վերակառուցման աշխատանքները, որը հավանաբար կտևի 2-3 ամիս, դրանից հետո արդեն՝ գործարանի կառուցումը: Ինչպես հայտնի է, արդյունքում կկատարվի շուրջ 3-5 մլն ԱՄՆ դոլարի ներդրում, աշխատատեղեր կստեղծվեն, ինչը կնպաստի համայնքի կենսամակարդակի բարձրացմանը:
Սակայն ընկերությունը նպատակ ունի ջրի շշալցումը և արատահանումն իրականացնել մինչև գործարանի կառուցումը և դարձյալ ակնկալում է մարզպետ Անդրեյ Ղուկասյանի աջակցությունը Վանաձորում կամ Ստեփանավանում ընդարձակ արտադրամաս ունեցող որևէ արտադրողի հետ համագործակցելու հարցում, որտեղ հնարավոր կլինի իրականացնել այդ գործընթացը:
Մարզի ղեկավարը նշեց, որ պատրաստ է օգտակար լինել նաև այդ հարցում և առաջիկայում հանդիպում կկազմակերպի Լ.Գանգիի առաջարկությամբ հետաքրքրված արտադրողների հետ:
Հանդիպման շրջանակներում անդրադարձ կատարվեց մարզի համար մեկ կարևոր հարցի ևս: Դեռևս նախորդ տարի մարզի ղեկավարի առաջարկությամբ չինացի գործարարը պատրաստակամություն էր հայտնել որպես համաներդրող՝ մասնակից դառնալ Կաթնաղբյուրի շուրջ 10 կմ ճանապարհի կառուցմանը: Այսօր ևս «Նյու իդա» ընկերության տնօրենը վերահաստատեց իր պատրաստակամությունը:
Անդրեյ Ղուկասյանը նշեց, որ ճանապարհը կկառուցվի սուբվենցիոն միջոցներով: Խոսքը շուրջ 830 մլն դրամ արժողությամբ ծրագրի մասին է, որից շուրջ 500.մլն.-ը կներդրվի պետբյուջեի միջոցներից, 320 մլն.-ը «Նյու իդա» ընկերության և մնացյալ մասը՝ համայնքի:
-Մենք մեր նախնական պայմանավորվածությամբ բոլոր անհրաժետ քայլերն արդեն իսկ իրականացրել ենք, կատարված են նախագծանախահաշվային աշխատանքները, և ծրագիրը ներկայացված է հաստատման: Շնորհակալություն նաև ձեզ, որ վերահաստատեցիք համագործակցության պատրաստակամությունը,-ասաց Ա. Ղուկասյանը:
Լ. Գանգին իր հերթին նշեց, որ չափազանց կարևորում է ճանապարհի կառուցումը, հատկապես ոգևորված է Հայաստանում իրականացվող լայնածավալ ճանապարհաշինական աշխատանքներով և վստահ, որ դա մեծապես կնպաստի երկրի թե՛ տնտեսության և թե՛ զբոսաշրջության զարգացմանը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-25 11:32:06