Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ա. Ղուկասյան. «Իմ երազանքն է, որ Սայաթ-Նովայի անվան զբոսայգին նորից վերագտնի իր երբեմնի հմայքը և դառնա վանաձորցիների ամենասիրելի անկյուններից մեկը»
16.03.2020
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի կողմից մարզկենտրոն Վանաձորի զարգացմանն ուղղված հետևողական քայլերը շարունակվում են: Եվ այդ համատեքստում, ինչպես տեղեկացրել ենք, նախատեսվում է նոր շունչ հաղորդել Վանաձորի Սայաթ-Նովայի անվան զբոսայգուն: Վերջինս կիրականացվի պետություն-մասնավոր հատված համագործակցությամբ: Այս նպատակով մարզի ղեկավարի առաջարկությամբ «Կանգուն» փորձագետների ակումբը նախնական ուսումնասիրություններ է իրականացրել զբոսայգում՝ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ՝ գնահատելով առկա իրավիճակը և կատարելով նախնական գծագրում: Իրականացված աշխատանքները մարզի ղեկավարին ներկայացրեցին կազմակերպության նախագահ Ալեքսանդր Գրիգորյանը և ներկայացուցիչ Տիգրան Չիչակյանը: Հանդիպմանը ներկա էր նաև մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը: Հյուրերը նշեցին, որ իրականացված աշխատանքներին արդեն պետք է հաջորդի տարածքի նախագծումը. այս գործընթացում կներգրավվեն այգիների ձևավորմամբ զբաղվող մասնագետներ, ապա նաև նախահաշվային աշխատանքների իրականացումը:
Շնորհակալություն հայտնելով իրականացված մեծածավալ աշխատանքների համար՝ մարզպետը նշեց, որ հետևողական քայլերի շնորհիվ ծրագիրը կարճ ժամկետներում իրականություն կդառնա.
-Իմ երազանքն է, որ Սայաթ- Նովայի անվան զբոսայգին նորից վերագտնի իր երբեմնի հմայքը և դառնա վանաձորցիների ամենասիրելի անկյուններից մեկը,-ասաց Ա. Ղուկասյանը: