Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՎԱՆԱՁՈՐՈՒՄ «ԹՈՒՄՈ» ԿԵՆՏՐՈՆ ԿՀԻՄՆՎԻ

11.03.2020

 Այսօր Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն ընդունեց «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի գործադիր տնօրեն Մարի Լու Փափազեանին: Հանդիպմանը ներկա էին նաև փոխմարզպետ Գայանե Մարկոսյանը, Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պաշտոնակատար Ռաֆայել Հարությունյանը:
Ինչպես հայտնի է, «Թումոն» 12-18 տարեկան պատանիների համար նախատեսված անվճար կրթական կենտրոն է, որը մասնագիտացված է դիզայնի և տեխնոլոգիաների ոլորտում:
«Թումո» կենտրոնը բացվել է 2011 թվականին Երևանում: Հայաստանում այժմ գործում է 3 «Թումո» կենտրոն` Երևանում, Դիլիջանում, Գյումրիում, ևս մեկը՝ Արցախում՝ Ստեփանակերտում: Հայաստանից դուրս կա 2 միջազգային կենտրոն՝ Փարիզում և Բեյրութում:
Մարզի ղեկավարի հետ հանդիպմանը Մարի Լու Փափազեանը նշեց, որ հաջորդ կենտրոնը ծրագրում են ստեղծել Վանաձորում և այդ նպատակով առաջիկայում դրամահավաք է կազմակերպվելու, նաև աշխատում են կենտրոնի ստեղծման մոդելի վրա: Գործադիր տնօրենը նշեց, որ թեև կենտրոնը լինելու է Վանաձորում, սակայն պատանիներ կներգրավվեն նաև մարզի մյուս տարածարջաններից:
-Աջակցությունը, որ պետք է ակնկալենք մարզպետարանից, տրանսպորտի անխափան գործելն է, որը քաղաքի մեջ, նաև տարածաշրջաններից երեխաներին կտեղափոխի կենտրոն և ապա տուն, որովհետև «Թումոն» արտադպրոցական կենտրոն է և գործելու է դպրոցի հիմնական դասաժամերից հետո, նաև որոշ կազմակերպչական հարցերում,-ասաց տիկին Փափազեանը:
Ողջունելով հյուրին և շնորհակալություն հայտնելով այցելության համար՝ մարզպետ Անդրեյ Ղուկասյանը նշեց, որ պատրաստակամ է ամենայն աջակցություն ցուցաբերելու, որպեսզի ծրագիրը հնարավոր լինի կյանքի կոչել Վանաձորում.
-Իմ նպատակներից մեկն էլ այն է, որ կարողանանք Վանաձորում «Թումո» կենտրոն հիմնել և ես անձամբ ու մարզպետարանի աշխատակազմը պատրաստակամ ենք անելու ամեն հնարավորը, որպեսզի շուտափույթ կերպով նախաձեռնությունն իրականություն դառնա,-ասաց մարզի ղեկավարը՝ նաև վստահեցնելով, որ տրանսպորտի հարցը որևէ խոչընդոտող խնդիր չի կարող հանդիսանալ: Նա նաև պատրաստակամություն հայտնեց աջակցել տարածքների դիտարկման և ընտրության հարցում՝ իր կողմից առաջարկելով մի քանի տարածք, որոնք կարող են հարմար լինել կենտրոնը հիմնելու համար:
Հանդիպման ավարտին Ռ. Հարությունյանն ուղեկցեց հյուրին ուսումնասիրելու առաջարկվող տարածքները:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 15:02:00