Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Անդրեյ Ղուկասյան.«Բոլոր խնդիրներն ու մտահոգություններն անցյալում են և այսուհետ ձեզ մտահոգող միակ հարցը պետք է լինի կրթության բարձր որակի ապահովումը». մարզի ղեկավարը Վանաձորի թիվ 28 դպրոցում

10.03.2020

 Մարտի 10-ին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաների ուղեկցությամբ մասնակցեց Վանաձորի թիվ 28 հիմնական դպրոցի վերանորոգված մարզադահլիճի և ՀՀ ԿԳՄՍ նախարարության ու առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կողմից հիմնադրված «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի դասարանի բացմանը, ապա նաև ներկա գտնվեց Հայոց բանակին նվիրված ցերեկույթին:
Միջոցառումներին մարզի ղեկավարի և դպրոցի հրավերով մասնակցում էր նաև Ուկրաինայի պատվավոր հյուպատոս Սահակ Ղուդրատյանը, քանի որ դպրոցն իր հիմնադրման օրվանից իսկ սերտ բարեկամական կապերով է կապված ուկրաինական ժողովրդի հետ. դպրոցը կառուցվել է 1991թ.-ին ուկրաինացիների կողմից, և կրում է «Վիդրոջենյա» անվանումը, ինչը ուկրաիներեն նշանակում է «վերածնունդ»։
Մարզադահլիճը, ինչպես նշեց դպրոցի տնօրեն Ալբերտ Բրուտյանը, վերանորոգվել է գլենդելաբնակ բարերարներ Արմեն Ավեդիանի և Մելինե Եբրահիմիանի կողմից նվիրաբերված միջոցներով, որոշ ներդրում ունեցել է նաև դպրոցը: «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի համար նախատեսված դասասենյակում նույնպես վերանորոգման աշխատանքեր են կատարվել: Մարզի ղեկավարը շրջեց դպրոցում, ծանոթացավ պայմաններին: Կրթօջախի միայն մի մասնաշենքն է որոշ չափով վերանորոգված և ապահովված ջեռուցմամբ, սակայն մյուս մասում առկա են զգալի խնդիրներ: Դպրոցի կոլեկտիվին հատկապես մտահոգում էր նշված մասնաշենքի տանիքի նորոգման հարցը:
Անդրեյ Ղուկասյանը նշեց, որ ՀՀ վարչապետի հանձնարարությամբ ներկա փուլում գույքագրվում են մարզի բոլոր դպրոցների խնդիրները, ապա կկատարվեն նախագծանախահաշվային աշխատանքներ և փուլառփուլ դրանց լուծում կտրվեն.
-Սրանք խոստումներ չեն, այլ աշխատանքային գործընթաց, որ պարտավոր ենք իրականացնել: Մեր երեխաները պետք է սովորեն և ուսուցիչները դասավանդեն արժանապատիվ պայմաններում: Հավատացնում եմ ձեզ, որ բոլոր խնդիրներն ու մտահոգություններն անցյալում են և այսուհետ ձեզ մտահոգող միակ հարցը պետք է լինի կրթության բարձր որակի ապահովումը: Տարեցտարի այդ նշաձողն ավելի է բարձրանալու,-ասաց մարզի ղեկավարը:
Հայոց բանակի օրվան նվիրված միջոցառումը հայրենասիրական իսկական դաս էր, և երեխաները կարողացան ի ցույց դնել ոչ միայն գեղեցիկ ասմունքելու, պարելու և երգելու իրենց հմտություններն, այլև գիտելիքները հայոց բանակի պատմության վերաբերյալ:
Շնորհակալություն հայտնելով գեղեցիկ միջոցառման կազմակերպման համար՝ մարզպետն իր խոսքում կարևորեց երեխաների ռազմահայրենասիրական ոգին բարձր պահելու ուսուցիչների ձգտումը: Նա նաև ընդգծեց Ուկրաինայի հյուպատոսի ներկայությունը միջոցառումներին և տեղեկացրեց, որ շատ շուտով Վանաձորում հյուպատոսությունը կունենա իր նստավայրը և Լոռու մարզպետարանը դպրոցի հետ միասին համատեղ բազմաթիվ ծրագրեր իրականացնելու հնարավորություն կստանա:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:20:53