Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀԱՍՏԱՏՎԵՑ 6 ԾՐԱԳԻՐ
09.03.2020
Այսօր Լոռու մարզպետարանում անցկացվեց Լոռու մարզի զբաղվածության աջակցության մարզային հանձնաժողովի այս տարվա առաջին նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ, Լոռու մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը:
Ողջունելով ներկաներին՝ Գ. Մարկոսյանը նշեց, որ 2020թ. զբաղվածության ամենամյա «Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովում» ծրագրի շրջանակում Լոռու մարզին հատկացված է 11 ծրագիր:
-Մրցակցությունը բավականին մեծ էր, ներկայացվել էր շուրջ 60 հայտ, սակայն դրանցից ընտրել ենք հատկապես այն ծրագրերը, որոնք առավել կարևոր նշանակություն են ունեցել համայնքների համար մի քանի տեսանկյուններից: Նախատեսել ենք նաև, որ ծրագրեը շուտ կմեկնարեն և շուտ կավարտվեն, որպեսզի դրանց հաջող ավարտից հետո հնարավորություն ունենանք լրացուցիչ հայտերով դիմելու ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը նոր ծրագրեր իրականացնելու ակնկալիքով,-նշեց փոխմարզպետը:
Լոռու մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության սոցիալական ապահովության բաժնի պետ, հանձնաժողովի քարտուղար Վալերի Ջաղինյանը հանձնաժողովի անդամներին ներկայացրեց առաջարկվող ծրագրերը. «Անտառամուտ համայնքի ակումբի շենքի վերանորոգման աշխատանքներ» (իրականացման ժամկետը՝ 01.04.2020թ.–30.05.2020թ.), «Դարպաս համայնքի գերեզմանատան ցանկապատում, տարածքի բարեկարգում» (01.04.2020թ.–30.06.2020թ.) «Եղեգնուտ համայնքի գյուղամիջյան հուշաղբյուրի վերանորոգման, խաղահրապարակի վերակառուցման, տաղավարի կառուցման և տարածքի բարեկարգման աշխատանքներ»(01.04.2020թ.– 30.05.2020թ.), «Ձորագետ համայնքի խաղահրապարակի վերանորոգման, բարեկարգման և հարակից տարածքների բարեկարգման աշխատանքներ»(01.04.2020թ.– 30.06.2020թ.), ինչպես նաև «Ծաղկաբեր համայնքի մանկապարտեզի շենքի մասնակի նորոգում և տաղավարի կառուցում» (01.04.2020թ.–01.07.2020թ.), «Սարալանջի խաղահրապարակի կառուցում և ցանկապատում»(01.05.2020թ.–30.06.2020թ.):
Մարզպետի տեղակալն իր նկատառումները հայտնեց ծրագրերի ժամկետների և աշխատուժի քանակի հետ կապված՝ կարևորելով աշխատանքները ժամկետների մեջ և առանց թերացումների իրականացնելու անհրաժեշտությունը: Նա նշեց, որ բոլոր ծրագրերը պետք է իրականացվեն այնպես, որ արդյունքները լինեն ակնառու և արժանանան բնակիչների գոհունակությանը:
«Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ նախագահ Գևորգ Քոթանջյանի կողմից առաջարկություն հնչեց խաղահրապարակների կառուցման դեպքում դրանց ներառականությունը ապահովելու վերաբերյալ, ինչը հավանության արժանացավ հանձնաժողովի մյուս անդամների կողմից:
Մի շարք ցուցումներ տրվեցին նաև ծրագրերի անխափան ընթացքն ապահովելու նպատակով:
Ներկայացված ծրագրերն ընդունվեցին միաձայն:
ՀՀ կառավարության 17.04.2014թ. թիվ 534-Ն որոշմամբ հաստատված Հավելված 21-ի պահանջներին համապատասխան ծրագրերի խորհրդատուներ նշանակվեցին՝ Գուգարքի տարածաշրջանում (Անտառամուտ, Դարպաս, Եղեգնուտ և Ձորագետ, համայնքներ) իրականացվող ծրագրերի համար՝ Վալերի Ջաղինյանը և Սպիտակի տարածաշրջանում(Ծաղկաբեր, Սարալանջ) հանձնաժողովի անդամ Գայանե Բոջուկյանը: