Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ա. Ղուկասյան. «Մեր նպատակն է, որ ազգաբնակչությունը համաբուժարաններ դիմի ոչ թե ճարահատյալ, այլ բարձրակարգ բուժսպասարկում ստանալու նպատակով». մարզի ղեկավարը ներկա գտնվեց թիվ 5 համաբուժարանի տն
05.03.2020
Մարզի առողջապահական հիմնարկների հաշվետվությունների ունկնդրումը երկու նպատակ է հետապնդում, նախ՝ տեսնելու, թե 2019 թ. ինչպե՞ս են աշխատել բուժհիմնարկները, ի՞նչ ձեռքբերումներ են արձանագրել և ապա՝ հանդիպելու կոլեկտիվի հետ և նրանցից անձամբ տեղեկանալու մտահոգող հարցերի և խնդիրների մասին,-Վանաձորի թիվ 5 համաբուժարանի տնօրեն Կարինե Բաղդասարյան կողմից ներկայացվող հաշվետվության ժամանակ նշեց մարզի ղեկավարը: Մարզպետը վստահեցրեց, որ բուժհիմնարկները գտնվում են իր ամենօրյա ուշադրության կենտրոնում, և յուրաքանչյուր նոր ձեռքբերում, որոնք հատկապես վերջին մեկ տարվա ընթացքում հաջորդում են մեկը մյուսին, առավել ոգևորվելու առիթ են տալիս և մոտիվացնում ավելի հաստատուն քայլերով առաջ շարժվելու:
Տնօրենի կողմից ներկայացվող հաշվետվությանը ներկա էին նաև մարզպետարանի գլխավոր քարտուղար Արթուր Մխիթարյանը, մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի պաշտոնակատար Լուսինե Վարդանյանը:
Տնօրենն իր խոսքում նշեց, որ արդեն շուրջ մեկ տարի է, ինչ պաշտոնավարում է և գլխավոր ձեռբերումը համարում է այն, որ կոլեկտիվում ստեղծված բարիդրացիական հարաբերությունների և ջերմ մթնոլորտի, ստվերային դրամաշրջանառության բացառման շնորհիվ հնարավոր է եղել զգալիորեն բարձրացնել թե՛ վճարովի ծառայությունների մուտքերը և թե՛ շուրջ 45 տոկոս խնայողություններ ունենալ, որոնք ուղղվել են աշխատասենյակներում բարեկեցիկ պայմանների ստեղծմանը և նոր սարքավորումների ձեռքբերմանը: Գլխավոր ձեռքբերումներից է նաև նոր, երիտասարդ մասնագետ-կադրերի ներգրավումը, ինչի շնորհիվ երկարել է հատկապես նեղ մասնագիտություների գծով հիվանդների սպասարկման աշխատաժամանակը, սկսել են մատուցել նոր ծառայություններ, որոնք նախկինում չեն ունեցել մասնագետների բացակայության պատճառով: Այստեղ, բնականաբար, խնդիրներ ևս կան, որոնցից առաջնայինը վերանորոգման աշխատանքների իրականացումն է, ընդհանուր ջեռուցման ապահովումը և որոշ բուժսարքավորումների նորացումը:
Մարզի ղեկավարը թվարկված ձեռքբերումներին ավելացրեց նաև աշխատավարձերի շուրջ 30 տոկոսով բարձրացումը և նշեց, որ բոլոր դրական փոփոխությունները շարունակական բնույթ են կրելու:
-Մեր նպատակն է, որ ազգաբնակչությունը համաբուժարաններ դիմի ոչ թե ճարահատյալ, որովհետև գումար չունի կամ որովհետև տեղեկանք է պետք, այլ բարձրակարգ բուժսպասարկում ստանալու նպատակով, և մեր քայլերն ուղղված են հենց դրան,-նշեց Ա. Ղուկասյանը:
Ինչ վերաբերում է տնօրենի կողմից մատնանշված խնդիրներին, ապա մարզպետը նշեց, որ առաջին իսկ հնարավորության դեպքում դրանք լուծում կստանան:
Բուժանձնակազմին նաև հարցեր հնչեցնելու հնարավորություն տրվեց: Մտահոգող հարցերից էր Վանաձորի Տարոն 4 թաղամասից դեպի համաբուժարան տանող թիվ 8 երթուղու անկանոն աշխատանքը, հաճախ նաև երթուղի դուրս չգալը, մինչդեռ թիվ 5 համաբուժարան այցելողների և աշխատակիցների մեծ մասը Տարոն 4 թաղամասից են: Մարզի ղեկավարը ի պատասխան նշեց,որ թեև խնդիրը համայնքային է, սակայն տարբերակներ կդիտարկվեն այն կարգավորելու ուղղությամբ: Հարց բարձրացվեց նաև բուժաշխատողների վերապատրաստումները տեղում կազմակերպելու հնարավորության մասին, ինչի հետ կապված ևս նշվեց, որ առաջարկություն կներկայացվի նախարարությանը:
Հնչեցին նաև այլ հարցեր, որոնց տրվեցին սպառիչ պատասխաններ: