Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ա. Ղուկասյան. «Իմ նպատակն է, որ Վանաձոր ասելով՝ մարդիկ հասկանան հանգիստ, մաքրություն, տրամադրող միջավայր»
04.03.2020
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն այսօր ընդունեց ֆիլիպինյան CFP ներդրումային խորհրդատվական կազմակերպության ավագ խորհրդատու Փիթեր Բենսոնին: Վերջինս նշեց, որ կազմակերպությունը հետաքրքրված է և պատրաստակամ զբաղվելու Վանաձորի ճոպանուղու կառուցման ռազմավարական ծրագրի, բիզնես ծրագրի և տեխնիկական բաղադրիչների մշակման հարցով՝ խնդրելով առավել հանգամանալի տեղեկատվություն տրամադրել:
Շնորհակալություն հայտնելով հետաքրքրություն ցուցաբերելու համար՝ մարզի ղեկավարը ներկայացրեց մարզի ու մասնավորապես Վանաձորի զարգացման տեսլականը՝ նշելով,որ պետությունը պատրաստ է աջակցելու Վանաձորի ճոպանուղու և հարակից ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված ծրագրի կյանքի կոչմանը:
-Այս տարի Վանաձորը լինելու է ուշադրության կիզակետում: Պետբյուջեից միջոցներ կհատկացվեն մարզկենտրոնի ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված մի շարք ծրագրերի իրականացման, այդ թվում՝ փողոցների, կամուրջների, այգիների բարեկարգման համար: Բացի այդ, արդեն իսկ կան հետաքրքրված ներդրողներ, ովքեր պատրաստ են ճոպանուղու գործարկմանը զուգահեռ կառուցել հյուրանոցներ, սպասարկման այլ օբյեկտներ: Այնպես որ, նպատակը ոչ միայն ճոպանուղու գործարկումն է, այլև դրան զուգահեռ ողջ քաղաքի զարգացումը,-ասաց մարզի ղեկավարը:
Ա. Ղուկասյանը հյուրին ներկայացրեց նաև մարզկենտրոնի զարգացման հնարավորությունները.
-Իմ նպատակն է, որ Վանաձոր ասելով՝ մարդիկ հասկանան հանգիստ, մաքրություն, տրամադրող միջավայր: Վստահ եմ, որ այս ծրագիրը շատ կարճ ժամանակամիջոցում կկարողանանք կյանքի կոչել՝ արդարացնելով վանաձորցիների հույսերն ու սպասելիքները,-ասաց մարզպետը:
Նա Փիթեր Բենսոնին տրամադրեց անհրաժեշտ ողջ տեղեկատվությունը՝ պատրաստակամություն հայտնելով կազմակերպության հետ աշխատելու նաև հընթացս: