Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Լոռու մարզպետ.«Մենք պատրաստ ենք իրականացվող ծրագրերում հանդես գալու որպես համաներդրողներ». Անդրեյ Ղուկասյանն ընդունեց «Հույս Հայաստանի համար» կազմակերպության ներկայացուցիչներին
04.03.2020
Մարտի 4-ին մարզպետ Անդրեյ Ղուկասյանն ընդունեց «Հույս Հայաստանի համար» կազմակերպության նախագահ Սերժ Կուրկջյանին և ներկայացուցիչ Ժելբերտ Լևոնյանին: Նրանց ուղեկցում էր «Սպիտակի ֆերմեր» կազմակերպության գործադիր տնօրեն Սարգիս Մարկոսյանը: Հանդիպմանը ներկա էր մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը:
Շնորհակալություն հայտնելով հյուրընկալության համար՝ հյուրերը ներկայացրեցին կազմակերպության կողմից արդեն 30 տարի Հայաստանում ու առավելապես Լոռու մազում իրականացվող թվով 12 ծրագրերը, որոնք շարունակական բնույթ են կրում: Մասնավորապես՝ երեխաների հովանավորություն, ամառային բակային ճամբարների կազմակերպում, նվերներ երեխաներին, Սպիտակում և Վանաձորում գործող անվճար ատամնաբուժական կլինիկաներ, բարեգործական ճաշարան Ստեփանավանում, ֆրանսերենի անվճար դասընթացներ Սպիտակում, բարեգործական ծրագրեր նաև Շիրակամուտում և Արևաշողում, երիտասարդ երաժիշտների հովանավորում և այլն: «Հույս Հայաստանին» կազմակերպությունը հատկապես, սերտորեն համագործակցում է Սպիտակի թիվ 2 դպրոցի հետ և այս կազմակերպության աջակցությամբ է, որ ավերիչ երկրաշարժից հետո կառուցվել է դպրոցի շենքը, հետագա տարիներին ևս այստեղ վերանորոգման և բարեկարգման աշխատանքներ են իրականացվել, կառուցվել է մարզահրապարակ, դպրոցի աշակերտների համար կազմակերպվել են ամառային ճամբարներ և այլն: Այժմ էլ, ինչպես նշվեց, նախաձեռնություն կա կրկին վերանորոգման աշխատանքներ իրականացնելու դպրոցում, հատակը նորոգելու, տեղադրելու արևային կայան և այլն: Այս նպատակն իրականացնելու համար այժմ միջոցներ են փորձում հայթայթել:
-Իմ խորին երախտագիտությունը հայտնելով ձեզ՝ Լոռու մարզի համար նման կարևոր ծրագրեր իրականացնելու համար, այնուամենայնիվ ուզում եմ նշել, որ մենք չենք ցանկանում միայն խնդրողի դերում հանդես գալ: Աջակցության կարիք, բնականաբար, մարզը ունի, բայց մենք պատրաստ ենք իրականացվող ծրագրերում հանդես գալու որպես համաներդրողներ,-նշեց մարզպետը՝ պատրաստակամություն հայտնելով ամենայն աջակցություն ցուցաբերելու կազմակերպությանը:
Նա հանգամանորեն ներկայացրեց նաև Լոռու մարզում Ֆրանսիայի ՊԱԿԱ ռեգիոնի հետ համագործակցությամբ իրականացված և շարունակվող ծրագրերը:
Կարևորելով մարզի ղեկավարի նման դիրքորոշումը՝ կազմակերպության ներկայացուցիչները նշեցին, որ Լոռու մարզի համար այսուհետ ևս պատրաստ են անելու առավելագույնը:
-Հայաստանը սիրելի է մեզ համար, բայց մեր սիրտը Լոռիում է,-ասացին նրանք: