Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Անդրեյ Ղուկասյանը. «Պետությունը գտնվում է կայուն ֆինանսական վիճակում և հնարավորություն ունի տարեցտարի ավելացնելու առողջապահության ոլորտին հատկացվելիք միջոցները, ինչը և արվում է». Վանաձորի ԲԿ
28.02.2020
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի և Լոռու մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության նախաձեռնությամբ շարունակվում են մարզային ենթակայության բուժհիմնարկների տնօրենների հաշվետվությունները և այսօր 2019թ. աշխատանքային հաշվետվությամբ հանդես եկավ Վանաձորի բժշկական կենտրոնի տնօրեն Վահագն Մկրտչյանը:
Ներկա էին մարզի ղեկավարը, մարզպետարանի գլխավոր քարտուղար Արթուր Մխիթարյանը, առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի պաշտոնակատար Լուսինե Վարդանյանը:
Ներկայացնելով նախաձեռնության նպատակը՝ Արթուր Մխիթարյանը նշեց, որ այս գործելաոճը աշխատանքներն առավել թափանցիկ և հաշվետվողական դարձնելու միտում ունի:
Ներկայացնելով նախորդ տարվա ընթացքում կատարված աշխատանքները և 2018թ. հետ համեմատական ցուցանիշները՝ տնօրենը նշեց, որ 2019թ.-ի հունվարի 1-ի հետ համեմատությամբ 2020թ. հունվարի 1-ի տվյալներով բուժհաստատության պարտքը շուրջ 137մլն 453 հազար դրամից հասցվել է 69 մլն 841 հազարի, այսինքն՝ մարվել է 67 մլն 611 հազար 600 դրամ պարտք: Նույն ժամանակահատվածում վճարովի ծառայությունների մուտքերն աճել են 406 մլն 947 հազար դրամով` կազմելով 712 մլն 994 հազար դրամ: Աշխատակիցների թիվը հաշվետու ժամանակահատվածում աճել է 37-ով: Ընդունվել է 21 տոկոսով ավելի հիվանդ, պետպատվերի կատարողականը աճել է 65 տոկոսով կամ ավելի քան 527 մլն դրամով:
Ըստ տնօրենի, ընկերության բյուջեն 2019թ.-ի տարեսկզբին կազմել է 1 մլրդ 88 մլն 108.2 հազար դրամ, իսկ տարեվերջին՝ 1մլրդ 524 մլն 300.8 հազար դրամ: Տարվա ընթացքում բազային ծավալը վերանայվել է 6 անգամ: Կատարվել է նաև աշխատավարձերի բարձրացում 10-15 տոկոսով, և սա շարունակական բնույթ է կրելու: Այս առումով, ըստ տնօրենի, կիրառվում է նաև խրախուսման մեխանիզմը: Նախորդ տարվա ընթացքում ներդրվել են հետևյալ նոր ծառայությունները՝ ինվազիվ սրտաբանություն, կանանց կոնսուլտացիա, վիրահատական բուժում ուռուցքաբանական ծառայությունում, դժվարամատչելի հետազոտություններ: Սեփական միջոցներով ձեռք են բերվել մի շարք անհրաժեշտ սարքավորումներ, գույք, եղել են նաև նվիրատվություններ:
Դրական գնահատելով կատարված աշխատանքը՝ մարզի ղեկավարը փաստեց, որ արդյունքներն աննախադեպ են.
-Ներկայացված արդյունքները, բնականաբար, մի շարք պատճառներ ու հիմնավորումներ ունեն. ստվերային դրամաշրջանառության դեմ պայքարը, մարդկանց վստահության բարձրացումը, նոր շենքային պայմանները, նոր ծառայությունների ներդրումն ու նաև բարձրորակ մասնագետների ներգրավումը: Այսուհանդերձ, ամենակարևոր դերակատարությունն այս հարցում այն է, որ պետությունը գտնվում է կայուն ֆինանսական վիճակում և հնարավորություն ունի տարեցտարի ավելացնելու առողջապահության ոլորտին հատկացվելիք միջոցները, ինչը և արվում է,-ասաց մարզպետը հատկապես ընդգծելով, որ պետպատվերով ծառայությունները վճարվում են ողջ ծավալով, ինչը նախկինում հազվադեպ երևույթ է եղել:
-Ոլորտը և մասնավորապես Վանաձորի բժշկական կենտրոնի գործունեությունը գտնվում է իմ ամենօրյա ուշադրության կենտրոնում: Այնուամենայնիվ, ես ավելին եմ ակնկալում: Մեր նպատակը ոչ թե ստվերային դրամաշրջանառությունը նվազեցնելն է, այլ իսպառ բացառելը: Բուժաշխատողի արժանապատվությունը պետք է միշտ բարձր լինի, պետք է վեր կանգնել նման ճղճիմ երևույթներից: Նրանք ովքեր պատրաստ չեն այս մոտեցմամբ աշխատել, մեզ հետ չեն կարող համաքայլ լինել: Մեր նպատակն է նաև, որ Վանաձոր բժշկական կենտրոնը տարածաշրջանում դառնա ամենապահանջված բուժհաստատությունը՝ եզակի բուժծառայություններով և մասնագետներով, դրա համար նաև ցանկացած գեներացված միջոց պետք է ուղղորդվի նոր սարքավորումների, տեխնիկայի ձեռքբերմանը,-ասաց Ա. Ղուկասյանը: Նա իր խոսքում կարևորեց նաև հիվանդների նկատմամբ պատշաճ վերաբերմունքի դրսևորման անհրաժեշտությունն՝ անկախ ստեղծված իրավիճակներից:
Մարզպետը հորդորեց շարունակել հետևողական աշխատանքները նոր մասնագետ կադրերի ներգրավման ուղղությամբ:
Նա պատասխանեց նաև բուժաշխատողների հարցերին: