Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Պարգևատրվեցին հաղթող թիմերը. մարզի ղեկավարը ծանոթացավ նաև Վանաձորի թիվ 6 դպրոցի առաջնահերթ խնդիրներին

26.02.2020

 Վանաձորի թիվ 6 հիմնական դպրոցի նախաձեռնությամբ և Լոռու մարզպետարանի՝ ի դեմս մարզպետ Անդրեյ Ղուկասյանի, աջակցությամբ փետրվարի 24-26-ն անցկացվեց Լոռու մարզի հիմնական դպրոցների եռօրյա բասկետբոլի առաջնություն՝ նվիրված Հայոց բանակի օրվան և զոհված զինծառայողների ու մասնավորապես՝ թիվ 6 դպրոցի սան հանդիսացող հերոսների՝ Սպարտակ Քալաշյանի, Գարիկ Պողոսյանի և Մովսես Խուդինյանի հիշատակին:
Առաջնությանը մասնակցում էին 12 թիմեր Վանաձորի, Ալավերդու և Տաշիրի դպրոցներից:
Այսօր առաջնության փակման արարողությանը ներկա գտնվեց և մասնակից ու հաղթող թիմերին ողջունեց մարզպետ Անդրեյ Ղուկասյանը: Նրան ուղեկցում էին նաև մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պաշտոնակատար Ռաֆայել Հարությունյանը, մշակույթի և սպորտի բաժնի պետ Արամ Ռևազյանը:
Մինչ մրցանակաբաշխությունը մարզի ղեկավարը հանդիպում ունեցավ զոհված զինծառայողների ծնողների և հարազատների հետ: Իր խոնարհումը հայտնելով հերոսների հիշատակին՝ մարզպետը նշեց, որ պատրաստակամ է ցանկացած հնարավոր և անհնարին հարցում, իր ուժերի ներածին չափով աջակից լինելու նրանց:
-Դուք հայրենիքին տվել եք ամենաթանկը: Ես գլուխ եմ խոնարհում ձեր առջև և վստահեցնում, որ միշտ ձեր կողքին եմ լինելու: Մենք մշտապես նմանատիպ միջոցառումներ ենք նախաձեռնելու, որպեսզի ձեր զավակների օրինակը ոգեշնչի մեր սերունդներին ավելի հայրենասեր ու քաջ լինելու, անսահման սիրով սիրելու հայրենիքը,-ասաց Ա. Ղուկասյանը:
Հաղթող թիմերին մրցանակներ հանձնելու պատիվն ընձեռվեց մարզի ղեկավարին, Ռաֆայել Հարությունյանին և Սպարտակ Քալաշյանի հորը՝ Սարգիս Քալաշյանին:
Եռօրյա համառ պայքարի արդյունքում առաջին պատվավոր մրցանակը շնորհվեց Վանաձորի թիվ 6, երկրորդը՝ Տաշիրի թիվ 2 և երրորդը՝ Վանաձորի թիվ 3 հիմնական դպրոցներին:
Շնորհավորելով վերջիններիս հաղթանակի և մյուս թիմերին ակտիվ մասնակցության համար՝ մարզպետը նշեց, որ նմանատիպ մարզական միջոցառումները նման ձևաչափով այսուհետ պարբերական բնույթ են կրելու:
Դպրոցի շնորհալի աշակերտները հյուրերին և մասնակից թիմերին ողջունեցին նաև գեղարվեստական կատարումներով:
Միջոցառման ավարտին մարզպետ Անդրեյ Ղուկասյանը և Ռաֆայել Հարությունյանը շրջեցին կրթօջախում՝ ծանոթանալով պայմաններին և առկա խնդիրներին: Ինչպես ներկայացրեց տնօրեն Նազելի Ասատրյանը և ականտես եղավ մարզի ղեկավարը, դպրոցն ունի կոսմետիկ նորոգման, հատակի, պատուհանների և դռների մի մասի նորացման և որ ամենակարևորն է՝ գույքի նորացման խնդիր:
Մարզպետը նաև զրուցեց աշակերտների հետ՝ հորդրելով նրանց լավ սովորել: Շրջայցից հետո Անդրեյ Ղուկասյանը հանդիպեց դպրոցի ուսուցչական կազմի հետ՝ հետաքրքրվելով նրանց հուզող խնդիրներով:
Ուսուցիչները ևս առաջնահերթ կերպով կարևորեցին դպրոցի վերանորոգման և գույքով համալրման անհրաժեշտությունը:
-ՀՀ վարչապետի հանձնարարությամբ ներկա փուլում գույքագրում ենք մարզային ենթակայության բոլոր դպրոցների խնդիրները, այնուհետև կկատարվեն նախագծանախահաշվային աշխատանքներ, որոնք կներկայացվեն ՀՀ կառավարությանը: Վստահեցնում եմ ձեզ, շատ կարճ ժամանակ այլևս նման խնդիրներից չենք խոսելու, այլ բացառապես քննարկեու ենք կրթության որակի բարձրացմանն ուղղված քայլերը: Մենք վճռական ենք այն հարցում, որ մեր երկրում, մեր մարզում վատ պայմաններում գործող կրթօջախներ չեն լինելու,-ասաց մազպետը: Նա կրկին ու կրկին հորդորեց լուրջ ուշադրություն դարձնել կրթության որակի վրա:
-Այս տարի Լոռու մարզի կրթության ոլորտին հատկացվել է 7 մլն դրամով ավելի գումար և այս գործընթացը, ինչպես նաև ուսուցիչների աշխատավարձերի բարձրացման գործընթացը շարունակական բնույթ է կրելու,-ասաց Ա. Ղուկասյանը: Նա նաև նշեց, որ իր նախաձեռնությամբ դպրոցների միջոցների վերբաշխման արդյունքում ևս նախորդ տարի շուրջ 80 մլն դրամի աշխատանքներ են իրականացվել այն կրթօջախներում, որտեղ դրա կարիքն առավելապես զգացվել է: Մարզպետի վստահեցմամբ, մինչ պետական աջակցությամբ բոլոր դպրոցների խնդիրների համալիր լուծումը՝ այս գործընթացը ևս կշարունակվի:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:54:09