Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«ԱՐԱՄԱԶԴ. ՍՄԱՐԹ». տեղեկատվական հանդիպում Լոռու մարզպետարանում

21.02.2020

 «Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ի «ԱՐԱՄԱԶԴ. ՍՄԱՐԹ» ծրագրի շրջանակներում հայտարարված միջոլորտային համագործակցության դրամաշնորհային ծրագրերի մրցույթի առաջին փուլի մասնակցության հետ կապված մանրամասների՝ գործընկերների հետ միջոլորտային գաղափարների, մրցույթին մասնակցության նախապայմանների և այլ հարցերի շուրջ քննարկման նպատակով, փետրվարի 20-ին Լոռու մարզպետարանում տեղի ունեցավ հանդիպում՝ մարզի միավորված և սահմանամերձ գյուղական համայնքների զարգացմանն աջակցող միջոլորտային դրամաշնորհի հայտեր ներկայացնող կողմերի մասնակցությամբ: Հանդիպմանը մասնակցում էին նաև «Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ի հետ համագործակցություն ծավալած քաղաքացիական հասարակության կազմակերպությունները, տեղական ինքնակառավարման մարմինները, փոքր և միջին ձեռնարկությունները:
Ներկաներին մարզի ղեկավարի և իր անունից ողջունեց մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը՝ կարևորելով նման համագործակցությունը և պատրաստակամություն հայտնելով աջակցություն ցուցաբերել ծրագրի հաջող իրականացման համար:
Հանդիպման ընթացքում «Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ի «ԱՐԱՄԱԶԴ. ՍՄԱՐԹ» ծրագրի ղեկավար Զառա Աղանյանը նշեց, որ այս հանդիպումը հետապնդում է տեղեկատվական նպատակ: Ըստ բանախոսի՝ միջոլորտային համագործակցության դրամաշնորհի նպատակն է` նպաստել գյուղական միավորված, այդ թվում` սահմանամերձ համայնքներում առկա համայնքային զարգացմանն ուղղված առաջնահերթ հիմնախնդիրների լուծմանը՝ ՔՀԿ-ՏԻՄ-ՓՄՁ միջոլորտային համագործակցության խթանման միջոցով: Ըստ ծրագրի պահանջների՝ համայնքային զարգացմանն ուղղված միջոլորտային դրամաշնորհային ծրագրերը պետք է նպաստեն միավորված գյուղական և սահմանամերձ համայնքներում սոցիալ-տնտեսական պայմանների բարելավմանը, սահմանամերձ գյուղական համայնքներում երիտասարդների արտահոսքի կանխարգելմանը, գյուղական համայնքներում մասնագիտական ուսուցման որակի բարձրացմանը, գյուղարտադրության խթանմանը և գյուղական տուրիզմի զարգացմանը, համայնքային ենթակառուցվածքների բարենորոգմանը, հզորացմանը, համայնքային ծառայությունների որակի բարելավմանը, գյուղական վայրերում փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացմանը, համայնքային առաջնային կարևորության հիմնախնդիրների լուծմանը և ՏԻՄ գործունեության բարելավմանը:
Ծրագրի ղեկավարը նաև ասաց, որ նպատակ ունեն տեղեկատվություն տրամադրել մրցույթի քայլերի վերաբերյալ, որպեսզի հայտատուներն ավելի պատկերավոր գաղափար ունենան հայտերի կազմման, դրանք մրցույթի ներկայացնելու ընթացքում:
-Մեր նպատակն է նաև հայտատուին տեղեկացնել համայնքներում նախատեսվող անտոկոս բիզնես փոխառության տրամադրման պայմաններին և հնարավորություններին: Սա բաց քննարկում է, որի ընթացքում մենք կարող ենք նաև գրանցել համայնքների զարգացմանն ուղղված խելացի և հետաքրքիր գաղափարներ ու առաջարկներ, որոնք հետագայում կֆինանսավորվեն և կյանքի կկոչվեն,- ասաց նա:
Ներկայացված միջոլորտային դրամաշնորհային ծրագրերը Լոռու մարզում նախատեսված է իրականացնել Գյուլագարակ, Լոռի բերդ, Մեծավան, Օձուն, Սարչապետ համայնքներում:
Ծրագրի արժեքը, ծրագրի ղեկավարի հավաստմամբ, կազմելու է 8-10 հազար եվրոյին համարժեք դրամ: Ներկայացված հայտերը կքննարկվեն կազմակերպության մասնագետ-փորձագետների կողմից: Հայտերի ներկայացման վերջնաժամկետը, ինչպես նշվեց հանդիպման ընթացքում, սահմանված է 2020 թվականի մարտի 2-ը:
Հանդիպման ավարտին մասնակից ՔՀԿ-ՏԻՄ-ՓՄՁ ներկայացուցիչները ստացան իրենց մտահոգող հարցերի պատասխանները:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-16 11:02:44