Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Համայնքներին առաջարկվում է ստեղծել կլիմայական քաղաքացիական շրջանառու ներդրումային հիմնադրամներ

21.02.2020

 Այսօր Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի հրավերով մարզպետարանում էին ՄԱԶԾ Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի Փոքր դրամաշնորհային ծրագրի ազգային համակարգող Հովհանես Ղազարյանը, ծրագրի այլ ներկայացուցիչներ, «Խազեր» էկոլոգիամշակութային հիմնադրամի ներկայացուցիչ Արամ Գաբրիելյանը, գործարարներ, Լոռու մարզի համայնքների ղեկավարներ:
Հանդիպմանը մասնակցում էին փոխմարզպետ Գայանե Մարկոսյանը, մարզպետարանի այլ պաշտոնյաներ:
Հանդիպման նպատակը նորարարական ֆինանսական նոր մեխանիզմի առաջարկումն էր Լոռու մարզի համայնքներին, որը կներդրվի որպես փորձարարական ծրագիր՝ օգնելով համայնքներին ունենալու շրջանառու միջոցներ առավել անկաշկանդ կերպով տարբեր ծրագրերի մասնակցություն ունենալու համար:
-Համայնքներին առաջարկվում է ստեղծել նորարարական ֆինանսական գործիք համայնքի մակարդակով՝ կլիմայական քաղաքացիական շրջանառու ներդրումային հիմնադրամ: Վերջինս պատկանում է տվյալ համայնքի բոլոր բնակիչներին և պայմանն այն է, որ ներդրվող միջոցները, որոնք կօգտագործվեն համայնքային էկոլոգիական խնդիրների լուծման համար, որոշ ժամանակ անց վերադարձվեն հիմնադրամին՝ շարունակական կարգով այժմ էլ արդեն այլ ծրագրեր իրականացնելու համար,-նշեցին հյուրերը:
Նախնական ներդրումը իրականացվելու է ՄԱԿ-ի կողմից, սակայն հետագայում, արդյունավետ գործելու դեպքում, հիմնադրամում ներդրումներ կարող են կատարել նաև անհատներ, համայնքը, տարբեր կազմակերպություններ:
Մարզի ղեկավարին առաջարկվեց նաև այն գաղափարը, որ, ստեղծելով հիմնադրամները, դրանք, որպես ներդումներ իրականացնող երրորդ ֆինանսական աղբյուր, կարող են ներգրավվել սուբվենցիոն ծրագրերի իրականացման ժամանակ, ինչն առավել կթեթևացնի համայնքների բեռը և խոշորածավալ ծրագրեր իրականացնելու հնարավորություն կընձեռի:
Ողջունելով հյուրերին և շնորհակալություն հայտնելով հրավերն ընդունելու համար՝ մարզպետը, կարևորություն տալով նախաձեռնությանը, նշեց, որ Լոռու մազպետարանը կանի ամեն հնարավորը, որպեսզի փորձարարական ծրագիրը հաջող ընթացք ստանա և ընդօրինակելի լինի:
-Սուբվենցիոն ծրագրերը տարեցտարի ավելի մեծ ծավալներ են ընդգրկում, և այս հիմնադրամների ստեղծումը կնպաստի, որպեսզի համայնքները էկոլոգիական ուղղվածության բազմաթիվ մեծ ծրագրեր կարողանան իրականացնել, ինչը սուղ ֆինանսական միջոցների դեպքում, հաճախ չեն կարողանում կյանքի կոչել: Ի դեպ, սուբվենցիոն ծրագրերի դեպքում պետություն-համայնք համատեղ ներդրումներից զատ, երրորդ ֆինանսական աղբյուրի ներգրավման դեպքում պետությունը նաև արտոնություններ է սահմանում, ինչը ևս շահագրգռող քայլ է,-ասաց մարզպետը:
Հանդիպման ավարտին համաձայնություն ձեռքբերվեց մեխանիզմներ մշակել կարճ ժամկետներում նախաձեռնությունը կյանքի կոչելու վերաբերյալ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-25 16:15:36