Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզի ղեկավարը ներկա գտնվեց Վանաձորի թիվ 1 համաբուժարանի տնօրենի հաշվետվությանը. ԱՆԴՐԵՅ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ ՆՇԵՑ, ՈՐ ՀԱՄԱԲՈՒԺԱՐԱՆԸ ԿՀԻՄՆԱՆՈՐՈԳՎԻ
19.02.2020
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի և Լոռու մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության նախաձեռնությամբ մեկնարկել են մարզային ենթակայության բուժհիմնարկների տնօրենների հաշվետվությունները: Փետրվարի 19-ին Վանաձորի թիվ 1 համաբուժարանի նորանշանակ տնօրենի՝ Վանիկ Օհանյանի հաշվետվությունը լսելու էին գնացել մարզի ղեկավարը, մարզպետարանի գլխավոր քարտուղար Արթուր Մխիթարյանը, առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի պաշտոնակատար Լուսինե Վարդանյանը:
Ներկայացնելով նախաձեռնության նպատակը՝ Արթուր Մխիթարյանը նշեց, որ այս գործելաոճը աշխատանքներն առավել թափանցիկ և հաշվետվողական դարձնելու միտում ունի, և կարևորն է նաև, որ նշվեն ոչ միայն ձեռբերումներն, այլև բացթողումներն ու խնդիրները՝ դրանք շտկելու հաստատակամությամբ:
Հանդես գալով պաշտոնավարման կարճ ժամանակահատվածում՝ 4 ամսվա ընթացքում, կատարված աշխատանքների հաշվետվությամբ տնօրենը նշեց, որ զգալի աշխատանք է կատարվել կոլեկտիվում, ինչպես նաև հիվանդների նկատմամբ ջերմ մթնոլորտ ձևավորելու ուղղությամբ: Նա նաև նշեց, որ տեսանելի չափով ավելացել է վճարովի ծառայություններից ստացված շահույթը:
Ամփոփելով հաշվետվությունը՝ մարզի ղեկավարն անդրադարձավ բուժհիմնարկի կոլեկտիվին, ու նաև համաբուժարանի ծառայություններից օգտվող քաղաքացիներին մտահոգող կարևոր հարցերից մեկին՝ շենքային պայմանների բարելավմանը: Նա նշեց, որ նախատեսվում է հիմնանորոգել և բարվոք պայմաններ ստեղծել համաբուժարանում, եթե ոչ այս, ապա հաջորդ տարի՝ անպայման: Նա կարևորեց նաև մատուցվող բուժծառայությունների որակի բարձրացման անհրաժեշտությունը՝ նշելով, որ դա հնարավոր է անել միայն բարձրորակ ու ժամանակակից տեխնիկական միջոցների, բժշկական սարքավորումների,պարագաների, շնորհիվ:
-Իմ նպատակն է նաև, որ բարձրանա վստահությունը համաբուժարանների նկատմամբ և մարդիկ յուրաքանչյուր խնդրի դեպքում չշտապեն հիվանդանոցներ: Ցանկալի է նաև, որ յուրաքանչյուր բուժհիմնարկ ունենա եզակի այնպիսի բուժծառայություններ ու մասնագետներ, որոնք կբերեն մարդկային մեծ հոսք նաև հարևան համայնքներից ու մարզերից,-ասաց մարզպետը: Ինչ վերաբերում է վճարովի ծառայություններից ստացված շահույթի աճին, մարզպետը նշեց, որ դրա պատճառը ոչ միայն ստվերային դրամաշրջանառության կրճատումն է, այլև մարդկանց վստահության բարձրացումը :
Անդրեյ Ղուկասյանը պատասխանեց նաև բուժաշխատողների հարցերին: