Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզի ղեկավարի առաջարկությամբ կմշակվի մարզկենտրոնի նախկին ճոպանուղու և Սայաթ Նովայի անվան զբոսայգու տարածքի զարգացմանն ուղղված բիզնես կոնցեպտ և ծրագիր
14.02.2020
Մարզի ղեկավարի կողմից Վանաձորի զարգացմանն ուղղված հետևողական քայլերը շարունակվում են, և այսօր Անդրեյ Ղուկասյանի հրավերով Վանաձորում էին Գրանթ Թորնթոն(Grant Thornton) հայաստանյան կազմակերպության ներկայացուցիչները մարզկենտրոնի նախկին ճոպանուղու և Սայաթ Նովայի անվան զբոսայգու տարածքն ուսումնասիրելու, ապա նաև դրանց ուղղված բիզնես կոնցեպտ և ծրագիր մշակելու նպատակադրմամբ: Մարզի ղեկավարի հետ հյուրերը շրջեցին նշված տարածքներում՝ իրականացնելով նախնական ուսումնասիրություններ:
ՀՀ կառավարության հետ նախնական համաձայնությամբ արդեն պատրաստի ծրագրերը կներկայացվեն ՀՀ վարչապետին և կառավարությանը:
-Պետությունը պատրաստ է ստանձնելու ճոպանուղու և հարակից ենթակառուցվածքների, այգու պարագայում՝ տարածքի բարեկարգումը: Միաժամանակ արդեն իսկ կան գործարարներ, ովքեր պատրաստ են գումարներ ներդնելու սպասարկման ոլորտը զարգացնելու համար,-ասում է մարզի ղեկավարը:
Շրջայցի ընթացքում ընկերության ներկայացուցիչները նշեցին, որ Վանաձորն ունի մի շարք լուրջ առավելություններ անգամ Ծաղկաձորի և Դիլիջանի նկատմամբ, հետևաբար գաղափարի իրականացումը կնպաստի զբոսաշրջային լուրջ հոսքերի ներթափանցմանը: