Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հրանտ Մաթևոսյանի ծննդյան տարեդարձը՝ Երևանի՝ նրա անունը կրող դպրոցում
13.02.2020

Փետրվարի 12-ին՝ Հրանտ Մաթևոսյանի ծննդյան օրը, Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը հյուրընկալվել էր Երևանի՝ գրողի անունը կրող դպրոցում: Նրան ուղեկցում էր մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պաշտոնակատար Ռաֆայել Հարությունյանը:
Դպրոցի աշակերտները ուսուցչական կազմի գլխավորությամբ Հրանտ Մաթևոսյանի 85-ամյակին նվիրված գեղեցիկ միջոցառում էին նախապատրաստել: Դպրոցականներն այնքան պատկերավոր էին ներկայացնում սիրելի գրողին, որ Մաթևոսյանական շունչը տարածվել էր դպրոցի բոլոր անկյուններում:
Ինչպես իր խոսքում նշեց մարզի ղեկավարը, մեծ պատիվ էր հենց այս օրը Մաթևոսյան ընտանիքի հետ նրա անունը կրող դպրոցում անցկացնելը, ներկաների հետ միասին սիրելի գրողի անցած ուղին հիշելն ու վերապրելը: Հանդիպման ավարտին Անդրեյ Ղուկասյանը ներկաներին հրավիրեց Լոռի՝ Հրանտ Մաթևոսյանի ոգեշնչման աղբյուր հանդիսացող Ահնիձորում՝ նրա ծննդավայրի համն ու հոտը զգալու: