Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզի ղեկավարի հանձնարարությամբ առաջնահերթ կերպով համակողմանի աջակցություն կցուցաբերվի այն անձանց, ովքեր ցանկություն կունենան սպանդանոցներ կառուցել

07.02.2020

Փետրվարի 6-ին մարզպետ Անդրեյ Ղուկասյանի նախաձեռնությամբ քննարկում էր կազմակերպվել Լոռու մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաների և Սննդի անվտանգության պետական տեսչության Լոռու մարզային մասնաճյուղի տնօրեն Կամո Սողոյանի մասնակցությամբ: Հանդիպման օպերատիվ առիթը ՀՀ կառավարության կողմից պարտադիր սպանդանոցային մորթի կիրառման գործընթացը մինչև հուլիսի 1-ը հետաձգելու հետ կապված համապատասխան գործողությունների իրականացումն էր:
-Կառավարության նիստում գործադիրը լրացումներ է կատարել 2018 թ. հուլիսի 19-ի «ՀՀ-ում ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին» որոշման մեջ՝ հանրապետությունում պարտադիր սպանդանոցային մորթի անցումը կազմակերպելու համար: Սպանդանոցային ցանցն ընդլայնելու նպատակով նախատեսվում է պետական օժանդակություն տրամադրել տնտեսվարողներին: Ըստ այդմ՝ լրացումների արդյունքում կավելանա ծրագրից օգտվող սպանդանոցային ծառայություններ մատուցող շահառուների քանակը,-նշեց մարզի ղեկավարը՝ հանձնարարելով առաջնահերթ կերպով համակողմանի աջակցություն ցուցաբերել այն անձանց, ովքեր ցանկություն կունենան սպանդանոցներ կառուցել:
Ինչպես հայտնի է, նախատեսվում է երեք տիպի գործունեության ֆինանսավորում՝ շարժական սպանդանոցների, մոդուլային սպանդանոցների կառուցման, ինչպես նաև սպանդանոցային ծառայություն մատուցողի կողմից ձեռք բերվող մսի տեղափոխման տրանսպորտային միջոցների:
-Հուլիսի 1-ի դրությամբ այս հարցի հետ կապված մարզում այլևս որևէ խնդիր չպետք է ունենանք: Մարզում սահմանված ժամկետում պետք է կառուցված լինեն բավարար թվով սպանդանոցներ՝ ըստ տարածշրջանների, որպեսզի բնակչության կողմից դժգոհություններ չառաջանան,-ասաց նա:
Մարզի ղեկավարի կողմից հստակեցվեցին գործընթացի մեկնարկի պահից սկսված հետագա բոլոր գործողությունները, որոնք պետք է իրականացնի տնտեսվարողը սպանդանոցի կառուցման ցանկություն ունենալու դեպքում և տրվեցին համապատասխան ցուցումներ դրանք առավելագույն արագությամբ իրականացնելու անհրաժեշտության վերաբերյալ: Կարևորվեց կառուցվելիք սպանդանոցների կողմից անասնագլխաքանակ և մսեղիք տեղափոխող մեքենաների ձեռքբերումը ևս: Մարզպետը ընդգծեց նաև տնտեսվարողներին մեծ, միջին և փոքր սպանդանոցների տիպային նախագծերի տրամադրման անհրաժեշտությունը:
Հաջորդ կարևոր քայլը, որին անդրադարձավ մարզի ղեկավարը, սպանդանոցային մորթին անցնելուց հետո մսի կետերի և խանութների նկատմամբ պարբերական վերահսկողության իրականացումն է, որպեսզի իրականացված գործընթացն ինքնանպատակ չդառնա:
Ա. Ղուկասյանին ներկայացվեց մարզի սպանդանոցների տեղակայման նախընտրելի քարտեզը, նշվեց, որ ներկա պահին մարզում գործում է երկու սպանդանոց՝ Օձունում և Դարպասում:
Առավել իրատեսական քննարկում կազմակերպելու և տնտեսվարողներին ու ֆերմերներին անհրաժեշտ խորհրդատվություն տրամադրելու նպատակով մարզի ղեկավարի հանձնարարությամբ համապատասխան մասնագետների մասնակցությամբ փետրվարի 13-ին, ժամը 15.00-ին Լոռու մարզպետարանում կանցկացվի քննարկում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2020-02-28 16:33:43